ԹՈՒՐՔԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ԿԻԲՈՐԳՆԵՐԸ` ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Արխիվ 12-16ԹՈՒՐՔԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ԿԻԲՈՐԳՆԵՐԸ` ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Մինչ մազութային սուլթանատի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը գլուխը դնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուսերին հոնգուր-հոնգուր լաց է լինում ադրբեջանական բանակի կերած փառավոր ծեծի կապակցությամբ, իսկ բռնապետ Իլհամ Ալիեւը Դավոսում խոսում է` իբր հայերը 2000 "խաղաղ թուրք" են սպանել, ադրբեջանական բանակը ստեղծել է մի իրավիճակ, որ ավելի շուտ անեկդոտ է հիշեցնում: Ասկյարները հաջողացրել են խփել իսրայելական արտադրության սեփական անօդաչու սարքը, սակայն հիմա փորձում են դա ներկայացնել` որպես հայկական անօդաչու սարքի ոչնչացում:
Իսկ սեփական հեռուստադիտողներին էլ դեմ են տվել Ուկրաինայում նկարահանված կադրեր...
ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԹՈՒՐՔԻ
ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Բնական է, որ գլոբալ աշխարհաքաղաքական հակամարտության պայմաններում նույն ամերիկացիները չեն կարող հանգստանալ, որ Հայաստանում Մայդան սարքելը չի ստացվում` ո՛չ աննախադեպ դիվերսիաների միջոցով, ո՛չ էլ Գյումրիի ճիվաղային ոճրագործության առիթով կրքեր շիկացնելով: Դիվերսիաների հարցը փակվեց մեր բանակի վճռական գործողություններով, որոնց հետեւեց նաեւ գլխավոր գերագույն հրամանատարի եւ պաշտպանության նախարարի հավաստիացումը, որ Հայաստանն իրեն իրավունք է վերապահում հասցնել կանխարգելիչ հարվածներ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ վերջապես հարկադրված եղան ընդունել ադրբեջանական կողմի մեղավորությունը եւ համապատասխան հորդորով դիմել Բաքվին:
Ջախջախվեց նաեւ ալիեւյան մարտավարությունը` մշտապես լարվածություն առաջացնել սահմանում, եւ սուլթանատի բնակչությունը սահմանագծից բազում լեշեր ստանալով, ուզած-չուզած կրկին վերհիշեց, թե ինչ բան է իսկական պատերազմը, եւ դա, մեղմ ասած, նրանց առանձնապես չի ոգեւորում: Հայաստանում խուճապ եւ հուսալքություն ստանալու փոխարեն` Ալիեւին առաջ մղող անդրօվկիանոսյան տերերը խուճապ եւ հուսալքություն ստացան Ադրբեջանում:
Ինչ վերաբերում է Գյումրիի ողբերգության վրա հուզումների ալիք բարձրացնելուն, ապա առաջին փորձը չստացվեց, սակայն անընդհատ արտադրվում են եւ տիրաժավորվում մեկը մյուսից ահասարսուռ կեղծ լուրեր, որոնց նպատակն է հակառուսական տրամադրությունների սերմանումը: Է՛լ Պերմյակովին իբր սատարող կեղծ էջեր ստեղծվեցին, է՛լ Վրաստանի ազերիների մոգոնած սուտը` իբր Աբխազիայում հարբած ռուս զինծառայողները մի ամբողջ հայկական գյուղ են թալանել, լայնորեն ու թուրքին բնորոշ տականքությամբ հայկական լրատվական դաշտով մեկ տարածեցին... Իսկ ավանդական դարձած մանթրաները` իբր էսօր-էգուց Ռուսաստանը կործանվելու է, շարունակվում են ու շարունակվում: Առավել եւս, որ փորձում են ԵԽԽՎ-ում Ռուսաստանին ձայնի իրավունքից զրկելը ներկայացնել որպես դարակազմիկ իրադարձություն, մինչդեռ ռուսները թքած ունեն դրա վրա: Նրանք ընդհանրապես որոշել են մինչեւ տարվա վերջ ԵԽԽՎ որեւէ աշխատանքների չմասնակցել, չի բացառվում, որ լքեն այդ անիմաստ կառույցը, իսկ բուն քվեարկության ընթացքում ռուս պատգամավորների զգալի մասը այնպիսի անտարբերություն էին դրսեւորել ԵԽԽՎ-ի հանդեպ, որ անգամ քվեարկությամբ ձայնի իրավունքից զրկվելը տեղում նկատելու փոխարեն` իմացել էին ավելի ուշ: Անշուշտ, ավելի կոռեկտ կլիներ, որպեսզի մեր պատվիրակությունը ոչ թե ձեռնպահ, այլ դեմ քվեարկեր, սակայն այսպես էլ վատ չէ` մենք այն երկրների ցանկում ենք, ովքեր չեն աջակցել հակառուսական բանաձեւն ընդունելուն:
Եվ ինչպե՞ս են իրենց պահում մեր ընդդիմադիրներն ու այլընտրանքայինները: ՀԱԿ-ի ու "Ժառանգության" ծպտունն ընդհանրապես չի լսվում, ԲՀԿ-ն էլ հրապարակավ ոչինչ չասելով զբաղված է, այսպես կոչված, "համաժողովրդական շարժման" կառույցները բավականին ակտիվ եւ ագրեսիվ համալրելով: Դե, հասկանալի է, թե ինչու այդ համալրումն արագ է ստացվում` այդ օլիգարխիկ կուսակցոթյան առատաձեռնության շնորհիվ "համաժողովրդական շարժման" ակտիվիստ լինելը դարձել է ֆինանսապես բավականին ձեռնտու:
Պարզ է, որ բոլորը սպասում են, թե ինչպիսի շարունակություն (իսկ միգուցե մոտալուտ հանգուցալուծում) կստանա ռուսների եւ ամերիկացիների ահարկու հակամարտությունը: Սպասողների մեջ էլ առավելագույնս "շուստրի" ուզում է լինել հենց ԲՀԿ-ն: Հիշենք թեկուզ ԵՏՄ-ի խորհրդարանական քվեարկությունները` դիրքորոշում չհայտնեցին, ԲՀԿ-ական պատգամավորների մի մասը կողմ քվեարկեցին, մի մասը թռան: Հիմա էլ ԲՀԿ-ն ունի գրեթե հավասարազոր "ռուսամետ" եւ "արեւմտամետ" թեւեր, նաեւ` Ռոբերտ Քոչարյանի շահերը սպասարկող թեւ: Այսինքն, ծայրահեղ անսկզբունքայնությունը սկզբունք դարձրած այդ կուսակցությունը ձգտում է պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացմանը եւ ըստ դրա էլ կողմնորոշվել: Չէ, Մարի Յովանովիչը, երբ ՕԵԿ-ին բնութագրում էր որպես մեծագույն քաղաքական քամելեոն, որը վաճառվում է առավելագույն հնարավոր գնով, փոքր-ինչ սխալվել էր, սակայն դա ներելի է` ԲՀԿ-ի խաղերը սկսվելու պահին նա այլեւս դեսպան չէր:
Իսկ ինչ վերաբերում է մաքուր "նարնջագույն" ուժերին եւ կառույցներին, ապա սպասողական վիճակում լինելով հանդերձ, նախապատրաստություն տեսնում են: Ապրիլի 24-ին մեծ խառնակչություն իրականացնելու պատրաստվող "Հիմնադիր խորհրդարան" կոչեցյալը այնպես է շտապում աջակցող հայտարարություններ հավաքել, որ նույնիսկ մարդկանց անունից իրենց կամքը չհարցնելով` դնում-ստորագրում է: Նման սկանդալներ պայթեցին, օրինակ, Սպիտակի եւ Արցախի դաշնակների անունից աջակցող թղթեր ունենալու փորձերի ժամանակ: Բայց, քանզի "նարնջագույնների" համար քաղաքականությունը ոչնչով չի տարբերվում աշխարհիս հնագույն մասնագիտությունից եւ նպատակն արդարացնում է ցանկացած միջոց, ապա կեղծիքն էլ ի՞նչ է, որ չանեն: Հասցրել են նույնիսկ մոգոնել մի տեսություն, իբր հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերը կանխավ ծրագրվում են Ալիեւի ու Սարգսյանի փոխադարձ համաձայնությամբ, երբ նրանցից որեւէ մեկին պահանջվում է երկրի ներսում ինչ-որ խնդիր լուծել: Եվ այդպիսի այլանդակությունները տարածում են ոչ թե հոգեբուժարանի կադրերը, այլ` մարդիկ (եթե սրանց կարելի է մարդ կոչել), ովքեր իրենց էությամբ վերջնական տականք են, պարզապես հայկական ազգանուններ ունեցող հայախոս թուրք են: Չէ, բոլոր դեպքերում ժամ առ ժամ հասունանում է պետական հարկադրանքի միջոցով դրանց հարցը լուծելու հրամայականը...
Սակայն վերադառնանք Գյումրվա հարցին: Հունվարի 15-ի անկարգությունների կազմակերպման հարցում նշանակալի ներդրում ունեցած Լեւոն Բարսեղյանն այժմ հայտարարում է, թե առավելագույնը 27 օր է մնացել մինչեւ "հակազդեցությունը", եւ ոչինչ չի անցնի գնա: Հետաքրքիր է, կոնկրետ ի՞նչ ամսաթվի եւ ի՞նչ գործողությունների մասին են նրա ականջին բան շշնջացել տիկնիկավարները: Իսկ այժմ Լ. Բարսեղյանին հերոսացնել փորձողներին ընդամենը հիշեցնենք` հենց նա էր ժամանակին "Ասպարեզ" ակումբի տարածքում փորձում տեղ տրամադրել Գեորգի Վանյանին` ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու համար: Կարծում եմ, գյումրեցիները չեն մոռացել, թե ինչպես աքացիներով վռնդել էին նույն Վանյանին` իր թիմով հանդերձ:
100-ԱՄՅԱԿԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՄԵՆ ԻՆՉ ՀՍՏԱԿՈՒԹՅՈՒՆ Է
ՍՏԱՆՈՒՄ
Մինչ ներսի որոշ ուժեր պատրաստվում են հարամել ապրիլի 24-ը` անհարիր գործողություններով, որոնք ձեռնտու են միայն թուրքին, եւ որոնց մասսովկան ըստ Ալեքսանդր Ամարյանի` հիմնականում կազմված է լինելու աղանդավորներից, նույն ապրիլի 24-ը ավելի ու ավելի հստակ լակմուսի թուղթ է դառնում արտաքին աշխարհի պարագայում: Ով այդ օրը կգա Հայաստան, իսկ ով կմեկնի Թուրքիա, ով ինչպես իրեն կդրսեւորի` այդ ամենը լինելու է շատ պերճախոս:
Եվ, ի դեպ, երեկ արդեն հրապարակվեցին մեր անելիքների հիմնադրույթները, եւ հրապարակվեցին հանրապետության նախագահի մակարդակով:
Սերժ Սարգսյանն անդրադարձ կատարեց եւ Եվրադատարանում քննվող թուրք ազգայնականի հայցին: Նրա կարծիքով` Եվրադատարանն ընդհանրապես այն մարմինը չէ, որը պետք է հաստատի կամ ժխտի Ցեղասպանության իրողությունը. "Մենք, լինելով Ցեղասպանություն վերապրած ժողովուրդ ներկայացնող պետություն, նման խնդրանքով չենք դիմել դատարան: Չենք էլ համարում, որ այդ հարցին տրվելիք ակնհայտ պատասխանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ընդդատության ոլորտի ներքո գտնվող խնդիր է: Մեզ հայտնի է, որ թուրքական քարոզչամեքենան պատրաստ է թյուր մեկնաբանություններով` որպես մեծ հաղթանակ, ներկայացնել այդ գործով ցանկացած վճիռ: Նրանք նույնիսկ չեն խորշել նիստին մասնակցելու համար բանտից ազատել կամ թույլատրել երկրից դուրս գալ իրենց իսկ դատարանների կողմից ազատազրկված Փերինչեքին: Այն նույն բանտերից, որտեղ օրըստօրե ավելանում է այն մարդկանց քանակը, ովքեր փորձում են ազատորեն արտահայտվել":
ՀՀ նախագահը նաեւ հրապարակեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը, որը համապատասխան պետական հանձնաժողովի աշխատանքների միջանկյալ ամփոփումն է: Իսկ այժմ տեսնենք, թե ինչի վրա են արվում հռչակագրի շեշտարումները: Նախ` որպես ժամանակաշրջան ընտրված է 1894-1923թթ. հատվածը, այսինքն` ընդգրկված են ցեղասպանածին բոլոր թուրք վարչակարգերը: Չի մոռացվել եւ շուրջ 100 տարի առաջ ընդունված իրավական ակտերի մասին: Մասնավորապես` դատական. "համարելով նաեւ 1919-1921 թվականներին Օսմանյան ռազմական արտակարգ ատյանների կողմից "Իրավական եւ մարդկային օրենքների դեմ" այդ ծանր ոճրի ուղղությամբ կայացված դատավճիռները եղելության իրավական գնահատական":
Բավականին մեծ տեղ է տրվում եւ Սեւրի դաշնագրին. "Արժեւորելով 1915 թվականին միջազգային հանրության կողմից Անտանտի պետությունների մայիսի 24-ի համատեղ հռչակագրով հայ ժողովրդի դեմ իրականացված ծանրագույն հանցագործությունը պատմության մեջ առաջին անգամ որպես "մարդկության եւ քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն" որակումը եւ օսմանյան իշխանություններին պատասխանատվության կանչելու հանգամանքի շեշտադրումը, ինչպես նաեւ 1920 թվականի օգոստոսի 10-ի Սեւրի հաշտության պայմանագրի եւ 1920 թվականի նոյեմբերի 22-ի` ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի դերը եւ նշանակությունը Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հարցում":
Հռչակագրի կետերում ամենագործնականները, որոնք առավել քան հիմնարար նշանակություն ունեն, 2-րդ եւ 6-րդ կետերն են: Մեջբերենք դրանք. "2. Վերահաստատում է Հայաստանի եւ հայ ժողովրդի հանձնառությունը` շարունակելու միջազգային պայքարը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման եւ պատմական արդարության հաստատման համար": "6. Արտահայտում է Հայաստանի եւ հայ ժողովրդի միասնական կամքը` Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու եւ ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հարցում, ինչի համար մշակում է իրավական պահանջների թղթածրար` դիտելով այն անհատական, համայնքային եւ համազգային իրավունքների եւ օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ":
Դե ինչ, այժմ ապրում ենք մեր պատմության կարեւորագույն ժամանակահատվածը, երբ միաժամանակ առերեսվում ենք ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին բազում մարտահրավերների հետ: Եվ հարցերի հարցն է` կկարողանա՞նք կատարել մեծ ցատկ` 100 տարվա անդունդի վրայով: Պետք է կարողանանք, քանզի ուրիշ ելք չունենք, իսկ մեր պատմությունը վկայում է, որ ուրիշ ելք չունենալու հանգամանքներում մեր ազգի համար անլուծելի խնդիր չի լինում:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

