ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԴԱՌՆՈՒՄ
Արխիվ 12-16ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է
ԴԱՌՆՈՒՄ
Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ ՌՈՒԲԵՆ ՀԱՅԹՅԱՆԻ խոսքով` նախորդ տարվա նոյեմբերից-դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում Հայաստանի սպառողական շուկայում գրանցվել է 30-60 տոկոս թանկացումներ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած այս տարի հացաբուլկեղենը վաճառվում է 10-20 դրամով ավելի. «Ճիշտ է ներկա դրությամբ այդ 30-60 տոկոս թանկացումները չկան, սակայն նախորդ տարվա այս ժամանակաշրջանի համեմատ տարբերությունը ահռելի է, մանավանդ լայն սպառման ապրանքերի գների առումով: Թանկացել են թռչնամիսը, կաթնամթերքը եւ այլ ապրանքներ»,- նշեց Ռ. Հայթյանը: Այս ամենի մեջ պարոն Հայթյանը տեսնում է նաեւ սպառողների մեղքի բաժինը, քանի որ վերջիններս անտարբեր են դարձել եւ անտարբերությունը տարիների ընթացքում ձեւավորել է այն մոտեցումը, որ ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լինի. «Այս անտարբերությունը շատ վտանգավոր է, որովհետեւ հող է նախապատրաստում առաջիկայում էլեկտրաէներգիայի, գազի, ուղեվարձի թանկացումների համար: Սպառողը չպետք է հնազանդ ու հանգիստ սպասի, որպեսզի այդ ամենը տեղի ունենա»,-ընդգծեց սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահը: Նա նաեւ նկատեց, որ թանկացումները ոչ բոլոր դեպքերում են հիմնավորված, իսկ ինչ վերաբերում է ապրանքների որակին, ապա դրանց որակը գրեթե չի փոխվել:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

