ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ՍԱՐՍԱՓԵՑՐԵ՞Լ Է ԲԵԼԳԻԱՀԱՅԵՐԻՆ
Արխիվ 12-16ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ՍԱՐՍԱՓԵՑՐԵ՞Լ Է
ԲԵԼԳԻԱՀԱՅԵՐԻՆ
Կարծես թե, հայաստանյան մարզերում «համազգային շարժումներ» ստեղծելու ԲՀԿ-ական ծրագիրը չիրագործվեց, քանի որ վերջիններս հույսները հայրենիքից կտրած փորձում են նմանատիպ շարժումներ ստեղծել Եվրոպայի հայաշատ վայրերում: «Իրավունքն» արդեն իսկ անդրադարձել էր, որ մի քանի օր առաջ Բրյուսելում տեղի է ունեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հանդիպումը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այժմ վերոնշյալ հանդիպման մասին «Իրավունքը» պարզեց ներկաների ստացած տպավորությունը: Ինչպես նշում է մեր հավաստի աղբյուրը, հանդիպման ժամանակ տիկին Զոհրաբյանի դյուրագրգիռ ու պիսիմիստական ելույթը նախ սարսափեցրել է ներկաներին,
ապա վերջնականապես մարել է նրանց մոտ հայրենիք վերադառնալու ցանկությունը: Թեպետ հանդիպումը նվիրված է եղել Ցեղասպանության 100-րդ տարելիցին, բայց, ըստ էության, բացառապես խոսվել է այն մասին, որ Հայաստանն ապրելու տեղ չէ, չկա պետություն, չկա օրենք եւ այդ անապատում միակ օազիսը նույն ինքը` ԲՀԿ-ն է: Մոռանալով, որ բելգիահայերը վաղվա ընտրություններին ԲՀԿ-ին ձայներ, եթե անգամ շատ ցանկանան էլ չեն կարող ապահովել` այնուամենայնիվ, Ն. Զոհրաբյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունից տեղի մի քանի մարզիկներին հանձնել է պատվոգրեր ու նվերներ: Ավելին` կազմակերպել ճոխ ու շքեղ հյուրասիրություն, որի համար առատաձեռն վճարվել է: Այո, նյութական շռայլությամբ Հայաստան-Սփյուռք կապին սեպ խրելու առաջին փորձը Ն. Զոհրաբյանի մոտ ստացվել է «փայլուն»: Մնում է այս հանդիպումից դասեր քաղել եւ հնարավորինս զերծ պահել սփյուռքահայերին հայրենիքը վատաբանող չստացված դիվանագետներից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

