"ՄԵՐ ԷՍՏՐԱԴԱՅԻ ԽՆԴԻՐԸ ԲԱՆԻՎԻ ԵՎ ՀԱՑԻՎԻ ԿՌՎԻ ՄԵՋ Է"
Արխիվ 12-16"ՄԵՐ ԷՍՏՐԱԴԱՅԻ ԽՆԴԻՐԸ
ԲԱՆԻՎԻ ԵՎ ՀԱՑԻՎԻ ԿՌՎԻ ՄԵՋ Է"
Անցյալ տարին նշանակալի էր ՀՀ Վաստակավոր արտիստ ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ (ՄՐՐՈ) համար, քանի որ նախ լրացավ արտիստի հիմնած "Հայ երգասաններ" խմբի տասնամյակը, ապա նաեւ հիմնեց "Գութան" Հայաստանի ազգագրական երգի-պարի փառատոնը: "Իրավունքի" հետ զրույցում Ա. Գրիգորյանը խոսեց առաջիկա ծրագրերի մասին եւ ոչ միայն.ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՐՏԵԶԸ` ԵՐԳԵՐՈՎ
-"Գութան" Հայաստանի ազգագրական երգի-պարի փառատոնը կյանքի կոչելն իմ վաղեմի երազանքն էր: Իրականացրած փառատոնին իրենց մասնակցությունն ունեցան Հայաստանի ազգագրական երգի ու պարի 12 խումբ: Ուզում եմ` մեր ժողովրդի ստեղծած այն մշակույթը, որը պատկանում է մեզ, ավելի համատարած դարձնել հասարակության մեջ: Շարունակելու ենք "Հայ երգասանների" հետ "Ամբողջական Հայաստան" ծրագիրն իրականություն դարձնել, որտեղ անդրադարձել ենք ամբողջական Հայաստանի շրջաններին` Ուրֆայից սկսած մինչեւ Արաբկիր, Տիգրանակերտ, Բալու, Լոռի... Մեր նպատակն է նկարել ամբողջական Հայաստանի քարտեզը` երգերով: Այս տարի, կարծում եմ, առաջ կգնանք, կփորձենք մի ձայնասկավառակ թողարկել, որտեղ զետեղված կլինեն այդ երգերը, որոնք կներկայացվեն երիտասարդների շուրթերով` հենց էթնիկ տարբերակներով` առանց որեւէ ժամանակակից հավելումների, որտեղ կօգտագործվեն բացառապես մեր ազգային նվագարանները: Իբրեւ մշակութային արժեք` փորձում ենք վեր հանել այդ երգերն ընդհատակից: Շատ երգեր կան, որոնք ծանոթ չեն ոչ միայն սովորական, այլեւ մշակութային հասարակությանը, ուստի այդ միջոցով փորձենք ժողովրդին ծանոթացնել բարբառին, որ հայ երգերը չկորչեն սերունդների հետ:
"ՈՒԶՈՒՄ ԵՄ ԻՄ ՆԵՐԴՐՈՒՄՆ
ՈՒՆԵՆԱԼ ՀԱՅ ԴԱՏԻ ԱՐԴԱՐԱՑԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ"
-2015-ը հայերիս համար նշանակալի տարի է` Ցեղասպանության 100-րդ տարելիցն է, կարծում եմ, Դուք էլ տարվա ընթացքում չեք անտեսի այդ փաստը` Ձեր ծրագրերում:
- Որեւէ գործ անելիս` երբեք չեմ սպասել, որ 2015 թվականը լինի` հետո Ցեղասպանության զոհերի եւ Ցեղասպանության ընդունման փաստի մասին գործ թողարկեմ: Իմ գործունեության մեջ միշտ այդ հանգամանքը եղել է: Ուզում եմ իմ ներդրումն ունենալ Հայ դատի արդարացի լուծման հարցում: Այս տարի էլ կփորձենք նաեւ տարբեր համերգներ ունենալ`"Կոչեմ ապրողաց" խորագրով: Իմ ներդրումը բնականաբար երգի եւ մշակույթի ձեւով է լինում: Եթե ձայնագրում եմ երգեր, որոնք պատկանում են Մարաշի շրջանին, ապա ես հարց եմ բարձրացնում` մշակույթաստեղծ մեր ժողովուրդը, որը ստեղծել է այդ մշակույթը Մարաշում, Ուրֆայում, Արաբկիրում, Զեյթունում եւ մնացած բոլոր շրջաններում, որտե՞ղ են: Միայն բնակյաց ժողովուրդն է, որ կարողանում է նորմալ արժեքավոր մշակույթ ստեղծել, իսկ այդ մշակույթը ես բերում եմ ու ցույց տալիս: Իսկ այն թե՛ բարբառային, թե՛ երաժշտական իմաստով առանձնանում է: Փոքրիկ ապացույց է, թե մինչեւ որտեղ է հասնում Հայաստանի տարածքը, անկախ նրանից, թե այն ուրիշի` թշնամու ձեռքին է` իբրեւ վարչական տարածք, բայց սա ամբողջական Հայաստանն է, սա մեր տարածքն է, հենց մշակույթով եմ ուզում դա ապացուցել:
"ՆՈՒՅՆԻՍԿ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԴԺԲԱԽՏԱԲԱՐ
ԲԾԱԽՆԴԻՐ ՉԵՆՔ"
-Երկար ջանքերից հետո, կարծես թե, հայ էստրադան էլի կայուն վիճակում չէ, ասպարեզում չեն նրանք, որոնց գործը մնայուն է:
- Կարծում եմ` մեր էստրադայի խնդիրը բանիվի եւ հացիվի կռվի մեջ է, մարդիկ կան, որոնց համար ուղղակի բեմը օգտագործելու միջոց է, որպեսզի իրենք իրենց շահերը, անձնական փառքն ունենան, դառնան ավելի ճանաչելի: Իրենց համար երբեք բեմը նպատակ չի եղել, որ բեմից իսկական արժեքավոր մշակույթ ներկայացնեն: Մինչեւ դա լուծում չստանա, չենք կարող ունենալ այնպիսի կատարողական երգարվեստ, որը իրականում կուզենք: Որ յուրաքանչյուր երգիչ ելնի բեմ ու առաջին հերթին երգի, հետո նոր իր երգածը կունենա իմաստ` ե՛ւ խոսքի, ե՛ւ երաժշտական առումով: Եթե մտածենք` դե լավ, այս երգիչը ճանաչելի դարձավ, իրեն հրավիրենք համերգին, ինչ-որ բանի չենք հասնի: Այսօր նույնիսկ պետական միջոցառումների ժամանակ դժբախտաբար բծախնդիր չենք, չենք ընտրում, թե ով իրավունք ունի բեմ բարձրանա, եւ ով` ոչ: Շատ կարեւոր խնդիր է` մեծ մասշտաբային համերգի ժամանակ հանում են բեմ նրան, ով կարեւոր չէ, թե ինչ է ներկայացնում, ինչ կատարողական մակարդակ ունի եւ արդյո՞ք արժանի է պետական բեմին, կարեւորը, որ արդեն ճանաչում ունի, իսկ թե ինչ ձեւով է հասել այդ ճանաչմանը, դա էլ կարեւոր չէ: Ուրեմն` մենք խնդիր անընդհատ կունենանք: Այս հարցը պետք է լուծենք խորքային ձեւով:
"ԹՇՆԱՄՈՒ ՀԱՐՑՈՒՄ ԷԼ ԲԱԽՏ ՉՈՒՆԵՆՔ"
-Դուք այն երգիչներից եք, որ հաճախ եք տարվա ընթացքում համերգներով լինում սահմանին, վերջին շրջանում այնպես է ստացվում, որ ամեն առավոտ զինվորի զոհի մասին լուր ենք լսում, ի վերջո, որպես վաստակավոր արտիստ, մտավորական, ի՞նչ պիտի անենք:
- Մենք իսկապես հարատեւ կռվի ժողովուրդ ենք, դժբախտաբար, թշնամու հարցում էլ մենք բախտ չունենք` մարդկային որակ չկա: Ուստի, անընդհատ պետք է արթուն լինենք ու պատրաստ` նման դիվերսիաների եւ սադրանքների, որովհետեւ շատ ցեղախմբերի դուր չի գալիս մեր գոյությունը: Կարծում եմ` մենք արդեն պետք է ճնշենք, լուրջ ատամ ցույց տանք, որպեսզի թշնամին հասկանա: Մինչեւ դա չանենք, իրենք այսպես պիտի շարունակեն իրենց բնորոշ ավազակախմբային դիվերսիաները եւ խառնակչություն անել: Մշակույթի յուրաքանչյուր գործիչ, երգիչ, արտիստ եւ մնացած բնագավառների մեր հայրենակիցները պիտի նույնպես իրենց մասնակցությունն ունենան այդ ամեն ինչում, գոնե տարին մի քանի անգամ այցելեն զինվորներին: Շատերն ասում են, որ գնում ենք զինվորի ոգին բարձրացնելու, բայց երբ գնում ես զինվորի մոտ, քո հոգին է բարձրանում: Երբեմն ընկճվածություն է լինում քաղաքացիական կյանքով ապրող մարդկանց մոտ` այդ մասին լսելով լուրերից, բայց եթե այդ մարդը մի անգամ գնա որեւէ զորամաս, հատկապես` դիրքային նշանակություն ունեցող, սահմանպահ զորամասեր, կվերադառնա բարձր ոգով եւ հաստատակամ: Մեր զինվորների ոգին բարձր է, ուղղակի մենք պետք է գնահատենք եւ արժեւորենք յուրաքանչյուր զինվորի գործունեությունը, մասնակցությունը մեր հայրնեիքի պաշտպանության գործում: Նաեւ մեր շնորհակալությունը եւ գնահատականը տանք իրենց ընտանիքներին, դա շատ կարեւոր է, որովհետեւ իսկապես շատ մեծ պատիվ է Հայոց բանակում ծառայելը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

