«ՄԵՐ ՏԱՆ ՇԵՄԻՆ ՇԱՆ ԾԵԾ ՉՏՎԵՑԻՆՔ ԹՇՆԱՄՈՒՆ»
Արխիվ 12-16«ՄԵՐ ՏԱՆ ՇԵՄԻՆ ՇԱՆ ԾԵԾ ՉՏՎԵՑԻՆՔ ԹՇՆԱՄՈՒՆ»
Անցյալ տարի մայիսին դրամատուրգ, բեմադրիչ ԼԻԱՆԱ ԱՆԹԱՌԱՆՅԱՆԸ բեմադրեց իր
իսկ հեղինակած «Վանա կատու» ներկայացումը, որտեղ հենց գլխավոր` Վանա կատվի դերում հանդես էր գալիս նրա ամուսինը, սիրված դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ ԿԱՐԵՆ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԸ: Սակայն, ցավոք, Կ. Ջանիբեկյանը այդ դերում խաղաց միայն մեկ անգամ, քանի որ չարաբաստիկ հիվանդությունը թույլ չտվեց: Այդ մասին «Իրավունքին» պատմեց Լ. Անթառանյանն ու ցավով տեղեկացրեց, որ դերասանի առողջական վիճակն օրեցօր վատանում է. «Իսկապես, իր համար փափագ էր, որ խաղար այդ ներկայացումը: Ի դեպ, մինչեւ պիեսի ընթերցումը, նա չի իմացել` ինչ եմ գրում, բայց գիտեր, որ իր համար եմ գրում, եւ կոչվում է «Վանա կատու», որ ինքը պիտի լինի պատառոտված շորերով, բանալիները վրան
կախված... Այդ միտքն իրեն ոգեւորեց: Տարոն Մարգարյանը մեզ հովանավորեց, որ այդ ներկայացումը կյանքի կոչվի, ինչի համար շնորհակալ եմ իրեն, եւ երբ արդեն գումարը վերցրինք, այդ ժամանակ Կարենը հազում էր, ու իրեն բուժում էինք թոքաբորբի դեմ, բայց երբ տեսանք, որ ոչինչ չի փոխվում եւ հետազոտության արդյունքում պարզվեց, որ նրա մոտ չարաբաստիկ հիվանդություն է, ասացի` Կարեն, քանի գումարը չենք ծախսել, փորձերը չենք սկսել, ու պատասխանատվություն չկա, գումարը վերադարձնենք` ներկայացումը չանենք ու զբաղվենք քեզնով: Ասաց` ի՞նչ ես ասում, եթե ուզում ես իմ կյանքը երկարացնել, ուրեմն` դու պիտի դա անես, ու ես պիտի խաղամ, որպեսզի հանգիստ խղճով մեռնեմ, իմանալով, որ քո դիպլոմային աշխատանքը պատրաստ է: Պատկերացնո՞ւմ եք` դա ինչ էր ինձ համար. թե՛ որպես իրեն սիրող կին, թե՛ որպես հեղինակ: Այդպես, ստիպված ասացի` դե լավ, սկսենք, եւ 2 ամիս 20 օր անց ներկայացումն արդեն պատրաստ էր: Մինչ այդ էլ` իրեն ուզում էինք տանել քիմիաթերապիայի կուրս ընդունելու, չցանկացավ, ասաց. «Ո՛չ, մազերս կթափվեն, Վանա կատու չեմ կարող լինել, կխաղամ` նոր»: Այդպես` մայիսի 28-ին նա խաղաց Վանա կատվի դերն ու հաջորդ օրն ընդունեց քիմիաթերապիա, որը արդյունք չտվեց, կեսից դադարեցրինք...»:
Դրանից հետո ներկայացումը երկու անգամ էլ բեմ դուրս եկավ, սակայն այս անգամ Կարեն Ջանիբեկյանի փոխարեն «Վանա կատվի» դերում հանդես եկավ դերասան ԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ:
«Վանա կատու» ներկայացումը արծարծում է Ցեղասպանության թեման, ուստի Լ.
Անթառանյանն ասաց որ դիմել է Վիգեն Սարգսյանին, որպեսզի այն ընդգրկվի 2015 թվականի Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում:
«Այնուհանդերձ, իմ գործի մեջ ցավ կա, այն սիմվոլների վրա է հիմնված` Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանի հողերը լեզու են առել ու խոսում են մարդկային լեզվով: Վանա կատվի միջոցով արեւմտյան հողի կերպարն եմ ներառում, իսկ Մայր Հայաստանի կերպարով` խոսում եմ արեւելյան հողերի դարդի մասին: Փետրվարի 10-ին ներկայացումը կրկին կխաղանք` Գ. Սունդուկյանի անվան թատրոնի բեմում: Ես մեծ վախ ունեմ` մեր հողերը կորցնելու խնդրի վերաբերյալ, միայն մենք` հասարակ ժողովուրդը, դրանում կլինենք մեղավորը: Ներկայացման մեջ հենց այդ մասին եմ խոսում, Մայր Հայաստանն ասում է` եկեք կողքիս կանգնեք ու նայեք վերեւից, տեսեք, թե ինչ փոքր է ձեր հայրենի երկիրը, ինչ չքնաղ է այն, ընդամենը մի բուռ, եւ այդ բուռն ինչ է, որ չեք կարողանում պահել: Իսկ Վանա կատուն ասում է` Եղեռնը ձեզ դաս չեղա՞վ, երբ օրհասական պահին թշնամին թակեց մեր դուռը, մենք ձեռք ձեռքի չտվեցինք, որ պահպանենք մեր հայրենի հողը, մեր տան շեմին շան ծեծ չտվեցինք թշնամուն, հեռացանք` հետդարձի հույսով, բայց ավելի լավ չէ՞ր բարոյապես մեր տունը պահեինք ու տան շեմին նահատակվեինք, քան գնացինք խայտառակ ձեւով անապատներում բռնաբարվեցինք... Դառն է, բայց իրականությունն է, այդ օրվանից կոտրվեց հայի ոգին»,- եզրափակեց Լ. Անթառանյանը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

