"ԻՆՉՊԵՍ ԹՈՒՐՔԻԱՆ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՐԵԿԱՄ Է"
Արխիվ 12-16"ԻՆՉՊԵՍ ԹՈՒՐՔԻԱՆ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՐԵԿԱՄ Է"
Օրեր առաջ, երբ հայ-ադրբեջանական սահմանն Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետեւանքով կրկին լարված էր, Ադրբեջանի նախագահը մեկնեց Գերմանիաª կանցլեր Անգելա Մերկելին տեսակցելու: Հանդիպումից հետո շրջանառության մեջ հայտնվեց տիկին Մերկելին վերագրվող հայտարարությունն այն մասին, թե Գերմանիան ցանկանում է ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր Ֆրանսիան փոխարինել:
Այդ հայտարարությունը, ճիշտ է, պաշտոնապես հերքվեց, սակայն եթե Մերկելն իրականում էլ նման բան չեր ասել, միեւնույն է, առաջ է գալիս այն հարցը, թե ինչո՞ւ Ադրբեջանն այդպես շահագրգռված է, որ Ֆրանսիան փոխարինվի Գերմանիայով:
ՀՀ պաշտպանության համակարգի նախկին բարձրաստիճան ներկայացուցիչ ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԻ խոսքով` Ադրբեջանը Գերմանիայի աջակցությամբ ցանկանում է կրկնել պատմությունը.
- Մենք չպետք է մոռանանք, թե գերմանացիները 19-րդ դարի սկզբին Գանձակից մինչեւ Բաքու ինչպես կոտորեցին հայերին: Այս երկու երկրները գաղափարական-բարեկամական առնչություններ ունեն, ուստիª Ադրբեջանին ձեռնտու է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների շարքում ընդգրկվի Գերմանիան: Ես բոլորովին չեմ զարմանա, եթե Գերմանիան այս հարցում հօգուտ Ադրբեջանի` հստակ դիրքորոշում ընդունի: Պետք է նաեւ ասեմ, որ համանախագահող երկրները միասին ընդունեցին Մադրիդյան սկզբունքները: Այսօր նրանց խնդիրն է` այդ սկզբունքները պարտադրել Հայաստանին, իսկ մեր խնդիրը խուսափելն է: Մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանը վերջին տարիներին իր գործունեության շնորհիվ կարողացավ Մադրիդյան սկզբունքները մի կողմ մղել, ինչը մեզ համար ամենամեծ սպառնալիքն էր: Դրանից հետո Ադրբեջանն ամեն ինչ անում է "նավթակեր" երկրներին ակտիվացնելու եւ Մադրիդյան սկզբունքների կիրառմանը հասնելու համար:
ԱԺ "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ թեեւ չցանկացավ խոսել ադրբեջանական կողմի տարածած հերյուրանքների շուրջ եւ զարմացավ, որ այդքան լուրջ են վերաբերվում այդ երկրից դուրս եկող լուրերին, այնուամենայնիվ տվեց հետեւյալ մեկնաբանությունը.
- Ինչպես Թուրքիան, այնպես էլ Գերմանիան Ադրբեջանի համար լավագույն բարեկամ երկիրն է, որի հետ տարեկան ունի մոտավորապես 2,5 մլրդ ապրանքաշրջանառություն: Ադրբեջանը ձգտում է Մինսկի խմբի համանախագահող երկրների ամբողջական ֆորմատի փոփոխությանը, եւ եթե կարողանա Ֆրանսիան փոխարինել Գերմանիայով, ապա այդ փաստը կնպաստի ադրբեջանական շահի պաշտպանությանը:
Քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ փաստեց, որ Անգելա Մերկելը Մինսկի խմբի համանախագահող երկրներից Ֆրանսիան Գերմանիայով փոխարինելու մասին հայտարարություն չի արել, պարզապես առաջարկել է, որ Գերմանիան կարող է օժանդակել արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանը.
- Այս հայտարարությունն Ադրբեջանի ցանկությունն է, որը վաղուց փորձում է փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձեւաչափը: Ադրբեջանը միշտ ցանկացել է հակամարտության կարգավորումը տանել միջազգային այլ ատյաններª լավ հասկանալով, որ միայն այդ դեպքում հնարավորություն կունենա տարածաշրջանում ավելի մեծ խնդիրներ լուծել: ԵԱՀԿ Մինսկի խումբը մի ակումբ է, որտեղ Ռուսաստանը, Ամերիկան եւ Ֆրանսիան համաձայնեցնում են իրենց քաղաքականությունը տարածաշրջանում, եւ շատ պետություններ ցանկանում են դառնալ այդ ակումբի անդամ, այդ թվումª նաեւ Թուրքիան: Եվ պատահական չէ, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ամեն ինչ անում են` այս ձեւաչափը ձախողելու եւ բանակցային գործընթացը այլ միջազգային կառույցներ տանելու համար, որտեղ հնարավորություն կունենան ավելի ազատ մանեւրել:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

