"ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԴՐՍԻՑ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ ՃԵՂՔ ԲԱՑԵԼ, ՎՍՏԱՀԱԲԱՐ ՉԻ ՀԱՋՈՂՎԻ"
Օրերս "Հիմնադիր խորհրդարան" քաղաքացիական նախաձեռնության "ջրերն ընկած" ՀՅԴ Լոռու մարզի Սպիտակի կոմիտեի 24 ներկայացուցիչ հայտարարություն էին տարածել, թե խոր ափսոսանքով փաստում են, որ ՀՅԴ-ն ամբողջությամբ շեղվել է իր առաքելությունից եւ վերածվել ապազգային ու անգործունակ կառույցի: Ապա նշել. "Հայտարարում ենք այդ կուսակցությանը մեր անդամությունը դադարեցնելու մասին եւ միանում ենք ազգային-ազատագրական շարժման դրոշ պարզած Հիմնադիր խորհրդարանին": 24 ՀՅԴ-ականների նման պահվածքի մասին, "Իրավունքը" զրուցեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ: -Բացարձակ աբսուրդի կեցվածք է, որն իրականության հետ որեւէ առնչություն չունի, արդեն մեր ընկերները` պատասխանատուները, անդրադարձել են այդ հարցին:
Ավելացնելու ոչինչ չկա այդտեղ, առավել եւս, որ սուտն ու կեղծիքը չի կարող ուղղակի հետեւողական մեկնաբանման անհրաժեշտություն դառնալ: Իսկ ստի ոտքը կարճ է, ինչպես այս դեպքում: - Պարոն Մինասյան, ամեն դեպքում սրա հետեւում կանգնած ինչ-որ ուժեր տեսնո՞ւմ եք, թե՞ սա պարզապես ներկուսակցական կոնֆլիկտ է: - Որեւէ ներկուսակցական կոնֆլիկտի մասին խոսք չի կարող լինել: Դաշնակցությունը, առավել եւս դաշնակցականը շատ լավ գիտի կուսակցության ներսում իր անհամաձայնությունը արտահայտելու մեխանիզմները, ձեւերը: Որ որեւէ դեպքում որեւէ առանձին կառույց նման հայտարարություն անի, Դաշնակցության կանոնագրքից չի բխում: Հետեւաբար, խոսել կուսակցության ներսում կոնֆլիկտի մասին ոչ միայն տեղին չէ, այլ ընդհանրապես որեւէ տրամաբանական հիմք չունի: Իսկ ինչ վերաբերում է այլ մարդկանց մղումներով փորձել Դաշնակցության մեջ խլրտում գցել, դա էլ չի հաջողվի, որովհետեւ Դաշնակցությունը հենց հայտնի է իր կազմակերպական հզոր կառուցվածքով եւ տրամաբանական համակարգով: Այնպես որ, բոլոր նրանք, ովքեր փորձում են դրսից Դաշնակցության ներսում ճեղք բացել, վստահաբար չի հաջողվի: - Գուցե որոշ ուժերի դուր չի գալիս այն, որ ՀՅԴ-ն իշխանությունների հետ համակարծի՞ք է` սահմանադրական բարեփոխումների հարցում... - Որեւէ քաղաքական ուժի մենք չենք պաշտպանում, մենք պաշտպանում ենք մեր գաղափարները, մեր համոզումները, մեր մոտեցումները: Եվ գտնում ենք, որ սահմանադրական փոփոխություններով հնարավոր է ստեղծել իրավիճակ, որպեսզի Սահմանադրության երկրորդ անփոփոխելի հոդվածը` այն է` ժողովրդի կողմից ձեւավորել իշխանություն, սկսի գործել ու իրական կյանք դառնալ կամ, ինչպես կասեր պարոն Գագիկ Հարությունյանը, դառնա ապրող իրողություն: ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ