ԳՈՒՍԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆ.«ՄԻԱՅՆ ԱՅՍՊԻՍԻ ԲԱՆԱԿ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՐԺԵՐ ԾՆՎԵԼ»
Արխիվ 12-16ԳՈՒՍԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆ.«ՄԻԱՅՆ ԱՅՍՊԻՍԻ ԲԱՆԱԿ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՐԺԵՐ ԾՆՎԵԼ»
Այսօր ողջ հայությունը նշում է Հայոց հաղթանակած բանակի հիմնադրման 23-ամյակը: Դեռ 23 տարի առաջ կանոնավոր բանակ ունենալն ամբողջ հայության երազանքն էր, իսկ այսօր այդ երազանքը իրականություն է դարձել: Բանակի կայացման ճանապարհին մի շարք երախտավորներ, եթե ոչ զենքով, ապա իրենց խոսքով նեցուկ դարձան այն մարդկանց, ովքեր պետք է անցնեին դժվարին ուղղի`կանոնավոր բանակ ունենալու համար: Այդ երախտավորներից մեկն էլ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից ԳՈՒՍԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆՆ է, ով իր երգով խրամատում կանգնած զինակից ընկերներին դժվար օրերին հույս տվեց ու քաջալերեց մինչեւ այն երանելի պահը, երբ ազգովի կտոնեին Արցախի ազատագրման փայլուն հաղթանակը:
Այսօր Գուսան Հայկազունը հպարտությամբ է խոսում Հայոց բանակի եւ հայ զինվորի մասին.«Այսօր էլ ոչինչ չի փոխվել, ինչպես որ նախկինում էր: Մենք հերոսներ ծնող ազգ ենք եւ այդ հերոսներն են, որ այսօր պաշտպանում են մեր երկրի սահմանները: Նախորդ տարի օգոստոսին, երբ Ադրբեջանը հերթական անգամ փորձում էր խախտել հրադադարի ռեժիմը «Հայկազունք» խմբի հետ մեկնեցինք Արցախ`մեր զինվորներին ոգեւորելու համար: Այդ ժամանակ ես հասկացա, որ հայ զինվորին ոչինչ չի ընկճի, նրա ոգին միշտ բարձր է: Այդ ամենը տեսնելով շատ ոգեւորվեցի»,-«Իրավունքի» հետ զրույցում շնորհավորելով հայոց բանակի 23-ամյակը նշեց Գ. Հայկազունը եւ ավելացրեց.«Միայն ասպիսի բանակ ունենալու համար արժեր ծնվել»:
Գուսան Հայկազունու խոսքով`հայ ազգը պետք է ամեն ինչ անի ազգի գերագույն արժեքը`Հայոց բանակը պահպանելու համար, քանի որ ժամանակները շատ խառն են եւ ազգը դեռ շատ անելիքներ ունի.«Մեր բանակի ամենամեծ ձեռքբերումը հենց հայոց բանակի կայացումն է: Արցախյան պատերազմում մենք կռվում էինք որսորդական հրացաններով, իսկ այսօր բանակը վիրազինվել է: Բանակի պատրաստվածության եւ մարտունակության մասին են վկայում վերջին դեպքերը, երբ հակահարված տալով թշնամուն հայ զինվորները կարողացան հետ մղել նրան: Բանակի ու ազգի ամենամեծ նվաճումը նաեւ այն է, որ օրհասական պահին ոչ միայն Հայաստանի այլեւ ամբողջ սփյուռքի հայությունն է ոտքի կանգնում: Բանակը ամենի ինչից առաջ եւ լավ վիճակում պետք է լինի»,-ընդգծեց Գուսան Հայկազունը:
Հայոց բանակի 23-ամյակի առիթով Գուսանն արդեն ձայնագրել է մի քանի երգեր, որոնք առաջիկայում կներկայացվի հանրությանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

