ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆ ԻՐԱՆԸ ԵՎՍ ՀՐԱԺԱՐՎԵՑ ԴՈԼԱՐՈՎ ԱՌԵՎՏՐԻՑ
Արխիվ 12-16ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆ ԻՐԱՆԸ ԵՎՍ ՀՐԱԺԱՐՎԵՑ ԴՈԼԱՐՈՎ ԱՌԵՎՏՐԻՑ
Կիրակի օրը Եվրոպան առավել քան լարված հետեւում էր Հունաստանում ընթացող խորհրդարանական ընտրություններին: Մտավախության առիթ Հին աշխարհամասը, եւ առաջին հերթինª նրա տնտեսական առաջնորդ Գերմանիան ուներ: Բանն այն է, որ հենց Գերմանիան է տեւական ժամանակ փորձում լուծում տալ Հունաստանի հայտնի տնտեսական ցնցումներին, որի ռեզոնանսային ալիքները լուրջ հարվածներ են հասցնում Եվրամիության հիմքերին: Եվ ահա այս ընտրություններն են, որ պետք է տային այն հարցի պատասխանը, թե այդպես էլ չհաղթահարված հունական այդ ճգնաժամը կշարունակի՞ ցնցել Եվրոպան:ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԿՊԱՅԹԵՑՆԻ՞ ԵՄ-Ն
Արդյունքումª կարծես թե իրականություն են դառնում Բեռլինի վատթարագույն մտավախությունները, ինչը, ի դեպ, սպասելի էր: Այսինքնª ընտրությունների արդյունքում Հունաստանի տնտեսաքաղաքական կյանքը եվրոպական հակաճգնաժամային ծրագրով առաջ տանող եւ ձախողված իշխող ուժից իշխանությունն անցնում է ձախ ծայրահեղականներին, որոնց քարոզարշավի առանցքն այն գաղափարն էր, ըստ որիª Եվրոպան կա՛մ պետք է գնա հսկայական զիջումների, այդ թվումª չեղյալ համարի Հունաստանի ունեցած մոտ 250 միլիարդ դոլարանոց վարկային պարտքի մեծ մասը, կա՛մ Աթենքը կգնա եվրագոտուց եւ նույնիսկª Եվրամիությունից դուրս գալու ճանապարհով: Իհարկեª ԵՄ-ի ընդհանուր տնտեսության մեջ գրեթե անտեսանելի Հունաստանի նման քայլը կարող էր ոչ մեկին էլ չմտահոգել: Բայց ներկայիս իրավիճակում դա կարող է դառնալ այն կայծը, որը միանգամից եվրագոտուց եւ ԵՄ-ից դուրս գալու բում կառաջացնի ողջ Եվրոպայով մեկ, այն էլ, երբ այդ գաղափարախոսությունը լրջորեն խմորվում է մինչեւ իսկ ԵՄ առաջատար պետություններումª Ֆրանսիայում, Բրիտանիայում եւ այլն: Երկրորդը. Հունաստանի նման հակաեվրամիութենական դեմարշը կարող է նորանոր հարցեր առաջ բերել ԵՄ-ին անդամակցել ցանկացող կամª այդ համակարգի հետ այս կամ այն չափով ասոցացվող երկրներում, թե այդ ինչ ենք կորցրել այդ միությունում, երբ դրա անդամներն են այնտեղից դուրս գալիս: Եվ, վերջապես, կա նաեւ այն համոզմունքը, որ Հունաստանի նման քայլը կարող է մի այնպիսի հարված հասցնել եվրոյին, որի դեմ հակաքայլեր նույնիսկ եվրոպական մասնագետներն այս պահին չեն էլ տեսնում: Իսկ մյուս կողմից էլ, եթե այս հեռանկարներից խուսափելու համար Գերմանիան որոշի ընդառաջ գնալ Հունաստանի տնտեսական պահանջներին, ապա հաստատ անմիջապես կբախվի ԵՄ երկրներից շատերի նույն կարգի պահանջների հեղեղինª մենք ինչո՞վ ենք վատ Հունաստանից պատճառաբանությամբ:
ԴՈԼԱՐԻ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ
Իհարկեª այս բոլոր քայլերը դեռ մի որոշ ժամանակ են պահանջում, թեեւ ոչ շատ երկարª ամիսներ, եւ այս ընթացքում ԵՄ-ն դեռ կփորձի հույների հետ ինչ-որ կերպ լեզու գտնել, թեեւ մասնագետներն անգամ դեռ չեն պատկերացնում, թե նման ծայրահեղ հակասական իրավիճակում կարո՞ղ է առհասարակ "ոսկե միջին" ասված տարբերակ գոյություն ունենալ: Առավել եւս, որ Հունաստանում իշխանության եկած ձախ ուժերի "սյուրպրիզներն" այսքանով չեն սահմանափակվում. նրանց ծրագրային դրույթներից մեկն էլ Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցներից Աթենքի դուրս գալն ու ռուսների հետ հարաբերությունների կարգավորումն է, որը, ի դեպ, համարվում է առաջնահերթ գործողություններից մեկը: Իսկ որ Աթենքի նման քայլը իր հերթին կարող է այս հարցում եւս շղթայական ռեակցիա առաջ բերել ողջ ԵՄ-ով մեկ, անգամ եվրոպական փորձագետները չեն կասկածում: Սա արդեն նաեւ ԱՄՆ-ի համար է լուրջ խնդիր դառնում. Դոնբասում պատերազմն աննախադեպ մասշտաբների է հասել, եւ դեռ անցած շաբաթ էր ակնհայտ, որ Կիեւը գործնականում արդեն կորցրել է դոնբասյան բանակի հարձակումները կասեցնելու բոլոր հնարավորությունները: Եվ ահա այս օրերին առանց այդ էլ լուրջ կորուստներ կրած ուկրաինական զորքերի ամենախոշոր խմբավորումներից մի քանիսը կա՛մ արդեն հայտնվել են շրջափակման մեջ, կամ նման ռեալ վտանգի առաջ են, ու այդ օպերացիաների ավարտից հետո Դոնբասի բանակի առաջ կբացվեն ուկրաինական բոլոր ճանապարհները: Վաշինգտոնը, թերեւս, ռազմական իրավիճակը շտկելու այլ ելք չտեսնելովª նորից սկսեց ակնարկել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին: Բայց այս դեպքում խնդիրն այն է, որ Եվրոպան առանց այդ էլ հին պատժամիջոցների ձեռքն է կրակն ընկել, իսկ Հունաստանից եկող ազդակները գործնականում ձախողում են վաշինգտոնյան նոր պատժամիջոցներին միանալու ամեն մի հնարավորություն:
Իրավիճակն ԱՄՆ-ի համար բարդանում է նաեւ նրանով, որ մի կողմից, եթե հրատապ ինչ-որ լուծում չգտնի, Դոնբասի հարձակումները կարող են ոչ միայն Կիեւի համար ռազմական տեսանկյունից, այլ նաեւª Վաշինգտոնի համարª աշխարհաքաղաքական տեսանկյունից լուրջ պարտության վերածվել: Իսկ իրավիճակի կայունացման դեպքում, այն էլ երբ Հունաստանի օրինակով Եվրոպայում սկսել են իշխանության գալ ռուսների եւ ամերիկացիների հանդեպ հավասարակշռված սեփական քաղաքականությանը կողմնակից ձախ ուժերը, դա միջնաժամկետ հեռանկարում կարող է ծանր հարված դառնալ դոլարի համաշխարհային հեգեմոնիայինª դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Մյուս կողմից էլª այս օրերին Չինաստանից եկող ազդակները եւ, մասնավորապես, արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյիի այն հայտարարությունը, թե Պեկինը "արտակարգ կարեւորություն է տալիս Ռուսաստանի հետ բազմակողմանի ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացմանը", արդեն իսկ պետք է, որ Վաշինգտոնում առկա մտավախությունները բազմապատկենª հաշվի առնելով, որ Մոսկվայի եւ Պեկինի այդ հարաբերությունների հիմնական առանցքներից մեկն է դոլարից հրաժարվելու գաղափարը: Եվ այդ մտավախությունները պետք է, որ գագաթնակետին հասցնի Իրանի Կենտրոնական բանկի հայտարարությունը, թե. "Արտաքին առեւտրային պայմանագրեր կնքելիս այսուհետեւ կօգտագործվեն այլ վալյուտաներ, այդ թվումª չինական յուան, ռուսական ռուբլի, եվրո, թուրքական լիրա եւ այլն": Այսինքնª գործնականում ամեն ինչª բացի դոլարից: Եվ հաշվի առնելով այն փաստը, որ այս հայտարարությունը Թեհրանը հնչեցրեց անցած շաբաթ Ռուսաստանի հետ մեծ ռազմական պայմանագիր կնքելուց հետո, հազիվ թե այն հնարավոր լինի պատահական մի բան համարել:
Այս իրավիճակն արդեն իսկ հուշում է, որ դոլարի համաշխարհային մոնոպոլիայի հարցով մոտ ժամանակներս, եթե ոչ առաջիկա ամիսներին, շատ բան արդեն կսկսի տեսանելի դառնալ:
Իսկ ինչ վերաբերում է արտաքին առեւտրում դոլարից հրաժարվելու Իրանի այդ քայլին, ապա դա նախ ամենաուղղակի առնչությունն ունի նաեւ Հայաստանի հետª հաշվի առնելով, որ խոսքը, վերջին հաշվով, մեր հիմնական հարեւաններից եւ առեւտրային գործընկերներից մեկի մասին է: Այս հարցի հետ կապված, թերեւս, մանրամասներ կպարզվեն Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հայաստանյան ընթացող այցի շրջանակներում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

