"ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՍԻՆԴՐՈՄԸ ՃՆՇՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ"
Արխիվ 12-16"ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՍԻՆԴՐՈՄԸ ՃՆՇՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ"
Արցախյան հերոսամարտում կրած ամոթալի պարտությունն Ադրբեջանը չի կարող մարսել եւ ժամանակ առ ժամանակ սահմանին ցույց է տալիս իր վայրագությունները: Այս տարվա հենց առաջին օրերից սկսած` մինչեւ երեկ ադրբեջանական կողմը հայկական սահմանների ուղղությամբ ձեռնարկել է մի շարք դիվերսիոն գործողություններ, որոնք հայկական զինված ուժերը թեեւ կանխում են, սակայն այդ գործողությունների հետեւանքով արդեն 7 զոհ ունենք, այդ թվում` մեկ խաղաղ բնակիչ: Թեեւ չմոռանանք, որ ադրբեջանական կողմի կորուստները շատ ավելի զգալի են: Ինչեւէ. այն, որ Ադրբեջանը հայկական սահմանների ուղղությամբ վերջին շրջանում ավելի հաճախակի է ոտնձգություններ թույլ տալիս, չի զարմացնում հայաստանյան վերլուծաբաններին:
"Իրավունքի" հետ զրույցում, քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ փաստեց, որ Ադրբեջանը իր այս սադրիչ գործողություններով Արցախի հիմնախնդիրը բարձրացնում է մի նոր աստիճանի.
- Ադրբեջանը, լավ իմանալով, որ կպարտվի բաց ճակատամարտում, սահմանագոտում ընտրել է այսպիսի մարտավարություն, որպեսզի մեր սահմանամերձ շրջանները դատարկվեն: Ընտրելով նման ստոր ճանապարհ, անընդհատ խաղաղ բնակիչների ուղղությամբ եւ բնակելի տների վրա կրակելովª թշնամին ձգտում է հուսահատության հասցնել մարդկանց: Իհարկեª Ադրբեջանի համար միեւնույն է, թե մեկ դիվերսիոն գործողության հետեւանքով քանի մարդկային կորուստներ կունենա, քանի որ մարդկանց կյանքն այդ երկրի համար ոչինչ է: Չնայած նրան, որ ադրբեջանական հարձակումները հայկական կողմից ստանում են խիստ պատիժ, այնուամենայնիվ մենք պետք է փոխենք մեր մարտավարությունը, որի բոլոր հնարավորություններն ունենք: Նախ պետք է սահմանամերձ շրջանները չդատարկվեն, բանակում ավելացվի տեխնիկական հագեցվածությունը, եւ ադրբեջանական յուրաքանչյուր սադրանք պետք է հատուցվի տարածքով: Այդ երկրի սադրանքներից զերծ մնալու համար անհրաժեշտ է սկսել կանխարգելիչ պատերազմ:
"Ադրբեջանահայերի ասամբլեայի" նախագահ, ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ ընդգծեց.
- Այն, որ Ադրբեջանը այս տարի սկսել է այսպիսի "ակտիվությամբ", բոլորովին էլ անսպասելի չէր. ինչպես ավարտեց տարին, այնպես էլ սկսեց: Միշտ ասել եմ, որ ադրբեջանական այս լկտի ու սադրիչ գործողությունները զարմանալի չեն: Եթե հայկական կողմից չլինեին հակառակորդին զսպող գործողությունները, ապա կարելի էր ենթադրել, որ Արցախում արդեն սկսվել են լայնածավալ պատերազմական գործողություններ: Ադրբեջանը նաեւ կարծում է, որ Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետեւանքով Ռուսաստանը շեղել է ուշադրությունն Անդրկովկասից, եւ ինքը հանգիստ կարող է անել սրտի ուզածը: Համաշխարհային շուկայում նավթի գների անկման հետեւանքով Ադրբեջանում դրությունն զգալի վատացել է, երկրում տիրող իրավիճակից մարդկանց ուշադրությունը շեղելու համար ադրբեջանական կողմը սրացնում է հակամարտությունը` մարդկանց ուշադրությունը դրա վրա կենտրոնացնելու համար:
"Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության" փոխվարչապետ, հրապարակախոս ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ էլ մեկնաբանեց.
- Ադրբեջանն իր հաճախակի հարձակումներով նպատակ է հետապնդում մեզ մեր երկրի ներսում թուլացնել: Սակայն տեղի է ունենում ճիշտ հակառակը. այդ ամենի արդյունքում մենք ավելի ենք ուժեղանում եւ հզորանում, դառնում նպատակասլաց: Ադրբեջանը չի գնա այնպիսի վճռական քայլի, որը հանգեցնի պատերազմի, քանի որ այդ երկիրը պատերազմի պատրաստ չէ եւ գիտակցում է, որ ճակատամարտում կպարտվի: Արցախում կրած պարտության սինդրոմը նրանց շատ է ճնշում:
Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում կատարել է սոցհարցում` պարզելու համար, թե վերջին շրջանում Հայաստանի քաղաքացիները ինչն են համարում հաճախակի դարձած ադրբեջանական սադրանքների պատճառը:
1. Այս կերպ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանին ցույց տալ իր զինուժի թվացյալ հզորությունը- 47%:
2. Նավթի գների անկումը պարտադրում է ադրբեջանական իշխանություններինª ներքին խնդիրներից բնակչության ուշադրությունը շեղել Ղարաբաղի ուղղությամբ- 24%
3. Կատարում է արտաքին ուժերի պատվերը` տարածաշրջանը ապակայունացնելու համար- 18%:
4. Հնարավոր է, որ ելնելով աշխարհում տիրող իրավիճակից, պատերազմ է հրահրում- 7%:
5. Դժվարանում է պատասխանել- 4%:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

