ԲՀԿ-Ն ԻՐ ՀԱՄԱՐ ՀԱՆԴԻՍԱՏԵՍ Է ՀԱՎԱՔՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅԻ ԱՆՎԱՆ ՏԱԿ
Արխիվ 12-16
Թանկարժեք հյուրանոցներում նախատեսվող անօրակարգ ժողովներին զուգահեռ` "Համաժողովրդական շարժման" շարժիչ ուժ ԲՀԿ-ն չի մոռանում նաեւ սփյուռքը, որին եւս փորձում է ներքաշել ինչ-ինչ խաղերի մեջ: Ինչպես գրվել է մամուլում, սփյուռքի հետ ԲՀԿ-ականների առաջին հանդիպումն անցկացվել է Մոսկվայում, որտեղ "հայտնի" մեթոդով մարդկանց հավաքել էին հյուրանոցի դահլիճում, որպեսզի Վարդան Օսկանյանը դասախոսի, թե ինչքան լավն է ԲՀԿ-ն: Լինելով "հմուտ" դիվանագետ, Օսկանյանն իր մոսկովյան ելույթում սահմանափակվել էր զգուշավոր ու լղոզված ձեւակերպումներով, սակայն Եվրոպայում տեղի է ունեցել լրիվ հակառակը:Ինչպես պնդում են մեր աղբյուրները, մի քանի օր առաջ Բրյուսելում տեղի է ունեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հանդիպումը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հետաքրքիրն այն է, որ ելնելով մոսկովյան հանդիպման դառը փորձից` այս անգամ "մասսովկան" ապահովվել էր ոչ թե գումար խոստանալու, այլ շատ ավելի խորամանկ եւ միաժամանակ անբարոյական քայլի միջոցով: Բանն այն է, որ Բրյուսելի հայ համայնքում չունենալով համակիրներ եւ աջակիցներ, հանդիպման կազմակերպիչները որոշել են խաղալ սփյուռքահայերի հոգու նուրբ լարերի հետ եւ հայտարարել են, որ հանդիպումը նվիրված է Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված հարցերին: Այսպիսի ցածրակարգ հնարքի միջոցով էլ տեղի հայ համայնքին անծանոթ կազմակերպիչները հանդիսատես էին ապահովել` ԲՀԿ-ի քաղաքական քարոզչությունն իրականացնելու նպատակով:
Ինչ վերաբերում է հանդիպման բովանդակությանը, ապա դիվանագիտական փորձառության ակնհայտ պակաս ունեցող Նաիրա Զոհրաբյանը, ի տարբերություն Օսկանյանի, Բրյուսելում թույլ է տվել ֆալստարտ եւ ժամանակից շուտ բացահայտել ԲՀԿ-ի խաղաքարտերը` գաղտնազերծելով "Համաժողովրդական շարժում" կոչվող մեգաներկայացման իրական նպատակը: Այսպես, գործող իշխանություններին քննադատելուց եւ մարդկային բոլոր մեղքերում մեղադրելուց հետո Նաիրա Զոհրաբյանը հավաքվածներին ներկայացրել է, թե ինչքան լավ նախագահի թեկնածու է Գագիկ Ծառուկյանը: Այո՛, հենց այդպես կտրուկ, ուղիղ եւ անկեղծ: Իսկ որպես ասվածի վառ ապացույց` Ն. Զոհրաբյանը տեղի մի քանի մարզիկներին Գ. Ծառուկյանի անունից հանձնել է պատվոգրեր ու նվերներ: Հանդիպման ավարտին էլ տեղի է ունեցել ճոխ ու շքեղ հյուրասիրություն, որի համար վճարվել է Հայաստանից բերված կանխիկ գումարով: Սրանով ԲՀԿ-ն փորձել է ցույց տալ, որ պատրաստ է առատաձեռն գտնվել եւ ֆինանսավորել բոլոր այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք արտերկրում կզբաղվեն ԲՀԿ-ի PR-ով:
Այս ամենը պարզապես ծիծաղելի կլիներ, եթե այդքան ցավալի չլիներ: Թվում էր, թե չկա հայ, որ չհասկանա սփյուռքահայի համար Ցեղասպանության թեմայի նրբությունն ու կարեւորությունը, բայց արի ու տես, որ կա մարդկային տեսակ, որի համար չկան բարոյականության սահմաններ:
Մինչեւ ո՞ւր:
Հ. ՏԵՐ-ՎԱՀԱՆՅԱՆ

