"ՎՃԱՐՈՒՄ ԵՆ ԹԱՆԿ ՈՒ ՍՏԱՆՈՒՄ ԿԵՂԾ ՔԱՇՈՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔ"
Արխիվ 12-16"ՎՃԱՐՈՒՄ ԵՆ ԹԱՆԿ ՈՒ ՍՏԱՆՈՒՄ
ԿԵՂԾ ՔԱՇՈՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔ"
Նախորդ տարի, դեկտեմբեր ամսին Հայաստանի սպառողական շուկայում գրեթե բոլոր սպառման ապրանքների մոտ գրանցվեցին ռեկորդային գներ: Նախատոնական տրամադրության մեջ լինելով` մարդկանց մի մասը այդ գների վրա այդքան էլ ուշադրություն չէր դարձնում, թեեւ շատ դեպքերում դրանք հաշվարկվել էին 1 դոլարը 500 եւ նույնիսկª 550 դրամ հաշվարկներից ելնելով: Բայց արդեն հունվար ամիսն է վերջանում, սակայն սպառողական շուկայում գների առումով շատ քիչ փոփոխություններ կան: "Իրավունքի" հետ զրույցում "Սպառողների խորհրդատվական կենտրոն" հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը փաստեց, որ նախորդ տարի ռեկորդային գնաճը կապում էին դրամի փոխարժեքի տատանումների հետ, որն այս տարի բավականին կայունացել է, ինչը կարծես թե ոչ մի ազդեցություն չի ունեցել ապրանքների գների վրա: "Ճիշտ է, որոշ ապրանքատեսակների գներ նվազեցին, սակայն չիջան այն մակարդիկին, ինչ որ նախկինում էր: Կան տնտեսվարողներ, ովքեր իրենց ներկրած ապրանքերի գների անփոփոխ թողնելը բացատրում են նրանով, որ տարադրամի արժեքը դեռ չի կայունացել եւ իրենք կտուժեն, եթե ապրանքի գները իջեցնեն",- նշեց Կ. Չիլինգարյանը: Նրա խոսքով` այս տարի օրինակ կաթնամթերքի գները նվազելու փոխարեն` բարձրացան 20-30 տոկոսով: Եվ հաճախ էլ այդ թանկացումը քողարկելու համար տնտեսվարողները սկսել են պարզապես կաթնամթերքի` մասնավորապես թթվասերի քաշը կրճատել. "Այսպիսի քայլի գնալով` նրանք դիմել են խորամանկության. տարրայի վրա ապրանքի քաշն այնպես է գրված, որ սպառողը դժվար թե գլուխ հանի: Պիտակավորումը շատ փոքրացված եւ լղոզված ձեւով է արվել: Կան որոշ սպառողներ, որոնք այս խնդրին բազմիցս առնչվել են` վճարում են թանկ եւ ստանում կեղծ քաշով կաթնամթերք",- ընդգծեց պարոն Չիլինգարյանը:
Նա նաեւ նկատեց, որ առաջիկայում դժվար թե գների անկում նկատվի, քանի որ շուկան այդքան էլ լավ չի վերահսկվում, իսկ տնտեսվարողներն օգտվելով առիթից` ընտրել են իրենց համար շահավետ տարբերակ` ինչքան ապրանքը թանկ, այնքան շահույթը մեծ:
Հայաստանի սպառողների շահերի պաշտպանության ազգային ակադեմիայի փոխնախագահ Մելիտա Արիստակեսյանն էլ իր հերթին է նշում, որ այսօր տնտեսվարողը ելնելով իր շահերից` ապրանքը թանկացնում է: Նույնն իրավիճակն է նաեւ վաճառակետում, քանզի կան ապրանքներ, որոնք տարբեր խանութներում էականորեն տարբեր գներով են վաճառվում: Բայց. "Այսօր ազատ շուկայական հարաբերություններ են, մենք գնի հարցում ոչինչ անել չենք կարող անել: Ոչ մի ապրանքատեսակի գին հաստատագրված չէ",- շեշտեց Մ. Արիստակեսյանը:
Ինչ վերաբերում է կաթնամթերքի քաշի հետ կապված խախտումներին, տիկին Արիստակեսյանը տեղեկացրեց, որ այս տարի դեռեւս իրենց ոչ մի սպառող գրավոր բողոք- դիմում չի ներկայացրել` նման խախտման հետ կապված. "Եթե սպառողները նման դեպքեր նկատեն եւ մեզ տեղեկացնեն, ապա այդ բողոքի հետեւից մենք անպայման գնում ենք եւ հայտարարություն տարածում լրատվամիջոցներում: Ամեն դեպքումª այս ընթացքում մեր կատարած ուսումնասիրությունների ժամանակ այդպիսի դեպքի չենք հանդիպել",- հավաստիացրեց Մելիտա Արիստակեսյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

