ԻՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԱԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԿԱՊՈՂ ՕՂԱԿ Է
Արխիվ 12-16ԻՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԱԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԿԱՊՈՂ ՕՂԱԿ Է
Արդեն առիթ ունեցել ենք տեղեկացնել, որ մեր հարավային հարեւանըª Իրանը, որոշել է իր արտաքին առեւտուրը տարանջատել ամերիկյան դոլարից: Այդ մասին Իրանի Կենտրոնական բանկի հայտարարութան մեջ մատնանշվում է. "Արտաքին առեւտրային պայմանագրեր կնքելիս այսուհետեւ կօգտագործվեն այլ վալյուտաներ, այդ թվումª չինական յուան, ռուսական ռուբլի, եվրո, թուրքական լիրա եւ այլն": ԻՐԱՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՆՑՆԵ՞Ն ԱՌԱՆՑ ԴՈԼԱՐԻ ԱՌԵՎՏՐԻ
Թեհրանի այս քայլը, իհարկե, անսպասելի չէր: Այս առումով կարելի է հիշեցնել, որ վերջերս, երբ Իրանն ու Ռուսաստանը բանակցում էին առեւտրային մեկ բավականին խոշոր պայմանագրի շուրջ, որի մեջ ներառված է ապրանքների բավականին լայն տեսականի, այդ թվումª նավթ, արդեն իսկ խոսվում էր դոլարի փոխարեն սեփական վալյուտաներն օգտագործելու գաղափարի մասին: Դրա հետ մեկտեղª Իրանը նաեւ Չինաստանի համար է խոշոր առեւտրային գործընկեր եւ նավթի հիմնական մատակարարներից մեկը, եւ այդ հարաբերություններում եւս դեռ անցած տարվանից էր սկսել նկատվել դոլարից հրաժարվելու տարրեր: Եվ այս ամենից հետո էլª հազիվ էր Թեհրանը հայտարարել առհասարակ իր արտաքին առեւտրում դոլարային հաշվապահությունից հրաժարվելու մասին, երբ տարածվեց տեղեկատվություն, որ մյուս խոշոր առեւտրային գործընկերներից մեկիª Թուրքիայի հետ եւս Իրանն արդեն իսկ սեփական վալյուտաներով առեւտրի որոշակի հստակ պայմանավորվածություններ ունի: Եվ, առհասարակ, Թեհրանը նաեւ տեղեկացնում է, որ պատրաստվում է արագորեն նման պայմանագրեր կնքել տարբեր այլ երկրների հետ:
Թե որ ուղղությամբ կգնան բավականին սերտ հարաբերություններ ունեցող երկու հարեւաններիª Հայաստանի եւ Իրանի առեւտրային հարաբերությունները, թերեւս մոտ ապագայում հասկանալի կդառնա: Առավել եւս, որ երեկ երկօրյա այցով Հայաստան ժամանեց Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին: Իհարկեª դեռ հասկանալ է պետք իրանցի նախարարի այցելության իրական, պաշտոնական հայտարարությունների տողատակերում անգամ քիչ տեսանելի իմաստը: Իսկ որ նման իմաստ կա, հուշում է թեկուզեւ այն փաստը, որ աշխարհում եւ մասնավորապեսª մեր մեծ տարածաշրջանում տիրող ներկայիս, մեղմ ասած, բարդ իրավիճակում պարոն Զարիֆին դիվանագիտական չափանիշներով ոչ միայն բավականին երկար ժամանակ է Հայաստանում գտնվելու, այլեւ բացի ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանիցª հանդիպումներ է ունենում հայաստանյան գործնականում բոլոր բարձրաստիճան ղեկավարների հետ, ընդ որումª բազմաժանր օրակարգովª Ղարաբաղ, հայ-իրանական քաղաքական, տնտեսական հարաբերությունների տարբեր ուղղություններ եւ, վերջապես, մինչեւ անգամ Եվրասիական միության հետ կապված ակնարկներ հնչեցին:
Ենթադրելի է, որ Իրանի արտաքին առեւտրի ապադոլարիզացման թեման եւս կարող է լինել այս ընդհանուր օրակարգում, առավել եւս, որ պաշտոնական լրատվությունը եւս ընդգծում է, որ մասնավորապես ՀՀ ԱԳ նախարարի հետ "բանակցությունների օրակարգում են եղել առեւտրատնտեսական փոխգործակցության ընդլայնման հարցերը", իսկ առեւտրում Իրանն անցնում է նոր խաղի կանոններիª սեփական վալյուտաներով հարաբերությունների: Իհարկե, այդ թեման կարող է միայն իրանցի նախարարի այցելության փոքրիկ դետալներից մեկը լինել, հաշվի առնելով թեկուզեւ այն, որ հիշատակված պաշտոնական տեղեկատվության մեջ ակնարկվում է նաեւ, որ ԱԳ նախարարների բանակցություններում առեւտրատնտեսական հարաբերությունների հատվածի հիմնական մեխն են եղել "տրանսպորտային եւ էներգետիկ նախագծերը":
Իհարկեª կարելի է եւ "տրանսպորտային նախագծեր" ասվածը տանել-հասցնել Իրան-Հայաստան երկաթուղու գաղափարին, հաշվի առնելով նաեւ, որ անցած տարեվերջից սկսած` այդ թեման վերստին ակտիվացել է եւ ՀՀ վարչապետիª Իրան կատարած այցելությունից հետո էլ մինչեւ իսկ խոսակցություններ եղան գալիք տարվանից այդ ծրագիրը պրակտիկ շինարարական փուլ տեղափոխելու մասին:
ԵՐԲ ԵՏՄ-Ն ՀԱՍԵԼ Է ԻՐԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՆ
Թեեւ կա մեկ գործոն եւս, որը Թեհրանի համար սկսել է հրապուրիչ դարձնել Իրան-Հայաստան երկաթուղին: "Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է",- Երեւանում վայրէջք կատարելուն պես հայտարարեց պարոն Զարիֆը: Եվ, իհարկե, ոչ միայն այն պատճառով, որ իրանցի նախարարն այն մտքին է, թե հայ-իրանական առնչություններն օրինակ են, թե ինչպես "իսլամն ու քրիստոնեությունը կարող են նորմալ հարաբերություններ ունենալ իրար հետ": Իհարկեª Իրանի նման տրամադրությունը եւս պետք չէ աչքաթող անել: Սակայն իր հետագա հայտարարություններում պարոն Զարիֆը Հայաստանի հետ հարաբերությունների հետագա խորացման թեման տարավ նաեւ այլ հարթություն: Այսինքնª Եվրասիական միությանը մեր երկրի անդամակցությունը. "Լավ հնարավորություն է ստեղծում Իրանի եւ Հայաստանի միջեւ համագործակցությունը խորացնելու համար...": Առավել եւս, որ. "Կա եռակողմ համագործակցություն Հայաստանի, ՌԴ-ի եւ ԻԻՀ-ի միջեւ...", եւ այդ համագործակցությունը, ըստ իրանցի նախարարի, վերաբերում է նաեւ կոմունիկացիաներին, այսինքնª Իրան-Հայաստան երկաթուղուն", որի նախագծին, ինչպես հայտնի է, ակտիվորեն ներգրավվել է օֆշորային գրանցում ունեցող "Ռոսիա ՖԶԷ" ընկերությունը, սակայն դժվար չէ կռահել, թե նրա հետքերն ուր են տանում: Առավել եւս, որ ընկերությունը այս ծրագրում աշխատում է "Չինաստանի հաղորդակցային ընկերության" հետ:
Ինչեւէª Իրանի ԱԳ նախարարին զուգահեռª Եվրասիական միության թեմային երեկ անդրադարձավ նաեւ նրա ենթականª Մոսկվայում Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սանայինª հայտարարելով. "Ես կարծում եմ, որ 2015թ. մենք պետք է մտածենք, որ Իրանը որոշակի տնտեսական շփումներ ունենա ԵՏՄ-ի հետ: Մենք այժմ աշխատում ենք այդ հարցի շուրջ, Իրանը մտադիր է այդ հնարավորությունն օգտագործել դեպի Ռուսաստան իր արտահանումն ընդլայնելու համար...":
Միայն թե, ըստ դեսպանի. "Կա եւս մեկ խնդիր. Ռուսաստան արտահանվող իրանական ապրանքների համար բարձր մաքսադրույքները": Դա իրոք լուրջ խնդիր է, հաշվի առնելով նաեւ, որ ներկայումս տարածաշրջանում Իրանի հիմնական մրցակից Թուրքիան կարողանում է բավականին լավ օգտվել Ռուսաստանի եւ Արեւմուտքի ներկայիս գերլարված հարաբերություններից եւ ամրապնդել իր դիրքերը ռուսական շուկայում: Այս ուղղությամբ Թեհրանն սկսել է լրջորեն հետ մնալ Անկարայից: Սակայն այդ վտանգավոր բացը լրացնելու, այսինքնª մաքսադրույքների հարցը լուծելու համար Թեհրանն արդեն ստիպված է լեզու գտնել Եվրասիական միության հետ, որն ունի բոլոր անդամ-երկրների կողմից հաստատված եւ բավականին բարձր մաքսադրույքներ:
Թերեւս այս կերպ կարելի է հասկանալ ԵՏՄ-ի հետ պայմանագիր ունենալու Իրանի ցանկությունը, բայց չմոռանանք, որ դրա հնարավորությունը նաեւ Թուրքիան ունի: Չնայած կա մեկ նյուանս. եվրասիական շուկան սկսվում է Իրանի եւ Թուրքիայի սահմաններիցª Հայաստանից, որն էլ Անկարայի նկատմամբ Թեհրանի հիմնական առավելությունն է: Օրինակª կարող է մտածել, ասենք, դեպի եվրասիական շուկա արտահանվող ապրանքատեսակներին ինչ-որ տարբերակներով հայաստանյան դրոշմավորում տալ կամª երկաթուղու հաշվին տեղափոխման ծախսերը իջեցնել եւ այլն: Մի խոսքովª Հայաստանի հետ հարաբերությունների հարցում Թուրքիայի հետ հսկայական առավելությունն Իրանի համար դառնում է եվրասիական շուկայում Անկարային շրջանցելու համար կարեւորագույն գործիք: Ու, թերեւս, հենց այս հանգամանքի հետ էլ պետք է կապել "Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնման" մասին Իրանի ԱԳ նախարարի ոգեւորված հայտարարություններն ու երկաթուղու թեմայով ակնարկները:
Մյուս կողմից էլª արտաքին առեւտուրն ապադոլարիզացնելու Իրանի այս քայլն ակնարկ է նաեւ այն մասին, թե ներկայիս աշխարհաքաղաքական ծանր իրավիճակում Թեհրանն իրեն բարիկադների որ կողմում է տեսնում: Միեւնույն ժամանակ կան մի շարք նյուանսներ, որոնք ակնարկում են, որ Վաշինգտոնը Մերձավոր Արեւելքում նկատելիորեն ավելացնելու է իր ռազմական ներկայությունը, եւ դժվար չէ կռահել, որ այդ հարվածային խմբավորման հիմնական թիրախը ոչ թե նույն Վաշինգտոնի աճեցրած ահաբեկչական խմբավորումներն են, այլ հենց Թեհրանը: Իհարկեª պատահական չէր կարող լինել, որ Իրանը դոլարային այդ թեման բարձրաձայնեց միայն անցած շաբաթ Ռուսաստանի հետ ռազմական պայմանագրի կնքումից հետո: Դրա դետալները թեեւ յոթ փակի տակ են պահվում, սակայն դժվար չէ կռահել, որ հիմնական իմաստն Իրանի մարտունակության բարձրացումն է: Համենայնդեպսª արտգործնախարար Զարիֆը եւս Երեւանում հաստատեց, որ օրակարգ է վերադարձել Իրանին ռուսական C-300 համակարգեր մատակարարելու թեման, իսկ դա հակաօդային պաշտպանության այն զինատեսակն է, որն Իրանի համար կենսական նշանակություն ունի միայն ԱՄՆ-ից ու ՆԱՏՕ-ից, իսկ տարածաշրջանային երկրներիցª միայն Իսրայելից պաշտպանվելու համար: Եվ այս սցենարի դեպքում եւս հայաստանյան սահմանը, այսինքնª այստեղ կենտրոնացված ռուսական ռազմաբազայի հետ կապի միակ ուղին Իրանի համար դառնում է առավել քան կարեւոր:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

