"ՀԱՅԵՐԸ ՀԻՍԹԵՐԻԱ ԱՆՈՂ ՉԵՆ` Ո՛Չ ՌԴ-Ի, Ո՛Չ ԱՄՆ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ"
Գյումրիի դեպքերից հետո Հայաստանում Արեւմուտքից սնվող ուժերը փորձում են ստեղծել հակառուսական տրամադրություններ` այս անգամ կենցաղային կամ անձական հանցագործությունների միջոցով: Մասնավորապես` օրեր առաջ հայրը սպանել է որդուն, իսկ հետո ոստիկանությունում ստահոդ հայտարարություն տվել, թե իբր որդուն տեսել է ազգությամբ ռուս մի քանի երիտասարդների հետ: Իսկ վերջերս էլ լուրեր էին տարածվել, թե ռազմաբազայից վեց ռուս զինվոր դիմել է փախուստի:
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՉԻ ՀԱՆԻ
Եթե արեւմտամետ գրանտակերներին հաջողվի հակառուսական մեծ հիսթերիա բարձրացնել Հայաստանում, արդյո՞ք Ռուսաստանը չի հանի իր ռազմաբազան Հայաստանից ու տեղափոխի Ադրբեջան` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԽԽՎ-ում հունվարի 28-ին ՌԴ-ին ձայնից զրկելու մասին բանաձեւին դեմ է քվեարկել Ադրբեջանը եւ այս կերպ իր աջակցությունը հայտնել Ռուսաստանին:
"Իրավունքի" հետ զրույցում "Ժառանգություն" կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ ասաց, թե չի կարծում, որ ՌԴ-ն ռազմաբազան Հայաստանից կհանի. "Հայաստանն ու Ադրբեջանը ռազմավարական տարբեր տարածքներ են: Հայաստանը խաչմերուկ է: Կարծում եմ` ՌԴ-ն շատ է շահագրգռված Հայաստանով, քանի որ կորցնելով մեզ` նա կորցնում է ոչ միայն Անդրկովկասի, այլեւ Միջին Արեւելքի նկատմամբ վերահսկողությունը": Ինչ վերաբերում է հակառուսական հիսթերիային, ապա ըստ Մարտիրոսյանի, հայերը հիսթերիա անող չեն, ոչ ՌԴ-ի ոչ էլ, օրինակ, ԱՄՆ-ի նկատմամբ: "Այլ հարց է, որ ռուս մեր գործընկերների պահվածքը, ցավոք սրտի, գործընկերային չէ: ՌԴ-ի հետ հարաբերությունները այլ հարթության վրա են, անձնական հարաբերությունները` այլ": Համաձայն չե՞ք, որ Հայաստանում կան արեւմտյան գրանտներով սնվող եւ ամեն կերպ հակառուսական հիսթերիա տարածողներ` հարցին Ա. Մարտիրոսյանը պատասխանեց, որ` ոչ, քանի որ. "Եթե էդպես է, կարող եմ ասել, որ Հայաստանում կան որոշ ուժեր, որոնք սնվում են ՌԴ-ից եւ ռուսամոլ կոչերով են հանդես գալիս: Չեմ կարծում, որ դավադրության գործընթաց կա Հայաստանում":
"ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՌՆՊԱՀ ՔՎԵԱՐԿԵԼԸ ԳՅՈՒՄՐԻԻ ԴԵՊՔԵՐԻ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ"
ԵԽԽՎ-ն չվերականգնեց ՌԴ պատվիրակության ձայնի իրավունքը: Զարմանալի է, սակայն հայկական կողմը հակառուսական բանաձեւին ձեռնպահ է քվեարկել, այլ ոչ թե դեմ: "Ժառանգության" փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքով` հայկական կողմի` ԵԽԽՎ-ում չորեքշաբթի օրվա քվեարկությունը Գյումրիի դեպքերի հետ կապ չունի: "Ձեռնպահ քվեարկելը այլ խնդիր է, քան դրանք կապված են հայ-ռուսական հարաբերությունների հետ: Կարող է եղել են կուլիսային քննարկումներ",- ասաց Արմեն Մարտիրոսյանը: