"ԿԱՐԵՆԻ ՀԱՄԱՐ ԷԼ ՀԵՇՏ ՉԷՐ, ՈՐ ԻՐ ԴԵՐՈՒՄ ՏԵՍՆԻ ՈՒՐԻՇԻՆ"

Արխիվ 12-16

"ԿԱՐԵՆԻ ՀԱՄԱՐ ԷԼ ՀԵՇՏ ՉԷՐ,
ՈՐ ԻՐ ԴԵՐՈՒՄ ՏԵՍՆԻ ՈՒՐԻՇԻՆ"


Անցյալ տարի մայիսին դրամատուրգ, բեմադրիչ ԼԻԱՆԱ ԱՆԹԱՌԱՆՅԱՆԸ բեմադրեց իր իսկ հեղինակած "Վանա կատու" ներկայացումը, որտեղ հենց գլխավոր` Վանա կատվի դերում հանդես էր գալիս նրա ամուսինը, սիրված դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ ԿԱՐԵՆ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԸ: Սակայն, ցավոք, Կ. Ջանիբեկյանը այդ դերում խաղաց միայն մեկ անգամ, քանի որ չարաբաստիկ հիվանդությունը թույլ չտվեց: Այդ մասին "Իրավունքին" պատմեց Լ. Անթառանյանն ու ցավով տեղեկացրեց, որ դերասանի առողջական վիճակն օրեցօր վատանում է.

"ՊԱՐԶՎԵՑ, ՈՐ ՆՐԱ ՄՈՏ
ՉԱՐԱԲԱՍՏԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ Է..."


-Իսկապես, իր համար փափագ էր, որ խաղար այդ ներկայացումը: Ի դեպ, մինչեւ պիեսի ընթերցումը, նա չի իմացել` ինչ եմ գրում, բայց գիտեր, որ իր համար եմ գրում, եւ կոչվում է "Վանա կատու", որ ինքը պիտի լինի պատառոտված շորերով, բանալիները վրան կախված...

Այդ միտքն իրեն ոգեւորեց: Տարոն Մարգարյանը մեզ հովանավորեց, որ այդ ներկայացումը կյանքի կոչվի, ինչի համար շնորհակալ եմ իրեն, եւ երբ արդեն գումարը վերցրինք, այդ ժամանակ Կարենը հազում էր, ու իրեն բուժում էինք թոքաբորբի դեմ, բայց երբ տեսանք, որ ոչինչ չի փոխվում եւ հետազոտության արդյունքում պարզվեց, որ նրա մոտ չարաբաստիկ հիվանդություն է, ասացի` Կարեն, քանի գումարը չենք ծախսել, փորձերը չենք սկսել, ու պատասխանատվություն չկա, գումարը վերադարձնենք` ներկայացումը չանենք ու զբաղվենք քեզնով: Ասաց` ի՞նչ ես ասում, եթե ուզում ես իմ կյանքը երկարացնել, ուրեմն` դու պիտի դա անես, ու ես պիտի խաղամ, որպեսզի հանգիստ խղճով մեռնեմ, իմանալով, որ քո դիպլոմային աշխատանքը պատրաստ է: Պատկերացնո՞ւմ եք` դա ինչ էր ինձ համար. թե՛ որպես իրեն սիրող կին, թե՛ որպես հեղինակ: Այդպես, ստիպված ասացի` դե լավ, սկսենք, եւ 2 ամիս 20 օր անց ներկայացումն արդեն պատրաստ էր: Մինչ այդ էլ` իրեն ուզում էինք տանել քիմիաթերապիայի կուրս ընդունելու, չցանկացավ, ասաց. "Ո՛չ, մազերս կթափվեն, Վանա կատու չեմ կարող լինել, կխաղամ` նոր": Այդպես` մայիսի 28-ին նա խաղաց Վանա կատվի դերն ու հաջորդ օրն ընդունեց քիմիաթերապիա, որը արդյունք չտվեց, կեսից դադարեցրինք...

"ՎԵՐՋԻՆ ՀԱՇՎՈՎ,
ՊԻՏԻ ՊԱՀԵՄ ԻՄ ԸՆՏԱՆԻՔԸ"


- Այսինքն` ներկայացումը ունեցավ մեկանգամյա կյա՞նք:
- Դրանից հետո թողեցի ներկայացումը եւ զբաղվեցի Կարենի առողջական խնդիրներով, հետո արդեն հասկացա` վերջին հաշվով, պիտի պահեմ իմ ընտանիքը: Եվ մեկ անգամ էլ ներկայացումը խաղացինք աշնանը, բայց արդեն Կարենի դերում հանդես եկավ դերասան Արա Սարգսանը: Ինձ համար էլ էր դժվար, Կարենի համար էլ հեշտ չէր, որ իր դերում տեսնի ուրիշին, բայց գիտակցելով ու հասկանալով իր վիճակի լրջությունը...

"ԻՆՁ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ` ԻԲՐԵՎ ԻՐ
ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ"


- Իսկ հիմա ինչպե՞ս է իրեն զգում:
- Դե, վատառողջ է, մետաստազներն արդեն գլխուղեղում են, գիտակցությունը տեղը չէ. մեկ ճանաչում է, մեկ` չի ճանաչում, մեկ ատում է, մեկ` շատ սիրում, մեկ` օգնություն խնդրում... Ինձ դատապարտում են` իբրեւ իր հիվանդության պատճառ... Ինչեւէ, ցավում եմ, որ Կարենի պես մեծության շուրջ նման խոսակցություններ են պտտվում:

"ՈՐ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐՆ
ԻՐ ԱՆԿՈՂՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԻ"


- Իսկ տա՞նն է:
- Այո, 3-րդ մասի իր տանն է, ինքն այդպես ցանկացավ, որ վերջին օրերն իր անկողնում անցկացնի... Չէի ուզենա, որ այդպես լիներ, բայց Կարենին լավ ավարտ եմ ցանկանում... Համենայնդեպս, օր ու գիշեր աղոթում եմ Աստծուն, որ Կարենն այս աշխարհից հանգիստ խղճով գնա, նա շատ անհանգիստ է... Բայց, մի գաղտնիք ասեմ, արդեն գրում եմ "Արտիստը" պիեսը, որը կլինի իմ ու Կարենի սիրո պատմությունը...

"ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ԹՎՈՒՄ ԷՐ, ՈՐ ԻՍԿԱՊԵՍ ԸՆԿՆՈՒՄ Է ՈՒ ՀԱՍՏԱՏ ԷԼ ՉԻ ՇԱՐԺՎԻ"


- Ինչպե՞ս ընդունեց հանդիսատեսը "Վանա կատվին"` Կարեն Ջանիբեկյանի մատուցմամբ:
- Շատ լավ, ճիշտն ասած, Արա Սարգսյանի միջոցով` որպես դրամատուրգի, իմ գործն ավելի շահեց, իսկ որպես ռեժիսորի` Կարեն Ջանիբեկյանը, որ բեմում ոչինչ էլ չանի` հանդիսատեսը գայթակղված է: Բայց քանի որ նա վատառողջ էր, ես միզանսցենն այնպես էի արել, որ ինքը, իբրեւ թե, ներկայացման ընթացքում ընկնում է, բայց նա պարզապես պառկում էր բեմում` հանգստանալու համար, եւ ամեն անգամ հանդիսատեսին թվում էր, որ նա իսկապես ընկնում է ու հաստատ էլ չի շաժվի: Երկխոսություններն էլ, բնականաբար, նա արդեն չէր կարող հիշել` իր վիճակից ելնելով:

"ՄԵՐ ՏԱՆ ՇԵՄԻՆ ՇԱՆ ԾԵԾ
ՉՏՎԵՑԻՆՔ ԹՇՆԱՄՈՒՆ"


- Անկախ ամեն ինչից, ի՞նչ ճակատագիր կունենա "Վանա կատուն":
- Քանի որ ներկայացումը արծարծում է Ցեղասպանության թեման, ես դիմել եմ Վիգեն Սարգսյանին, որպեսզի այն ընդգրկվի 2015 թվականի  Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում: Այնուհանդերձ, իմ գործի մեջ ցավ կա, այն սիմվոլների վրա է հիմնված` Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանի հողերը լեզու են առել ու խոսում են մարդկային լեզվով: Վանա կատվի միջոցով արեւմտյան հողի կերպարն եմ ներառում, իսկ Մայր Հայաստանի կերպարով` խոսում եմ արեւելյան հողերի դարդի մասին: Փետրվարի 10-ին ներկայացումը կրկին կխաղանք` Գ. Սունդուկյանի անվան թատրոնի բեմում: Ես մեծ վախ ունեմ` մեր հողերը կորցնելու խնդրի վերաբերյալ, միայն մենք` հասարակ ժողովուրդը, դրանում կլինենք մեղավորը: Ներկայացման մեջ հենց այդ մասին եմ խոսում, Մայր Հայաստանն ասում է` եկեք կողքիս կանգնեք ու նայեք վերեւից, տեսեք, թե ինչ փոքր է ձեր հայրենի երկիրը, ինչ չքնաղ է այն, ընդամենը մի բուռ, եւ այդ բուռն ինչ է, որ չեք կարողանում պահել: Իսկ Վանա կատուն ասում է` Եղեռնը ձեզ դաս չեղա՞վ, երբ օրհասական պահին թշնամին թակեց մեր դուռը, մենք ձեռք ձեռքի չտվեցինք, որ պահպանենք մեր հայրենի հողը, մեր տան շեմին շան ծեծ չտվեցինք թշնամուն, հեռացանք` հետդարձի հույսով, բայց ավելի լավ չէ՞ր բարոյապես մեր տունը պահեինք ու տան շեմին նահատակվեինք, քան գնացինք խայտառակ ձեւով անապատներում բռնաբարվեցինք... Դառն է, բայց իրականությունն է, այդ օրվանից կոտրվեց հայի ոգին:

"ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼԸ
ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄ ՉԷ"


- Տիկին Անթառանյան, վերջերս Գյումրիում կատարված ոճրագործության մասին ի՞նչ կասեք:
- Դա չիմացող մարդու համար էլ պարզ է, որ լրիվ Թուրքիայի ձեռքով արված բան է: Ռուսաստանի հետ լավածություն ստեղծելը հարցի լուծում չէ, մենք դիվանագետ չենք եղել ու չենք էլ լինի, խելամիտ պետք է մոտենանք այս հարցին, ամեն ինչ պիտի անենք, որ պատմությունը հարյուր տարի անց չկրկնվի, նոր եղեռն չլինի, չէ՞ որ թուրքը` թշնամին, ժամանակ չի կորցնելու` իր դրոշը ծածանելու հայաթափ հողերի վրա: Ես երկար տարիներ ապրել եմ ռուսի հետ, իսկապես, իրենք շատ հավատքով ու հավասարակշռված, հանգիստ դատող մարդիկ են: Եթե նրանք էմոցիաներ չեն ցույց տալիս, դա դեռ չի նշանակում, որ նրանք չեն զգում ու գիտակցում հարցի լրջությունը: Ինչո՞ւ են ասում` մի կատաղեցրեք ռուսին:

Զրույցը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում