ԶԱՐՄԱՆՔ
Արխիվ 12-16
Եթե չլինեին զոհեր խլող սահմանային կրակոցները, ապա հարեւան մազութային սուլթանատը եւ դրա բռնապետ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ զվարճանքի անսպառ աղբյուր կլինեին: Հունվարի 15-ին Ադրբեջանում խորհրդարանական լսումներ են անցկացվել ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքների վերաբերյալ, ըստ որում ենթանիստերը ներառել են ԱՄՆ-ում էթնիկ, ռասսայական եւ կրոնական խտրականության հարցերը, ազատ մտքի ու լրատվամիջոցների ազատության խախտումները, նաեւ` թե ինչու են օրենսդիրները երկակի չափանիշներ կիրառում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանդեպ: Դե ինչ ասես սրան, թեեւ ԱՄՆ-ում մարդու իրավունքների եւ խոսքի ազատության հարցերը, մեղմ ասած, անթերի չեն, սակայն, որ դրա մասին խոսում է Ադրբեջանը, ուր իսպառ վերացված են ցանկացած իրավունքներ, դա մոտավորապես նույնն է, որ, ասենք, սերիական մարդասպան Չիկատիլոն ինչ-որ մեկին գլխին քարոզ կարդար, թե սպանությունները մեծագույն մեղք են:
Ի դեպ, Ադրբեջանում ռազմական տեղեկատվությունը իսպառ փակի տակ դնելը հանգեցրել է զարմանալի մի երեւույթի` հենց որ սուղ տեղեկատվություն հայտնվեց, որ գետնատնակում 3 ասկյար է զոհվել, ադրբեջանական ֆորումներում անանուն օգտատերերը սկսեցին սարսափելի պատումներ գրել, թե ինչպես են հայերը գրոհով վերցրել որոշակի դիրքեր, եւ մի բան էլ ադրբեջանական դրոշը մտցրել են ասկյարներից մեկի հետույքը: Ինչեւէ, ադրբեջանական լրատվական դաշտի վրա ծիծաղում են ոչ միայն սոցցանցերի հայ օգտատերերը, այլեւ ՊՆ մամլո խոսնակ ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Իր տարածած հայտարարությունում նա հուշում է Ադրբեջանի բնակչությանը, թե հատկապես ադրբեջանական բանակի որ կորպուսներում փնտրեն իրենց զոհված հարազատների բազում դիակները: Իսկ վերջում ասում է. "Ի դեպ Ադրբեջանի ՊՆ-ին խորհուրդ կտայինք տարբերել ականանետը նռնականետից, քանի որ ականանետի դեպքում զոհերն ու ավերածությունները լրիվ այլ կլինեին":
Այն, որ արեւմտյան դիվանագետները հաճախ իրենց թույլ են տալիս դիվանագիտական կարգավիճակի հետ անհամատեղելի արտահայտություններ, նորություն չէ: Ահա ինչ զարմանալի բան է իրեն թույլ տվել Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպան ՀԱՆՍ-ՅՈՀԵՆ ՇՄԻԴՏԸ. "Ես չեմ կարող անտարբեր մնալ, քանի որ աշխատել եմ այդտեղ: Ռուսաստանի մոտեցումը դիտարկելիս` ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ ռուսական բանակը, ռուսները տերերն են, իսկ հայերը` ստրուկներ: Դա բավականին բնորոշ է Ռուսաստանի վարած քաղաքականությանը, եթե մի պահ հայացք նետենք անցած դարի պատմությանը, կտեսնենք դրա ակնհայտ դրսեւորումները": Զարմանալի է, թե ինչպիսի լկտիության կարող է հասնել վայ-դիվանագետը, եւ ինչպես է թույլ տալիս իրեն այդքան էժանագին օգտագործվել այն պղտոր քարոզչահոսքում, որը միտված է հայ-ռուսական հարաբերությունները վատթարացնելուն: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, մնում է գալ եզրակացության, որ ժամանակն է անհամություն արած որեւէ գործող դեսպանի 24 ժամում արտաքսել երկրից, որպեսզի դա դաս լինի ե՛ւ գործող, ե՛ւ նախկին դեսպաններին:
Որոշ շրջանակներն էլ իրենց անգլոսաքս վերադասից ստացել են ցուցում` ամեն գնով քննադատությունից պաշտպանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ ՋԵՅՄՍ ՈՒՈՐԼԻՔԻՆ, որը օրերս "Թվիթերի" միջոցով փնթիավարի դիմել էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին` առաջարկելով դադարեցնել լարվածությունը սահմանագծում: Պարզ է, որ այդպիսի "պարիտետային" մոտեցումը, այն էլ ոչ թե պաշտոնական դիվանագիտական խողովակով, այլ սոցցանցերի միջոցով, անհանդուրժելի եւ դատապարտելի է: Բայց արի ու տես, որ ոմանք, զորօրինակ, լոնդոնասեր Ստյոպիկ Սաֆարյանը զարմանալիորեն այլ ձեւ չէր գտել պաշտպանելու իր սիրելի Ուորլիքին, քան լաչառավարի հարձակվելու քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի վրա այն բանի համար, որ վերջինս Ուորլիքի հայտարարությունները որակել է զազրելի:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

