ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ. «ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ ՍԱՐԵՐԻ ԵՏԵՎՈՒՄ ՉԷ»
Արխիվ 12-16ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ. «ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ ՍԱՐԵՐԻ ԵՏԵՎՈՒՄ ՉԷ»
Ինչպես հայտնի է, Դոնեցկի, Լուգանսկի ու Դոնբասի ինքնահռչակ հանրապետություններում լարված իրավիճակ է: Իրավիճակը թեժ է հատկապես Դոնբասում, որի ղեկավարը հայտարարել է` Կիեւի հետ այլեւս չեն բանակցելու: Կրքերը չեն հանդարտվում նաեւ Ուկրաինայում: Կիեւում երեկ բողոքի ակցիա է տեղի ունեցել: Ցուցարարները պահանջում էին քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հրաժարականը:
Ուկրաինական խնդրի շուրջ «Իրավունքը» զրուցեց Ուկրաինայի հասարակական-քաղաքական գործիչ Արմեն Մարտիրոսյանի հետ:
- Պրն Մարտիրոսյան, ի՞նչ իրավիճակ է այս պահին Ուկրաինայում, լարված իրավիճակը շարունակվո՞ւմ է:
- Այո: Իրավիճակը Ուկրաինայում լարված է: Քաղաքացիական պատերազմ է, հանգիստ վիճակի մասին խոսք լինել չի կարող:
- Ուկրաինայի իշխանությունների դիրքորոշումն ինչպիսի՞ն է Դոնբասի, Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների խնդրի նկատմամբ:
- Դոնբասին Կիեւի իշխանությունները, վերաբերվում են ոչ բարյացակամ: Դոնեցկի, Լուգանսկի հանրապետություններին համարում են ահաբեկչական կառույցներ: Դոնբասում շարունակվում են, այսպես կոչված «հակաահաբեկչական» գործողություններ զինված ուժերի, ազգային գվարդիայի մասնակցությամբ: Ամեն օր խաղաղ բնակիչներ են զոհվում, կրակոցներ են հնչում:
- Փաստորեն, ոչ Կիեւը ոչ Դոնբասը, չե՞ն ցանկանում արդեն վարել խաղաղ բանակցություններ:
- Իրականում ասվում է մի այլ բան, արվում է մի այլ բան: Կիեւը չի ցանկանում ոչ մի զիջման գնալ:
- Կիեւն ու Ռուսաստանը իրար են մեղադրում Դոնբասում, Լուգանսկում ստեղծված իրավիճակի համար: Իրականում ո՞վ է մեղավոր, ո՞վ է կազմակերպում այս արյունոտ գործողությունները:
- Ռուսաստանը ոչ մի կապ չունի կոնֆիլկտի հետ: Բացի նրանից, որ նա հումանիտար օգնություն է ցույց տալիս Դոնբասի բնակիչներին, այլ կապ չունի խնդրի հետ: ՌԴ-ը փորձում է ամեն կերպ հաշտեցնել կողմերին, բանակցային դաշտ բերել: Այս կոնֆլիկտի հետեւում կանգնած է «Մայդան» կազմակերպած ԱՄՆ-ը, որը Ուկրաինայում իշխանության է բերել նացիստներին, նեոնացիստներին: Կիեւը ղեկավարում են ԱՄՆ-ի նախագահն ու վարչապետը, որոնք իջեցնում են հրահանգները Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանի միջոցով:
- Կարծիք կա, որ Ուկրաինայում երկրորդ «Մայդան» կլինի: Կա՞ն նման նախադրյալներ:
- Երկրորդ «Մայդան» հարյուր տոկոսով չի լինի, քանի որ դրա համար անհրաժեշտ են ֆինանսավորողներ: Երկրում տնտեսական վիճակն էլ այնպիսին չէ, որ այն կազմակերպվի: Մայդան չի լինի, բայց կլինի զինված պետական հեղաշրջում:
-Իսկ ե՞րբ եք ակնկալում այդ հեղաշրջումը:
- Հստակ ժամկետ չեմ կարող ասել: Բայց դա սարերի ետեւում չէ:
- Մի փոքր խոսենք հայ-ուկրաինական հարաբերությունների մասին: Հայաստանը դարձել է ԵՏՄ-ի անդամ: Հայ-ուկրաինական հարաբերություններն ինչպե՞ս եք պատկերացնում:
- Այս պահի դրությամբ չեմ կարծում, թե ինչ-որ հարաբերություններ կզարգանան, քանի որ Հայաստանը ՌԴ-ի գործընկերն ու դաշնակիցն է ոչ միայն ԵՏՄ-ի, այլեւ ՀԱՊԿ-ի կազմում: Հայերն ու ուկրաինացիները բարեկամ ժողովուրդներ են, բայց հայ-ուկրաինական հարաբերությունները կզարգանան այն ժամանակ, երբ Ուկրաինայի ներկայիս իշխանությունները կհեռանան:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

