«ԲԱՆԱԿՈՒՄ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԲԱՐՔԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՆԱԵՎ 2015-ԻՆ»
Արխիվ 12-16«ԲԱՆԱԿՈՒՄ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԲԱՐՔԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՆԱԵՎ 2015-ԻՆ»
Օրերս «Իրավունքի» հյուրն էր ՀՀ ԶՈՒ հոգեւոր փոխառաջնորդ Տ. ՄՈՎՍԵՍ աբեղա ՍԱՐԳՍՅԱՆԸ, ով «Ուղիղ կապ» ձեւաչափով պատասխանեց մեր ընթերցողների եւ թերթի լրագրողների տարաբնույթ հարցերին` սկսած հոգեւորական-զինվոր հարաբերություններից, աղանդների վատ ազդեցությունից վերջացրած տեղին-անտեղին մեղադրանքներով ու բարեմաղթանքներով: Հնչած հարցերի ու Հայր Սուրբի պատասխանների եւս մի հատված ներկայացնում ենք ստորեւ.
«ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿՈՒՄ ԻՆՉ-ՈՐ ԱՂԱՆԴՆԵՐ, ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՊԻՏԻ ՔԱՐՈԶԵՆ»
-Հայր Սուրբ, մեր հոգեւորականության մուտքը բանակ մինչեւ հիմա մի նեղ, վայ շրջանակի կողմից դեռ դժվարությամբ է ընդունվում: Պատճառաբանությունն էլ հետեւյալն է` ինչո՞ւ Հայ Առաքելական եկեղեցին անարգել կարող է քարոզչություն անել բանակում, իսկ այլ կրոնական կազմակերպությունները` ոչ: Ի՞նչ կասեք այս մասին: («Իրավունք»)
-Օրենքով եկեղեցին դիտվում է որպես բացառիկ կառույց Հայաստանի Հանրապետությունում, որն իրավունք ունի տարբեր գործառույթներ իրականացնել: Իսկ պատմության ընթացքում մեր եկեղեցին միշտ եղել է ժողովրդի հետ եւ պետություն, պետականություն չունենալու դեպքում կարողացել է ժողովրդին պահել հայ, դաստիարակել հայ, հայոց լեզուն սովորեցնել, մշակույթ ձեւավորել, պատմությունը փոխանցել սերնդից սերունդ, հետեւաբար պիտի եկեղեցին լինի այդ դերում: Իսկ հիմա մի քանի տարի Հայաստանում գոյություն ունեցող ինչ-որ կրոնական կազմակերպություն, որ սնվում է օտար երկրներից, ինչո՞ւ պիտի իր օտար գաղափարներով գա եւ բանակում ինչ-որ քարոզչություն իրականացնի, այն էլ հակահայկական, հակաեկեղեցական: Գուցե իրավական դաշտին ես այնքան էլ չեմ տիրապետում, բայց մարդկային, բարոյական օրենքի դաշտում, դա չպիտի լինի ու Հայոց բանակում ինչ-որ աղանդներ, կրոնական կազմակերպություններ չպիտի քարոզեն:

- ժամանակին մամուլում շրջանառվում էր, որ աղանդավոր զինվորները հոգեւորսությամբ են զբաղվում անգամ բանակում, այսօր դա կարո՞ղ ենք բացառել: (ՔՐԻՍՏԻՆԵ, ք. Երեւան)
- Նման փորձեր լինում են եւ, բնականավար, ժամանակին կանխվում: Մենք ունեցել ենք զինվորներ զորամասերում, որոնք փորձել են իրենց կրոնական կազմակերպութան կամ աղանդի գրականությունը բերել զորամաս եւ փորձել քարոզչություն իրականցնել այնտեղ: Բայց բացահայտվելուց հետո, զորամասի հրամանատարության կողմից կասեցվել է նրանց քարոզչությունը: Իսկ հետագայում հոգեւոր սպասավորների կողմից իրականացվել է աշխատանք նրանց հետ, բացատրվել նրանց քարոզչության քայքայիչ հետեւանքները, որպեսզի չշարունակեն իրենց քարոզչությունը զորամասում, հրաժարվեն իրենց սխալ ուղուց եւ վերադառնան մեր հայրերի լույս հավատքին: Շեշտեմ, որ այս ամենն արվել ու արվում է սիրով եւ ոչ թշնաբար:
«ՆՄԱՆ ԻԳԱԲԱՐՈ ՎԱՐՔ ԴՐՍԵՎՈՐԵԼԸ ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ ԱՆՀԱՐԻՐ Է»
- Բացի աղանդավորությունը, կա եւս մի ախտ, որը, ըստ էության, կարող է նաեւ ներթափանցել բանակ: Բանակում բախվե՞լ եք նման խնդրի, որ զինվորը ոչ թե աղանդավորական, այլ համասեռամոլության ուղին բռնած լինի: («ԻՐԱՎՈՒՆՔ»)
- Բանակում չեմ հանդիպել նման խնդրի, բայց իգաբարո վարքային դրսեւորումները հայ տղամարդուն անհարիր է: Մեր հավատքին, մեր կրոնին, մեր ավանդույթներին, մեր մշակույթին հակասում են նման դրսեւորումները: Հայ տղան պիտի լինի տղամարդ տղա: Այդպիսի տղերքի շնորհիվ են եղել մեր բոլոր հաղթանակներն ու ձեռքբերումները եւ այսօր էլ Հայոց բանակում ծառայող, Հայոց սահմանը պահող տղամարդն է հայ տղան:
«ՉԿԱ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՍԵՐ, ՔԱՆ ԱՅՆ, ՈՐ ՄԱՐԴ ԻՐ ԱՆՁԸ ՎՏԱՆԳԻ Է ԵՆԹԱՐԿՈՒՄ ՀԱՆՈՒՆ ԻՐ ԲԱՐԵԿԱՄԻ»

- Ինչպիսի՞ն է այսօր զինվոր-հոգեւորական կապը: (ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Արմավիրի մարզ)
- Զորամասերում հոգեւոր սպասավորություն իրականացնող հոգեւորականները միշտ լինում են իրենց զորամասի հետ, իրենց զինվորների հետ, պարբերաբար այցելում են մարտական դիրքեր, քաջալերում զինվորներին, օրհնում, աղոթում նրանց համար: Նույնպես տարբեր առիթներով շրջում են դիրքերով եւ փորձում են բարոյահոգեբանական մթնոլորտը բարձր պահել, փորձում են ոգեւորել նրանց, որպեսզի ավելի քաջ գիտակցեն իրենց պարտականությունը: Ինչպես նաեւ գիտակցեն, որ իրենք այնտեղ շատ մեծ ու կարեւոր խնդիր են իրականացնում, որը ոչ միայն չի հակասում քրիստոնեությանը, հավատքին, մեր Եկեղեցուն, այլ ընդհակառակը, իրենք տվյալ դեպքում կատարում են Աստծո պատվիրանը, այն է`«Չկա ավելի մեծ սեր, քան այն, որ մարդ իր անձը վտանգի է ենթարկում հանուն իր բարեկամների»: Տվյալ դեպքում զինվորները գտնվելով առաջին գծում` կատարում են Աստծու պատվիրանը, որովհետեւ նրանք իրենց կյանքը վտանգի են ենթարկում հանուն իրենց բարեկամների, հանուն իրենց սրբությունների, իրենց հայրենիքի եւ իրենց հավատքի:
-Հայոց պատմության էջերը վկայում են, որ մեր երկրի առջեւ ծառացած տարբեր
դժվար իրավիճակներում հենց հոգևորականներն են եղել հայ ժողովրդի կողքին ու առաջնորդել նրանց, նույնիսկ զենք վերցրել ձեռքը: Որտե՞ղ է կորել վերը նշված հոգեւորականի կերպարը եւ որտե՞ղ է անցյալ դարերի մարդ-եկեղեցի անբաժանելի կապը: (ՆԱՐԵԿ, ք. Երեւան)
- Ճիշտ է, որ ամբողջ մեր պատմության ընթացքում եկեղեցին եւ հոգեւորականները երբ պետություն չենք ունեցել, միշտ էլ ժողովրդի ղեկավարումն իրենց ձեռքն են վերցրել: Ավելին` նույնիսկ եկեղեցականները պատմության ընթացքում գլխավորել են ազգային ինքնապաշտպանական մարտերը, ինչպես բոլորիս քաջ հայտնի Ավարայրի ճակատամարտը, երբ հոգեւորականները կազմակերպեցին աշխարհազորի կազմավորումը: Իսկ ինչ վերաբերում է այժմ տեղիք տալուն, չեմ կարծում, թե հոգեւորականները հիմա իրենց դիրքերը զիջում են հայրենիքին օգնելու գործում: Փառք Աստծու հիմա ունենք պետություն եւ բանակ, որոնք կատարում են իրենց գործառույթները, իսկ եկեղեցին` իր գործառույթները: Մայր եկեղեցին այսօր էլ հնարավորինս կանգնած է պետության կողքին: Հիմա եւս մեր հոգեւորականները ծառայելով զինված ուժերում` ամեն կերպ իրենց զորքի, իրենց անձնակազմի հետ են եւ եւ ամեն հարցում պատրաստ են աջակցել:
«ՆՄԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐՆ, ՈՒՂՂԱԿԻ, ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ ԵՆ»

- Հայր Սուրբ, 2014 թվականը հայոց բանակում հռչակվել էր փողոցային բարքերի դեմ պայքարի տարի: Ըստ Ձեզ, 2015 թվականը ինչի՞ դեմ պայքարի տարի պետք է հռչակել: (ՀԱՅՈՒՀԻ, ք. Երեւան)
- Փողոցային բարքերի դեմ պայքարը շարունակվում է նաեւ 2015-ին: Ամեն կերպ ե՛ւ հոգեւորականները, ե՛ւ զինվորականները, ե՛ւ զինվորական տարբեր բաժինները աշխատում են այդ ուղղությամբ: Այս մասին Պաշտպանության նախարարը իրավացիորեն նշել է, որ այն գործունեությունը, ինչը ծավալում ենք հիմա բանակից դուրս դպրոցներում եւ ինստիտուտներում, դրա արդյունքը հետո կտեսնենք, որովհետեւ ում հետ փողոցային բարքերի դեմ աշխատանք է տարվում, նրանք դեռ նոր պետք է գան բանակ, հետեւաբար արդյունքը նոր պիտի տեսնենք: Չնայած արդեն իսկ մեր զինված ուժերում ունենք դրական տեղաշարժ:
- Սուրբ ծննդյան պատարագին` որպես խաչքավոր հանդես եկավ Պաշտպանության նախարարը, ինչին հաջորդեց ոմանց կողմից հնչեցված տարաբնույթ մեղադրանքներ, թե սպարապետի հագուստը պետք է ռազմական հանդերձանքը լինի, ոչ թե սքեմը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս երեւույթը: (ԼՈՒՍԻՆԵ, ք. Երեւան)
- Պաշտպանության նախարարը Արարարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում եղավ Ջրօրհնեքի խաչի քավորը եւ սրա մեջ ոչ մի ամոթալի, ոչ մի բացասական երեւույթ չկա, այլ ընդհակառակը: Իսկ նման մեղադրանքներն, ուղղակի, անգրագիտության արդյունք են:
«ՍԻՐԵՆՔ ՄԵՐ ԲԱՆԱԿԸ` ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՆ, ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՊԱՀՈՂ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՈՂ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՍՅՈՒՆԸ»

-Հայր Մովսես, եթե փորձենք առանձնացնել մի քանիսը, զինվորները, ինչու ոչ, հրամանատարները հիմանականում ի՞նչ հարցերով են դիմում հոգեւորականներին: (ՏԻԿԻՆ ԷԼՅԱ, ք. Երեւան)
- Զինվորները եւ հրամանատարները բացի հոգեւոր ոլորտի հարցերից, որոնք բազմաթիվ են, նաեւ դիմում են հոգեւորականներին իրենց անձնական հարցերով, իրենց ընտանեկան խնդիրներով, որովհետեւ հոգեւորականին վստահում են եւ սիրում: Ամենակարեւորը`վստահ են, որ այն, ինչ խոսում են եւ կիսվում հոգեւորականի հետ, դա մնում է իր եւ հոգեւորականի միջեւ: Հետեւաբար, իրենց մտատանջող բոլոր հարցերի շուրջ հոգեւորականի հետ ազատ խոսում ու քննարկում են: Իմ փորձառությունից կարող եմ ասել, որ բազմաթիվ զինծառայողների հետ խոսել եմ նրանց ընտանեկան խնդիրների շուրջ, նրանց ընկերուհիների հետ ունեցած վեճերի մասին: Այնպես որ, ամեն կերպ մեր հոգեւորականները փորձում են բարի ու լավ խորհուրդներ տալ զինծառայողներին եւ եթե նույնիսկ խորհուրդներ չտան, յուրաքանչյուր ոք եթե դիմում է հոգեւորականին, իր ինչ-որ խնդրի շուրջ խոսում է, կիսվում, պատմում, դրանով արդեն իսկ թեթեւանում է եւ իր մեջ կուտակված տխրությունն ու բացասական լիցքերը վերանում են:
- Ի դեպ, նաեւ շնորհավորում եմ Զինված ուժերի 23-ամյակի կապակցությամբ եւ կխնդրեի Ձեր բարեմաղթանքը մեր զինվորներին եւ նրանց սպասող մայրերին:
- Իմ մաղթանքն է մեր ժողովրդին եւ մեր զինվորներին, որպեսզի բոլորս սիրենք մեր բանակը, մեր երկիրը պահող ու պաշտպանող ամենակարեւոր սյունը, եւ ամեն կերպ փորձենք օժանդակել բանակին: Եվ դա պարտադիր չէ, որ լինի զինվորական ծառայության տեսքով, բանակին կարող ենք օգնել մեր երեխաներին ճիշտ դաստիարակելով, մեր ճիշտ պահվածքով, մեր եկեղեցուն, մեր հավատքին, մեր պետությանը հավատարիմ մնալով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Շարունակությունը կարդացե՛ք հետեւյալ հղումով`

