ՆԱԽԿԻՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԿՊԱՇՏՊԱՆԻ՞ «ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ» ՇԱՀԵՐԸ
Արխիվ 12-16ՆԱԽԿԻՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԿՊԱՇՏՊԱՆԻ՞ «ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ» ՇԱՀԵՐԸ
Հունվարի 26-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանը մերժեց Ավետարանական եկեղեցու նախկին հոգեւոր հովիվ, վերապատվելի Արմեն Միքայելյանի ու Ավետարանչական ընկերակության մի քանի նախկին աշխատակիցների հայցը` իրենց աշխատանքից ազատելու վերաբերյալ:
Հիշեցնենք`Արմեն Միքայելյան ու մի քանի աշխատակիցներ դատի էին տվել Ավետարանչական ընկերակցությանը իրենց անհիմն աշխատանքից ազատելու համար: Դատարանում Ավետարանչական ընկերակցության շահերը պաշտպանում էր արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանը:
«Իրավունքը» նախկին փոխնախարարից հետաքրքրվեց` ինչու նա որոշեց դատարանում պաշտպանել Ավետարանչական ընկերակցությանը, եթե այդ կառույցը, ինչպես հայտարարել է Արմեն Միքայելյանը, Հայաստանում գործում է աղանդակերպ: Ի պատասխան` Օրբելյանն ասաց, որ այս գործը վերաբերում էր աշխատանքային հարաբերություններին` անկախ նրանից, թե նախկին հովիվն ինչ է հայտարարում.
«Եկեղեցու հետ կախված վեճի մասով ասեմ, որ եկեղեցուն չեմ պաշտպանել, բացի այդ` եկեղեցին ներկայացրել է իր դիրքորոշումն ու դրա հետ կապված հարցերը չեն ներկայացվել դատարանում: Ես իրավունք չունեմ գնահատելու` վստահորդն ինձ դուր է գալիս, թե ոչ Ես ներկայացրել եմ ընկերակցության շահերը աշխատանքային վեճի շրջանակներում»:
Փաստաբանին հիշեցրինք` հովիվն ու գործին քաջատեղյակներըբ հայտարարել է, որ այս խնդիրն առաջացել է կրոնական հողի վրա` մասնավորապես հայ ավետարանական եկեղեցին «Շողիկ» ճամբարում սեռադաստիարակության դասեր է տվել անչափահասներին: «Չեմ ցանկանում դա մեկնաբանել, որովհետեւ անցնում ենք որոշակի փաստերի քննությանը, որոնք այս գործի շրջանակից դուրս են»,- ասաց պրն Օրբելյանը:
Որոշ փաստաբաններ հրաժարվում են նման կառույցների շահերը պաշտպանել, որոնք ծավալում են Հայաստանում աղանդակերպ գործունեություն: Ինչո՞ւ Արամ Օրբելյանն այդ փաստաբանների շարքին չեն դասվում: Փաստաբանը հարցին նախ իրավական ձեւակերպումներով պատասխանեց, ապա ասաց. «Չեմ ուզում գնահատել`քայքայիչ է այդ կառույցի գործունեությունը, թե քայքայիչ չէ, որովհետեւ դա դուրս է գործի շրջանակներից: Փաստաբանի գործն է տրամադրել իրավաբանական աջակցություն: Եթե իրավաբանական աջակցություն չտրամադրվի` հիմք ընդունելով ինչ-ինչ կարծիքներ, երկիրը երբեք իրավական պետություն չի դառնա»:
Ինչ վերաբերում է խնդրի բարոյական կողմին, Արամ Օրբելյանը չցանկացավ այդ հարցին պատասխանել:
Եթե Ավետարանչական ընկերակցության փոխարեն, օրինակ, լիներ «Եհովայի վկաներ» աղանդավորական կազմակերպությունը, արդարադատության նախկին փոխնախարարը դարձյալ կպաշտպանե՞ր այդ կառույցի շահերը: «Եթե խնդիրը կլինի աշխատանքային վեճ, իրավական հարց, լավ փաստաբանի համար հաճախորդի ով լինելը կարեւոր չէ: Չեմ կարող պնդել` կպաշտպանե՞մ, թե՞ ոչ: Եթե կա իրավական վեճ, կողմերն իրավունք ունեն ունենալ պաշտպան: Եթե կլինի ազգային, գենդերային, կրոնական հատկանիշներով խնդիր, եւ պետությունը հրաժարվի փաստաբան տրամադրել, մենք իրավական պետություն չենք դառնա»,- պատասխանեց պրն Օրբելյանը:
Անդրադառնալով Արմեն Միքայելյանի այն հայտարարությանը, թե առաջին ատյանի դատարանը վճիռ կայացնելիս հաշվի է առել այն, որ Ավետարանչական ընկերության շահերը պաշտպանում է արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանը, մեր զրուցակիցը չմեկնաբանեց` դա համարելով անիմաստ.
«Մեկնաբանելու հարց չկա»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

