Օրերս ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող Սուրեն Փիլոսյանը ընտանիքի միակ արու զավակն էր, զորացրվելուն մնացել էր վեց ամիս: Փիլոսյանների ընտանիքն ապրում էր ծանր սոցիալական պայմաններում, հայրը չի աշխատում, քանի որ առողջական խնդիրներ ունի, միայն զբաղվում են գյուղատնտեսական գործերով:
Խոսելով զոհված որդու մասին` Սուրենի հայրը` Խաչիկ Փիլոսյանը, հուզմունքը չէր կարողանում մի վայրկյան անգամ զսպել: Հիշեց, թե որդին ինչպես էր ընդդիմանում ծնողներին, երբ վերջիններս նրան փորձում էին համոզել, որ չգնա ծառայելու. "Սուրենս գնաց ու իր կյանքը զոհեց հանուն հայրենիքի, ինձ էլ թողեց անտեր, մոր վիզն էլ` ծուռ: Հիշում եմª ինչքան էր մեր հետ կռիվ տալիս, թե պիտի գնամ ու վերջ: Նա ալերգիա ուներ, այսինքն կարող էր ազատվել ծառայությունից, բայց էսօրվա պես հիշում եմ, ասում էրª պապ ջան, բա տղեն ինչի համար է տղա, որ չգնա ծառայելու: Էնքան փակբերան էր, նույնիսկ դեպքի օրը` մոր հետ խոսելիս, մի բերան չասեց, որ լարված է վիճակը, կամ գոնե մի անգամ ձեւի համար չի դժգոհել: Հակառակը, երբ զանգում էր, ասում էրª բան չմնաց, էս ա կգամ: Ու էդպես էլ եղավ` եկավ, բայց ոչ թե ինքը, այլ իրա անշնչացած մարմինը: Մեր տան ծուխը, մեր միակ լույսը մարեց, թողեց մեզ ու գնաց (արտասվում է- Ի. Ա.):