«ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ԲԱՆԱԿԸ ԱՅՆ ԵՐԿՈՒ ՍՅՈՒՆԵՐՆ ԵՆ, ՈՐՈՆՑ ՎՐԱ ՊԱՀՎՈՒՄ Է ՄԵՐ ԵՐԿԻՐԸ»

Արխիվ 12-16

«ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ԲԱՆԱԿԸ ԱՅՆ ԵՐԿՈՒ ՍՅՈՒՆԵՐՆ ԵՆ,

ՈՐՈՆՑ ՎՐԱ ՊԱՀՎՈՒՄ Է ՄԵՐ ԵՐԿԻՐԸ»


Զինված ուժերի կազմավորման 23-ամյակի առթիվ «Իրավունքը» «Ուղիղ կապ» խորագրի ներքո հյուրընկալել էր ՀՀ  ԶՈՒ  հոգեւոր  փոխառաջնորդ  Հոգեշնորհ Տ. ՄՈՎՍԵՍ աբեղա  ՍԱՐԳՍՅԱՆԻՆ: Հայր Սուրբին ուղղված մեր ընթերցողների հեռախոսազանգերն  ու  ֆեյսբուքյան հարցերը մեծամասամբ վերաբերում էին հոգեւորական-զինվոր փոխհարաբերություններին, բանակում աղանդավորական շարժումների ներթափանցման փորձերին ու դրա հետեւանքներին, ինչպես նաեւ ՀՀ ԶՈւ հոգեւոր ծառայությանը եւ սահմանապահ զինվորի ներաշխարհին:

 

«ԱՄԵՆԱՎՍՏԱՀԵԼԻ ԵՎ ԱՄԵՆԱՍԻՐՎԱԾ ԱՆՁԱՆՑԻՑ ՄԵԿԸ

ԶՈՐԱՄԱՍՈՒՄ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐՆ ԵՆ»


-Հայր Սուրբ, որքանով տեղյակ եմ, Դուք ԱՄՆ-ում եք վերապատրաստվել եւ ուսումնասիրել եք կապելանների` հոգեւոր սպասավորների ռազմական փորձը: Ի՞նչ տարբերություններ կառանձնացնեք մեր եկեղեցու հոգեւոր սպասավորների` բանակում ունեցած գործառույթի եւ օտար երկրների զորքերում հոգեւոր սպասավորության միջեւ: (ՎՈԼՈԴՅԱ, ք. Երեւան)


- Այո, հինգ ամսով եղել եմ Միացյալ Նահանգներում ու մասնակցել եմ բանակային հոգեւոր ծառայության դասընթացներին: Այնտեղ կային կաթոլիկ, ուղղափառ քահանաներ, բողոքական տարբեր ճյուղերի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ մուսուլմաններ, բայց անկախ իրենց կրոնական ուղղվածությունից` բոլորն էլ զինվորական էին, ունեին կոչումներ, եւ բոլորն էլ զինվորական օրենքով ու կանոնադրությամբ էին գործում: Իսկ ինչ վերաբերում է նրանց իրականացրած գործունեությանը` որպես զինվորականներ, նրանք հստակ իրականացնում էին զինվորական ոլորտի ծառայություն: Մենք չունենալով զինվորական կոչում, չլինելով զինվորականներ` որպես հոգեւորականներ, բանակում մեր գործառույթը մի քիչ այլ է: Մենք այստեղ զինվորական խնդիրներ չենք իրականացնում, այլ  փորձում ենք զինվորների հոգեւոր, բարոյական մակարդակը ու մարտունակ ոգին բարձր պահել, նրանց հաղորդակից դարձնել մեր Սուրբ Եկեղեցու պատմությանը, ավանդույթներին, հայ ժողովրդի պատմությանը եւ հերոսական անցյալին: Մեր բանակում հայ հոգեւորականներն իրականացնում են որոշ առումով նաեւ հոգեբանի աշխատանք, որովհետեւ լինելով ամենավստահելի եւ ամենասիրված անձնանցից մեկը զորամասում, կարողանում ենք ամեն հարցում նաեւ կիսել զինվորների խոհերն ու մտորումները, ինչը ես չտեսա մյուս ազգերի կապելլաների մոտ:

 

 

«ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ

ԺԱՄԱՆԱԿ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ ԽՈՑԵԼԸ ՉԻ ԴԻՏՎՈՒՄ ԻԲՐԵՎ

ՄԱՐԴԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ»

- Հայր Մովսես, արդյո՞ք ՀՀ բոլոր զորամասերն ունեն հոգեւոր սպասավորներ` հոգեւորականներ կամ սարկավագներ: (ՌՈՄԱՆ  ք. Երեւան)

 

- Բանակում ունենք մոտավորապես 50 հոգեւորական: Գուցե հետագայում որոշ քանակով ավելանա, բայց հիմնականում բոլոր սահմանապահ զորամասերում եւ քաղաքային մեծ զորամասերում, ինչպես նաեւ ռազմական ինստիտուտներում եւ ուսումնական զորամասերում կան հոգեւոր պատասխանատուներ: Շատ քաղաքային փոքր զորամասեր ունենք, որոնք չունեն իրենց զորամասի հոգեւոր սպասավորը, բայց ունենք զորամիավորումների հոգեւոր պատասխանատուներ, որոնք պատասխանատու են նաեւ տվյալ զորամիավորման ենթակա զորամասերի հոգեւոր գործունեության համար: Այսինքն` նրանք նաեւ տվյալ կայազորի հոգեւոր սպասավորն են եւ հաճախակի այցելում են նաեւ փոքր զորամասեր: Այդ իմաստով կարող ենք ասել, որ մեր բոլոր զորամասերն էլ ունենում են հոգեւորականի այցելություններ:


- Բոլորիս ցավոտ թեմաներից մեկը աղանդավորների գոյությունն է: Հարցս վերաբերում է Հայ առաքելական եկեղեցու մոլորյալ զավակների ծառայությանը` ի՞նչ աշխատանքներ են տարվում նրանց հետ, արդյոք կանխվո՞ւմ են նրանց քարոզները բանակում: (ՄԱՐԻԱՄ, ք. Երեւան)


-Իմ փորձառությունից ասեմ. ես բացահայտել եմ զինվորի, որն ակտիվ քարոզչություն էր իրականացնում զորամասում: Լինելով բարձրագույն կրթությամբ խելացի տղա` կարողանում էր իր շուրջը համախմբել մարդկանց եւ գրականություն էր բերում: Երբ բացահայտեցի, մի քանի անգամ իրեն դիմեցի, որ հավաքի ամեն ինչ ու այլեւս չքարոզի մարդկանց: Եթե դու հավատում ես այդ ոլորտին, դու հավատում ես քո կազմակերպությանը, խնդրեմ, կարող ենք խոսել եւ ընկերաբար բացատրեմ այդ ճյուղի վնասակար հետեւանքները… Բայց երեք անգամ զգուշացնելուց հետո, որ չպետք է քարոզի, գրականություն չպետք է բերի ու բաժանի, նա դարձյալ շարունակեց իր ամբարտավան կեցվածքը: Ինձ ոչինչ չէր մնում անել, քան իր հրամանատարին ներկայացնել այդ խնդիրը, որովհետեւ այն գրականությունը, որը նա էր բաժանում, խիստ հակասում էր զինվորական ծառայությանը ու հակառակ մտքեր առաջացնում զինվորների մտածողության մեջ: Արդյունքում հրամանատարական կազմը նրան արգելեց գրականություն բաժանելը, քարոզելը եւ դրանից հետո նոր միայն նա դադարեցրեց իր քարոզչությունը` վախենալով, որ կպատժվի իր ծառայության ընթացքում, կամ ուղղակի ամոթ էր դրանից հետո, որ շարունակեր գրականություն բերել զորամաս: Իսկ այդ գրականության մեջ մասնավորապես ասվում էր, որ բոլոր տեսակի պատերազմները չարիք են, պետական իշխանությունը չարիք է…
- Փաստորեն, նման գրականությամբ քարոզչությունը կարո՞ղ է դիտարկվել նաեւ որպես բանակի կազմալուծման փորձ եւ ռազմական հանցագործություն: («ԻՐԱՎՈՒՆՔ»)

- Ես իրավական դաշտի մասնագետ չեմ, հետեւաբար չեմ կարող ասել, բայց եթե զինվորը պետք է կանգնի ու հարցնի` ճի՞շտ է, որ հակառակորդին պատերազմի ժամանակ սպանելը մեղք է, ապա դա գալիս է այդ տեսակ վնասակար ուսմունքներից: Մինչդեռ պատերազմի եւ զինվորական ծառայության ժամանակ հակառակորդին սպանելը մեղք չի դիտվում: Քրիստոնեությունը, եկեղեցին դա չի համարում մեղք, որովհետեւ տվյալ դեպքում, տվյալ անձը պաշտպանում է իր հայրենիքը, իր սրբությունները: Եվ զինվորական կանոնադրության մեջ դա չի որակվում որպես սպանություն, այլ որակվում է հետեւյալ կերպ. խոցել կամ ոչնչացնել հակառակորդի կենդանի եւ անկենդան ուժը: Այստեղ մարդ սպանելու մասին խոսք չկա: Բոլոր տեսակի արդար պատերազմները ինքնապաշտպանական պատերազմներ են, քանի որ մարդը, բանակը, զինվորը պաշտպանում է իր հայրենիքը, իր սրբությունները` օտարի ոտնձգություններից: Հետեւաբար, ինքնապաշտպանության մարտի` հայրենիքը պաշտպանելու սրբազան պատերազմի ժամանակ հակառակորդին խոցելը չի դիտվում իբրեւ մարդասպանություն:

«ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ «ԵԿԵՂԵՑԻՆ» ԱՎԱՆԴԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ ՉԷ ԵՎ

ՉԻ ԿԱՐՈՂ ՔՈՒՅՐ ԵԿԵՂԵՑԻ ԼԻՆԵԼ»

- Երեւանի Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահ Լեւոն Բարդակչյանն ասում է, որ Ավետարանական եւ Առաքելական եկեղեցիները քույր եկեղեցիներ են: Արդյոք դա այդպես է, եւ երկրորդ` արդյո՞ք ներթափանցում են բանակ աղանդներ եւ այլ քարոզիչներ, եւ ինչպիսի՞ ազդեցություն են ունենում աղանդավոր զինվորները բանակի վրա: (ԶԱՐՈՒՀԻ, ք. Երեւան)


- Առաջին հարցի հետ կապված, որ Ավետարանական համայնքի կամ եկեղեցու ղեկավարը նման հայտարարություն է արել, նշեմ, որ դա չի համապատասխանում իրականությանը: Ավետարանական «եկեղեցին» բողոքական եկեղեցու մի ճյուղ է: Իսկ Հայ Առաքելական եկեղեցու քույր եկեղեցիներ համարվում են բոլոր ավանդական քրիստոնեական եկեղեցիները, մինչդեռ  Ավետարանական «եկեղեցին» ավանդական եկեղեցի չէ եւ չի կարող քույր եկեղեցի լինել: Ինչ վերաբերում է աղանդների մուտքը կամ քարոզչությունը բանակ եւ զորամասեր, իհարկե, երբեմն լինում են նման փորձեր, բայց բացահայտվելուց հետո կանխվում են հրամանատարական կազմի կողմից: Որեւէ կրոնական աղանդ կամ կազմակերպություն իրավունք չունի քարոզչություն իրականացնել բանակում:


«ՈՐՔԱՆ ՄԱՐԴԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է ՀՈԳԵՂԵՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ

ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ, ԱՅՆՔԱՆ ՀԵՌԱՆՈՒՄ Է ՆԱԵՎ

ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ»



- Հատկապես վերջին շրջանում սահմանում նկատվող լարված իրավիճակում, Ձեր կարծիքով, ինչպե՞ս պիտի պահի իրեն հայ ժողովուրդը, որպեսզի հայ զինվորը ամուր ու վստահ կանգնած լինի դիրքերում: (ՀԱՍՄԻԿ ՄՈՒՇԵՂՅԱՆ, Գեղարքունիքի մարզ)

 

- Մանավանդ այս օրերին պետք է բոլորը վստահեն մեր բանակին, վստահեն մեր բանակի հրամանատարությանը, որը լիարժեք իրականացնում է իր վրա դրված մարտական խնդիրը եւ պարտականությունները` հայրենիքի սահմանները պահելով անվտանգ: Մեր բանակը մեր հասարակության մեջ մեծ դերակատարություն ունի` սերունդի դաստիարակման գործում: Մարդը գնում է բանակային ծառայության այլ գաղափարներով, այնտեղից դուրս է գալիս ավելի կայացած, ավելի լայնախոհ, ավելի կայուն մարդ: Եթե նույնիսկ մարդը գնում է  զորամաս` որոշակի փողոցային բարքեր իր վրա կրելով` մեծամասամբ զորացրվելուց հետո բանակը դրական ազդեցություն է ունենում բոլորի վրա: Եվ բանակից հետո անձը հասարակությանը ներկայանում է` որպես ավելի արժանավոր քաղաքացի: Ուստի, իմ մաղթանքն է մեր հայրենակիցներին եւ խնդրանքը, որպեսզի լինեն հավատարիմ մեր ազգային արժեքներին, մեր ազգային ավանդույթներին եւ շատ սիրեն եւ գրկաբաց ընդունեն այն ամենը, ինչն ընդգրկված է հայ եկեղեցի եւ հայ բանակ այդ երկու կարեւոր օղակներում, որոնք միասին կազմում են մեր հայրենիքը: Եկեղեցին եւ բանակը, կարծում եմ, մեր հայրենիքի այն երկու ամուր սյուներն են, որոնց վրա պահվում է մեր երկիրը, մեր հայրենիքը` իր թե՛ մշակույթով, թե՛ լեզվով, թե՛պատմությամբ, թե՛ դարավոր ավանդույթներով: Որքան մարդը հեռանում է հոգեղենությունից եւ գաղափարականությունից, այնքան հեռանում է նաեւ բարոյականությունից: Հետեւաբար, մեր ժողովրդին մնում է հոգեւոր առումով հետեւել մայր եկեղեցու ազգային հավատքին, մեր դավանանքին, Հայ առաքելական սուրբ եկեղեցուն եւ գաղափարական առումով լինել հայ, լինել հայ մշակույթի կրողը, հայ պատմության պահպանողը եւ շարունակողը: Այս դեպքում նաեւ կլինի բարոյականության կրողն ու պահպանողը, եւ սերունդները ճիշտ կդաստիարակվեն եւ բանակ կգնան ոչ թե երկու տարի պարտադիր ժամկետային զինծառայությունը ուղղակի անցկացնելու համար, որից օրենքով հնարավոր չէ խուսափել, այլ սիրով բոլորը կգնան, կպաշտպանեն հայրենիքը, կպաշտպանեն երկիրը, կանցկացնեն իրենց ծառայությունը ու կվերադառնան իրենց ընտանիքները: Ավելին` կունենան այն գիտակցությունը, որ հայրենիքի պաշտպանությունը երբեք չի սահմանափակվում երկու տարվա զինծառայությամբ, հայրենիքի ծառայությունը ցմահ ծառայություն է: Բոլորս մեր գործով, մեր աշխատանքով մեր կոչումով ու մեր պաշտոնով մեր երկրի ծառաներն ենք, բոլորս ամեն կերպ պետք է ծառայենք մեր երկրին, մեր ժողովրդին, մեր եկեղեցուն, մեր ամենակարող Աստծուն: Եվ Աստված տա, որ բոլորիս ծառայությունը ընդունելի լինի Տիրոջ կողմից` ի շինություն մեր երկրի, ի պայծառություն մեր եկեղեցու, եւ ի փառս Աստծու: Ամեն:

 

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հ.Գ. - Շարունակությունը կարդացեք հետեւյալ հղումով`

http://www.iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=23457%3Al--------2015-r&catid=41%3Alurer&Itemid=57

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում