«ՄԻ ՈՉՆՉՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԱԶԴԵԼ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ»
Արխիվ 12-16«ՄԻ ՈՉՆՉՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԱԶԴԵԼ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ»
Թեպետ թվում էր, որ Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած Ավետիսյանների դաժան սպանությունից հետո գոնե այս հարցում կլինի քաղաքական անդորր եւ ազգովի կհաղթահարենք վիշտն ու ցավը, ապա կպահանջենք արդար դատաստան, սակայն այստեղ էլ եղան քաղաքական շահարկումներ: Եվ, իհարկե, այս «առիթը» չէր կարող բաց թողնել նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով իր պարտքը համարեց կրկին հարցազրույց տալ ու Գյումրու դեպքերն օգտագործել` իշխանություններին քննադատելու համար: Ուշագրավ էին հատկապես քոչարյանական հետեւյալ տողերը. «Դա կանխելու համար անհրաժեշտ էին իշխանությունների կայծակնային առաջանցիկ գործողությունները»:
Ռ. Քոչարյանի վերոնշյալ հարցազրույցի, ինչպես նաեւ Գյումրիի դեպքերին հաջորդած հայ-ռուսական տրամադրությունների մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ:
«ՀՀ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒԶՈՒՄ ԷՐ ԱՍԵԼ, ՈՐ ԴԵՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ ԵՎ ՈՉ ԱՎԵԼԻՆ»
-Պարոն Բաղդասարյան, արդյո՞ք համաձայն եք ՀՀ երկրորդ նախագահի արտահայտած այն մտքին, թե Գյումրու դեպքերի հետ կապված` անհրաժեշտ էր իշխանությունների կողմից կայծակնային առաջանցիկ գործողություններ կիրառել:
- Պարզապես, դրանով ՀՀ երկրորդ նախագահն ուզում էր ասել, որ դեմ է սահմանադրական բարեփոխումներին եւ ոչ ավելին: Այնպես որ, բնականաբար, ես չեմ կիսում այդ տեսակետը:
- Այնուամենայնիվ, չե՞ք կարծում, որ հենց նման կայծակնային առաջանցիկ գործողությունների արդյունք էին մարտիմեկյան դեպքերը:
- Ընդհանրապես, չեմ ցանկանում իմ երկրի նախագահների խոսքերը մեկնաբանել, քանի որ նրանք ինձ համար սիմվոլներ են: Իսկ եզրակացությունները թողնում եմ ձեզ:
«ՆՈՒՅՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՆՉ ՈՐ ՄԵՆՔ ՈՒՆԵԻՆՔ, ՈՒՆԵԻՆ ՆԱԵՎ ՌԴ ԴՈՒՄԱՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ»
-Ի դեպ, օրերս Դուք նույնպես Գյումրիում էիք` ՌԴ Դումայի պատվիրակության հետ: Ի՞նչ տրամադրություններ են տիրում այսօր հայ-ռուսական հարաբերություններում:
- Այն նույն տրամադրությունները, ինչ որ մենք ունեինք, նույնը ունեին նաեւ ՌԴ Դումայի պատվիրակության անդամները: Նրանք նույնպես լրջորեն տրամադրված էին հետեւողական լինել, որ մարդասպանը պատժվի ամենախիստ ձեւով, եւ իրենք ոչինչ չեն խնայելու` բուն դրդապատճառները բացահայտելու համար: Ինչ վերաբերում է նախաքննության այս փուլին, չեմ ուզում որեւիցե վարկածներ առաջ քաշել եւ եզրահանգումներ անել, նույնը նաեւ նրանք:
- Սադրանքները, հակառուսական տրամադրությունները, ըստ Ձեզ, արդեն անցյալո՞ւմ են, թե շարունակում են խմորվել:
- Դե, բնականաբար, դա պետք է լինի: Եթե այս դեպքը չլիներ, մեկ այլ առիթով այդ նույն մարդիկ նման գործողություններ պետք է կատարեին: Ընդհանրապես, դրանց այդքան լուրջ ուշադրություն չպետք է դարձնել: Մի ոչնչության արարք չի կարող ազդել հայ-ռուսական հարաբեությունների վրա: Ես դա ուղղակի աբսուրդ եմ համարում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

