Թեեւ վաղուց որեւէ ռեալ լուր չկա միջազգային հետախուզման մեջ գտնվող Վանո Սիրադեղյանից, այնուամենայնիվ, ժամանակ առ ժամանակ նրա անունն ի հայտ է գալիս տարատեսակ քաղաքականամերձ պատմություններում: Որոշ քաղաքական գործիչներ լալահառաչ շնորհավորանքներ են հրապարակում նրա ծննդյան օրվա կապակցությամբ, ժամանակ առ ժամանակ էլ ինչ-ինչ ստորագրահավաքներ են կազմակերպում` Վանոյին հայրենիք վերադարձնելու կամ նրա նկատմամբ համաներում կիրառելու առաջարկությամբ: Բայց լրիվ անսպասելի էր, որ Վանոյի անունը նորից ջրի երես դուրս կգա սովորական դատական քրեական գործի շրջանակներում:
Այսպես, Ընդհանուր իրավասության դատարանում քննվում է քր. գործ, համաձայն որի` ամբաստանյալ Արթուր Անդրեասյանը շուրջ 700 հազար դոլարի չափով "քցել է" տուժող Արտակ Գալստյանին: Գործի առնչությամբ դատարանում հիշատակվել էին բարձրաստիճան նախկին ոստիկանների անուններ, սակայն հանկարծ հնչեց նաեւ... Վանո Սիրադեղյանի անունը: Ամբաստանյալը հայտարարեց իբր տուժողը իրականում տուժող չէ, նա սկայպով խոսել է Վանո Սիրադեղյանի հետ, եւ ընդհանրապես իր գլխին սարքել է: Ինչին ի պատասխան` տուժողն ասել է, որ ընդհանրապես սկայպից չի օգտվում: Ինչեւէ, այդ հետաքրքիր դատավարությունը շարունակվում է: ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ