«ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՈՉԻՆՉԻՑ ՉԵՆ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՎ ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱՐԺԱՆԻ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՏԱԼ»
Արխիվ 12-16«ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՈՉԻՆՉԻՑ ՉԵՆ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՎ ՄԻՇՏ
ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱՐԺԱՆԻ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՏԱԼ»
Հայոց բանակի կազմավորման 23-ամյակին եւ երիտասարդների ու սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ այսօր «Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրի հյուրը ՀՀ ԶՈՒ հոգեւոր փոխառաջնորդ Տ. ՄՈՎՍԵՍ աբեղա ՍԱՐԳՍՅԱՆՆ էր: Հայր Սուրբին ուղված մեր ընթերցողների հեռախոսազանգերն ու ֆեյսբուքյան հարցերը մեծամասամբ վերաբերում էին հոգեւորական-զինվոր փոխհարաբերություններին, առաջին հերթին հենց բանակի դեմ ուղղված աղանդավորական շարժումներին եւ, իհարկե, Սուրբ Սարգսի տոնը նշելուն ու մերօրյա հերոսների` սահմանապահների առօրյային, որոնց ամենամոտ կանգնած են ՀՀ ԶՈւ հոգեւոր ծառայողները: Մինչ հնչած հարցերին անդրադառնալը, «Իրավունքը» Հայր Մովսեսից հետաքրքրվեց, թե ի՞նչ հոգեբանական վիճակում է գտնվում այսօր դիրքապահ զինվորը, երբ վերջին շրջանում խիստ լարված իրավիճակ էր սահմանում: Ի պատասխան Հայր Սուրբը նշեց.
- Մենք այստեղ քաղաքում մեր տներում նստած անհանգստանում ենք ու խոսում լարված վիճակի մասին: Բայց երբ լինում ես զորամասում` տվյալ լարված դիրքերը պահող զինվորների շրջանակներում, հասկանում ես, որ եթե լարված իրավիճակ կա, ապա միայն քաղաքում է: Այստեղ զինվորները ոչինչից չեն վախենում եւ ռեալ կատարում են իրենց պարտականությունները ու միշտ պատրաստ են արժանի հակահարված տալ թշնամուն: Նրանք պատրաստ են կատարել ցանկացած մարտական խնդիր, որ կտան իրենց հրամանատարները:
- Փաստորեն, իրականում սահմանում որեւէ խուճապ չի՞ լինում:
- Երբեք չեմ զգացել ու չեմ լսել, որ որեւէ տեղ մեր զինվորների մոտ խուճապ առաջանա: Խուճապ կարող է առաջանալ այստեղ` քաղաքում` տարբեր լրատվամիջոցների չափազանցված տեղեկատվությունների հիման վրա, մինչդեռ երբեք սահմանապահ զորամասերում կամ դիրքերում խուճապ չի առաջանում: Այնտեղ մարդիկ շատ լավ գիտակցում եւ տիրապետում են իրավիճակը: Ընդհակառակը, որքան հակառակորդի ագրեսիվ գործողությունների ընթացքում միջադեպեր են լինում, այնքան հայկական կողմը` մեր զինվորները առավել եւս դառնում են պատրաստակամ լավագույնս կատարելու իրենց առաջադրված մարտական խնդիրները` հայրենիքի պաշպանությունը եւ սահմանների անվտանգությունը լիարժեքորեն ապահովելու համար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հոգեշնորհ Տ. Մովսես աբեղա Սարգսյանի «Ուղիղ կապին» հնչեցված հարցերի պատասխանները կարդացե՛ք «Իրավունք» թերթի չորեքշաբթի օրվա համարում:

