Հայկական հարուստ մշակույթից, չգիտես ինչու, մեր բոլոր հարեւան երկրները ցանկանում են իրենց համար բաժին հանել, ավելի ճիշտ` սեփականաշնորհել ու դարձնել իրենց սեփականությունը: Հետո էլ աղաղակել, որ ունեն այնպիսի մշակույթ, որ աշխարհում ոչ մի երկիր չունի: Այսպիսով`` Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը Վրաստանում գտնվող հայկական եկեղեցիները մեզ վերադարձնելու պահանջով դիմել է Վրաստանի կառավարությանը:
Պարզվում է` մինչեւ խորհրդային կարգերի հաստատումը, Վրաստանում եղել է 442 եկեղեցի: Տարիների ընթացքում գտնվելով օտարների վերահսկողության տակ` այդ եկեղեցիներից շատերը քանդվել կամ մասամբ ոչնչացվել են: Վիրահայոց թեմի արդարացի պահանջը նպատակ ունի գոնե ոչնչացումից փրկել այն եկեղեցիները, որոնք կիսով չափ կանգուն են: Թե որքանով վրացական կառավարությունը կապահովի վիրահայոց թեմի պահանջը, "Իրավունքը" փորձեց ճշտել մասնագետներից. "ԱՅՍ ՀԱՐՑՈՒՄ ՄԻ ՔԻՉ ՈՒՇԱՑԵԼ ԵՆՔ"
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի տնօրեն, հուշարձանագետ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. - Այս հարցում մի քիչ ուշացել ենք, սակայն կարեւոր է, որ խնդիրն արժեւորվել է: Ի վերջո, հնարավոր է, որ այս խնդրին երբեւէ չանդրադառնային, եւ նման պահանջ չներկայացվեր Վրաստանի կառավարությանը: Անձամբ, շատ ուրախ եմ, որովհետեւ խիզախ քայլ է արվել: Թե որքանով կբավարարվի ներկայացված պահանջը, ցույց կտա ժամանակը, որոշ չափով էլ մեր հետագա որոշիչ քայլերը:
"ԿՐԿԻՆ ՎՏԱՆԳ ԿԱ, ՈՐ ԱՅԴ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ ԿՈՉՆՉԱՑՎԵՆ"
Հասարակական, մշակութային գործիչ ԱՆԴՐԱՆԻԿ սարկավագ ՄԱՆՈՒԿՅԱՆ. - Եթե այսօր Վիրահայոց թեմն է այս խնդիրը բարձրացրել, ուրեմն տեղին է, քանի որ կրկին վտանգ կա, որ այդ եկեղեցիները կոչնչացվեն: Տարիներ շարունակ դրանք ոչնչացվել են, այսօր կրկին մեր ձայնն ենք բարձրացրել եւ ասում ենք` մի՛ արեք, մի՛ ոչնչացրեք: Ներկայացված պահանջն արդարացի է, մենք նրանց չենք ասում` ձեր եկեղեցիները մեզ տվեք, այլ ասում ենք, որ մեր պապերի ստեղծածը եւ մեր պատկանելիքը մեզ վերադարձրեք: Կարծում եմ` Վրաստանի կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի այդ պահանջն անբավարար թողնի: Թե որքան ժամանակ այսպես կկարողանան աշխատել` չեմ կարող ասել, վաղվա օրն Աստված է տնօրինում: Բայց հաստատ գիտեմ, որ նրանք հեշտ ու հանգիստ չեն ասի, հարց եք բարձրացրել եւ պահանջում եք, ուրեմն` վերցրեք: Անարդարություն ամեն տեղ էլ կա, եւ այս դեպքում էլ Վրաստանը ամեն կերպ ելք կփնտրի` եկեղեցիները չվերադարձնելու համար: