ՓՈՌԵՑԻՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՀՈՒՅՍԸ ԵՐԿՆՔԻ ՎՐԱ ԵՆ ԴՐԵԼ
Արխիվ 12-16ՓՈՌԵՑԻՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՀՈՒՅՍԸ ԵՐԿՆՔԻ ՎՐԱ ԵՆ ԴՐԵԼ
Մասնագետները կանխատեսել են` այս տարի գարնան շունչն ավելի շուտ կզգանք, հետեւաբար գյուղատնտեսական գարնանային աշխատանքները` վաղ գարնանացանը, մարտ ամսից մի փոքր շուտ կսկսվեն: «Իրավունքը» Վայոց ձորի մարզի Փոռ գյուղի ղեկավար Մեսրոպ Բադալյանից պարզեց` արդյոք գյուղացիները վաղ գարնանացանի համար անհրաժեշտ պարագաներ ունեն` սերմացու, դիզվառելիք, պարարտանյութ: «Սերմացուն եւ գարին տվել են անվճար: Գարնանացան ցորենի համար ովքեր հայտ են ներկայացնում, մարզպետարանին տեղեկացնում ենք: Դիզվառելիքի համար էլ գարնանը գումարները հավաքում ենք ու գնում ենք: Նույնը պարարտանյութի համար է»,- ասաց պրն Բադալյանը:
Դիզվառելիքի մեկ լիտրը, ըստ Մեսրոպ Բադալյանի, 350 դրամ է, սերմացուի մեկ կգ-ը` 200 դրամ: Փոռեցիներն էլ ինչպես ամեն տարի, պատրաստվում են գյուղատնտեսական աշխատանքների, սակայն ոչ մի օգուտ չեն ստանում: «Ամեն ինչ կախված է երկնքից, ինչպես Թումանյանն է ասում: Գյուղացիները այդքան էլ չեն ցանկանում վարուցանք անել, քանի որ արդյունքը չեն տեսնում»,- ասաց Փոռ համայնքի ղեկավարը:
Ըստ գյուղապետի փոռեցիները հիմնականում զբաղվում են այգեգործությամբ, անասնապահությամբ, բայց արդյունք չկա: Իրացման կենտրոններ չունենք: Ամեն մեկն ինչպես կարողանում է, այնպես էլ փորձում է եղած բերքը իրացնել` Եղեգնաձորում, Ջերմուկում, Երեւանում: Հիմնականում վերավաճառողների մեծ մասն է օգտվում գյուղացիների աշխատանքից: Մի անգամ հարեւան Վրաստանից են եկել ծիրան տանելու:
Գյուղը դեռ ամբողջությամբ գազաֆիկացված չէ, խմելու ջրի ներքին ցանցը պետք է փոխվի: «Մշակույթի տուն ու դպրոց չունենք: Հարեւան Ազատեկի դպրոցն են գնում մեր երեխաները»,- եզափակեց գյուղապետը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

