Համազգային պետական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում եւ Կանադայում: Սփյուռքահայ հանդիսատեսին կներկայացվեն "Շխոնց Միհրան", "44 աստիճանի վրա", "Փրկության կղզի" եւ "Ամենալավ տունը" ներկայացումները: Այդ մասին "Իրավունքի" հետ զրույցում ասաց թատրոնի տնօրեն ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ. "Փետրվարի 3-8-ը Կալիֆորնիայի Լոս-Անջելես քաղաքում հայկական շնչով հագեցած թատերական փառատոն է սպասվում:
Համազգային պետական թատրոնը կներկայացնի չորս ներկայացում` Վ. Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված "Փրկության կղզին", որը լեցուն է բարության ամենափրկիչ ուժի հավատով: Արտագաղթի ցավոտ թեմային անդրադարձող "44 աստիճանի վրա" ներկայացումն անցյալ տարի ընդգրկված լինելով թատրոնի ամերիկյան հյուրախաղերում` այս անգամ հատուկ հրավեր է ստացել եւ փետրվարի 15-ին կներկայացվի նաեւ Սան Ֆրանցիսկոյում": Վ. Մկրտչյանն ընդգծեց, որ այս տարվա հյուրախաղերում առանձին տեղ է գրավում Հայոց եղեռնի զոհերի հիշատակին նվիրված "Շխոնց Միհրան" ներկայացումը: Մ. Խերանյանի այս հուզումնառատ երկը լի է թախիծի, կարոտի եւ միեւնույն ժամանակ հույսի ելեւէջներով: Իսկ ահա "Ամենալավ տունը" ներկայացումը նախատեսված է դպրոցահասակ երեխաների համար: Տնօրենի փոխանցմամբ` ամերիկյան հյուրախաղերին կհաջորդեն թատրոնի հյուրախաղերը Կանադայում` փետրվարի 21-ից մարտի 1-ը Մոնրեալ եւ Տորոնտո քաղաքներում կանադահայ համայնքին կներկայացվեն "Փրկության կղզի" եւ "44 աստիճանի վրա" ներկայացումները. "Համազգային թատրոնի պատմության մեջ ամենաերկար հյուրախաղերն են` մոտ մեկ ամիս տեւողությամբ: Անցյալ տարի, երբ Լոս-Անջելեսում հանդես եկանք հյուրախաղերով, արժանացանք ջերմ ընդունելության եւ թատերասեր ժողովրդի դրվատանքին, ինչն էլ դարձավ այս տարվա հրավերի գրավականը",- եզրափակեց Վ. Մկրտչյանը: