ԾՈԾՐԱԿՆԵՐԴ ԿՏԵՍՆԵՔ, ԱՐՑԱԽԸ ՉԵՔ ՏԵՍՆԻ
Արխիվ 12-16ԾՈԾՐԱԿՆԵՐԴ ԿՏԵՍՆԵՔ, ԱՐՑԱԽԸ ՉԵՔ ՏԵՍՆԻ
Այսօր ՀՀ զինված ուժերի կազմավորման 23-ամյակն է: Մի պատկառելի տարիք, որի ընթացքում մեր բանակը դարձել է լավագույնը տարածաշրջանում եւ իր պատրաստվածությամբ ու մարտական ոգով գերազանցում է շատ ու շատ բանակների: Եվ պատահական չէ, որ բանակը մեր երկրի առավելագույն վստահությունը վայելող կառույցն է, որի շնորհիվ բոլորն իրենց ապահով են զգում` անգամ սահմանային լարվածության շրջանում:
"ԱՐՏԱՔԻՆ ՄԱՅԴԱՆՆԵՐԸ" ՀԵՌԱՆԿԱՐ ՉՈՒՆԵՆ
Արդեն ծանոթ ձեռագիր է` հենց որ ներսում լինում է ապակայունացման որեւէ փորձ, "Բրիթիշ Պետրոլիումի" կցորդ քվազիպետություն Ադրբեջանը ստանում է առաջադրանք` սահմանագծում դիվերսիաներ իրականացնել:
Այս անգամ հենց տարվա սկզբից դրանք աննախադեպ ծավալ ունեցան եւ ընդգրկեցին սահմանագծի գրեթե ողջ երկայնքը` այդ թվում Տավուշին եւ Արցախին հարող հատվածները: Հատկապես թեժ բռնկումներ եղան, երբ Գյումրին ալեկոծվեց հրեշավոր եւ իր բնույթով առավել քան սադրիչ ճիվաղային հանցագործությունից:
Բայց հետաքրքիրը հետեւյալն է: Ի տարբերություն անցյալ տարվա օգոստոսի թեժ բռնկման, այժմ, երբ դիվերսիաների տեսքով "արտաքին մայդանները" զգալիորեն ավելի մասշտաբային էին, բնակչությունը դրան վերաբերվեց ավելի հանգիստ: Արտաքին պատվերը սպասարկող որոշակի քարոզչական կայքերի` խուճապի եւ բանակի հանդեպ անվստահությանը միտված զազրելի նյութերը մեծամասամբ եւ համատարած արժանացան վրդովմունքի եւ զզվանքի, իսկ սոցիալական ցանցերում այդպիսի տրամադրություններ սերմանողները այնպիսի տարերային հուժկու հակահարվածի ենթարկվեցին, որ դրանց չեզոքացման խնդիրն այս փուլում գրեթե լուծված է:
Ըստ էության` մեր բնակչությունն արդեն իմունիտետ ունի` Ադրբեջանի ձեռամբ անկայունություն հրահրելու փորձերի նկատմամբ: Սակայն դա չի նշանակում, որ պետական համապատասխան կառույցները չպետք է զբաղվեն փաստացի Ադրբեջանի շահերը սպասարկող վարձու քարոզիչներին եւ ոչ պակաս վարձու "կիբերասկյարներին" հայտնաբերելու ու հնարավորինս քրեական պատասխանատվության ենթարկելու գործով:
Ինչ վերաբերում է պետական այրերին, ապա հանրությունը բանակի` հարկ եղած դեպքում ամենակտրուկ քայլերի դիմելու հավաստիացումներ ստացավ` ե՛ւ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանից, ե՛ւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից: Ու առաջին անգամ այդպիսի բարձր մակարդակով ու այդքան պաշտոնապես հնչեց զգուշացումը, որ անհրաժեշտության դեպքում բանակը հակառակորդին կհասցնի կանխարգելիչ հարվածներ:
Տարատեսակ ռազմախաղերի միջոցով Հայաստանում անկայունություն հրահրելու անհեռանկար լինելը հասկացան եւ միջազգային մակարդակով: Ինչպես բնակչության, այնպես էլ բարձրագույն քաղաքական եւ ռազմական ղեկավարության տրամադրվածությունը հանգեցրեց նրան, որ պատմության մեջ առաջին անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ոչ թե կողմերին հավասարաչափ ոչինչ չասող կոչ արեցին, այլ սեփական պարտավորությունները հարգելու կոչով դիմեցին Ադրբեջանին: Թեեւ այդ հորդորի կոչը բավականին թույլիկ է, բայց, այնուամենայնիվ, չեղածից լավ է:
ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԱԿՈՒՈՒՄ
"ԲՀԿ+" ֆորմատով ինչ-ինչ գործողություններ նախաձեռնելը, կարծես թե, չի ստացվում: Հունվարի 20-ի չկայացած խորհրդաժողովից հետո լուրեր են պտտվում, որ ինչ-որ միջոցառում նախաձեռնելու են փետրվարի 5-ին: Բայց կլինի դա, թե չի լինի` այդքան մեծ նշանակություն չունի: Քաղաքական այդ ձեւաչափը կարծես քաղաքական ցուգցվանգի մեջ է` հրապարակային որեւէ քայլ անելը կամ չանելը հավասարապես վատացնելու է իրենց դիրքերը: Թերեւս դրանով է պայմանավորված, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Բելգիայում Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների անվան տակ զբաղված էր տեղի հայ համայնքին Հայաստանի դեմ տրամադրելու բավականին տգեղ եւ որեւէ դրական արդյունք չխոստացող գործով:
Ինչ վերաբերում է մեր դասական 5-րդ շարասյուներին, ապա արեւմտամոլները որոշակիորեն սպասողական վիճակում են: Թունալի, անեծքներով եւ լուտանքներով լեցուն հակաիշխանական քարոզչությունը, որը ուղեկցվում է աբսուրդի աստիճանի հասնող ռուսատյացությամբ, շատացել է, բայց խիստ կասկածելի է, որ կարճ ժամանակահատվածում արդյունքներ տա: Այդ կոնտինգենտը մեծ հույսեր է տածում, որ գլոբալ աշխարհաքաղաքական հակամարտությունում Ռուսաստանը կջախջախվի, եւ կգա իրենց աստեղային ժամը: Միաժամանակ նաեւ նրանք հուսով են, որ նոր դեսպան Ռիչարդ Միլսը ավելի վճռական կլինի, քան Ջոն Հեֆերնը, ու իրենց ավելի լավ թիկունք կկանգնի: Այդ միջավայրում այժմ նաեւ դժգոհություն է հնչում, թե Արեւմուտքը սխալ է բաշխում գրանտները: Որոշ արեւմտամոլներ առաջարկում են դրամաշնորհային ամբողջ հոսքը կենտրոնացնել երկու ուղղությամբ` կրթական եւ լրատվական-քարոզչական:
Սպասողական վիճակը պայմանավորված է նաեւ նրանով, որ "կեսբերան" ինչ-ինչ կիսապաշտոնական հավաստիացումներ են հնչում, որ մայիսին Հայաստանը միգուցե ստորագրի Եվրաասոցացման համաձայնագրի քաղաքական մասի դրույթները: Բայց մինչեւ մայիս, ինչպես կասեր ժողովուրդը, կամ էշը կսատկի, կամ` իշատերը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

