«ԵՐԿՐԻ ԱՌՋԵՎ ԾԱՌԱՑԱԾ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՑԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՆ ԵՆ»
Արխիվ 12-16«ԵՐԿՐԻ ԱՌՋԵՎ ԾԱՌԱՑԱԾ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՑԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՆ ԵՆ»
Երկրի կարեւոր հարցը շարունակում է մնալ սահմանադրական բարեփոխումները, ինչի շուրջ էլ քաղաքական ուժերը համաձայնության են գալիս կամ բաժանվում միմյանցից, իսկ ՀՀ նախկին նախագահները` տողատակերով հայտարարություններ անում: Արդյունքում կամաց-կամաց ձեւավորվում են 2015 թվականի ներքաղաքական կոնֆլիկտներն ու տարբեր ուժերի ընտրած քաղաքական պայքարի սցենարները: Հենց այս հարցերի շուրջ էլ «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ:
ՀՅԴ-ԱԿԱՆ 10 ԿԵՏԱՆՈՑ
ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ԲՀԿ-Ի ԴԵՄ ՉԵ՞Ն
-Պարոն Մինասյան, մոտավորապես մեկ շաբաթ առաջ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ՀՅԴ-ն 10 կետանոց առաջարկություններ էր ներկայացրել, որը մասնավորապես բիզնեսի եւ քաղաքականության տարանջատման մասին էր: Կարծիք կա, որ սրանով ուղղակի կամ անուղղակի ձեւով փորձ է արվում թուլացնել մեր երկրում ամենախոշոր ֆինանսական ու տնտեսական ռեսուրս ունեցող կուսակցությանը` ԲՀԿ-ին: Ի՞նչ կասեք այս մասին:
- Կասեմ, որ այդ տեսակետներն աղերս չունեն մեր առաջարկի հետ: Մեր առաջարկի հենասյունը կամ հիմքը պետականության հզորացումն է, այդ թվում նաեւ քաղաքականության եւ ապագա զարգացումներում քաղաքական մտածողության հզորացումը, ընտրական համակարգի բարելավումն ու կառավարման համակարգից բխող ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը: Իսկ փոքր հարցերի անդրադառնալու` կապված տվյալ իրավիճակում այս կամ այն քաղաքական միավորման կամ ուժի նկատմամբ ինչ-որ վերաբերմունք արտահայտելով հնարավոր փոփոխություններ անելուն, մենք նման նպատակ ամենեւին ո՛չ ունենք, ո՛չ էլ հետապնդում ենք: Ի վերջո, քաղաքական ուժերը պետք է լինեն կայուն քաղաքական համակարգի էլեմենտները, իսկ դա պետականության հզորացմանը պետք է միտված լինի, այլ ոչ թե նպատակ հետապնդի այս կամ այն իրավիճակում ուժեղացնել կամ թուլացնել որեւէ քաղաքական ուժի:
«ՏԵՂԻՆ ՉԷ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՆՄԱՆ ՓՈՔՐ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇՏՈՒՄ ՏԵՍՆԵԼ»
-ՀՅԴ բյուրոյի նոր ընտրություններից հետո կրկին շրջանառվում է, թե Դաշնակցությունը նախարարական պորտֆելներ վերցնելու հեռանկար ունի: Իրականում կա՞ն նման նպատակներ:
- Պարզ է, որ դա հերթական աբսուրդ վերլուծություններից կամ հայտարարություններից մեկն է, որը նպատակ ունի թուլացնել կամ արժեզրկել Դաշնակցության տեսակետները, առաջարկությունները` երկրում թիվ մեկ, օրակարգային հարց համարվող սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Այնպես որ, կարծում եմ` անիմաստ է ամեն անգամ նույն ջանասիրությամբ հնչող ոչ իրական հարցերի շուրջ մտածել: Երբ Դաշնակցությունն ուզենա իշխանություն վերցնելու հարց բարձրացնել, դրա մասին թե՛ իր կամքը, թե՛ վստահությունը կարող է արտահայտել եւ կարտահայտի, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա: Բայց այսօր համարում ենք, որ թիվ մեկ խնդիրը երկրի կառավարման համակարգի փոփոխությունն է: Այդ տեսակետից բոլոր նրանք, ովքեր չեն ուզում տեսնել պետականության հզորացումը, փորձում են Դաշնակցության այս գործողությունների մեջ տեսնել ինչ-որ նեղ, փոքր խմբային շահեր, ինչն ամենեւին արդարացված չէ: Այնպես որ, տեղին չէ դաշնակցությանը նման փոքր ցանկությունների դաշտում տեսնել:
ՀՅԴ-Ն ՍՊԱՍՈՒՄ Է «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՆ
-Ամանորից առաջ ԲՀԿ երիտպատգամավորների կողմից Ձեր հասցեին հնչեցին որոշ, մեղմ ասած, կոպիտ հայտարարություններ: Թեպետ եղան նաեւ Ձեր կողմից պատասխաններ, բայց, այնուամենայնիվ, պատրաստվո՞ւմ եք այս հարցով դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով, թե՞ անձնապես փորձել եք հանդիպել նրանց հետ ու պարզաբանել խնդիրը:
- Ինչպես գիտեք, իմ պատասխանում, ինչպես նաեւ Դաշնակցություն կուսակցության պատասխանում էլ կար, որ մենք սպասում ենք «Բարգավաճ Հայաստանի» պաշտոնական տեսակետին, որից հետո անդրադարձ կկատարենք: Համենայն դեպս, որպես անձ, ես հիմա անհրաժեշտ չեմ համարում այս պահին որեւէ այլ քայլ անել, քանի որ առնվազն որպես քաղաքական ուժ` սպասում ենք այդ քաղաքական ուժի հստակ արձագանքին:
- Եվ մի վերջին հարց. ԲՀԿ-ի այդքան գովազդված խորհրդաժողովը հետաձգվեց, արդյո՞ք իրական պատճառն այն չէր, որ ԲՀԿ-ն այլեւս չի կարողանում ուժերին համախմբել իր շուրջ, թեկուզեւ հենց ոչ իշխանական «եռյակին»:
- Չգիտեմ, այդ հարցին պետք է պատասխանեն «եռյակի» մեր գործընկերները: Համենայն դեպս, մենք քաղաքական օրակարգի վերաբերյալ, մասնավորապես սահմանադրական փոփոխությունների, ունենք մեր տեսակետը, որն արտահայտել ենք եւ դիմել նաեւ պառլամենտում ներկայացված բոլոր քաղաքական ուժերին: Փոխանցելով մեր տեսակետները, մեր առաջարկները` ակնկալում ենք իրենցից արձագանք: Բայց խորհրդաժողովում այս խնդի՞րն է դրվում, այսինքն` երկրի առջեւ ծառացած կարեւորագույն հարցը, որը մենք համարում ենք սա... Այնպես որ, խորհրդաժողովի օրակարգային կամ այլ քաղաքական ուժերի հետ համախմբման վերաբերյալ հարցերն այս պահին չեմ համարում կարեւոր:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

