"ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԹՈՂԱԾ ԳՈՒՅՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԺԵՔՆ ՀԱՐՅՈՒՐ ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ է"
Արխիվ 12-16"ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԹՈՂԱԾ ԳՈՒՅՔԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԺԵՔՆ ՀԱՐՅՈՒՐ ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ է"
25 տարի առաջª 1990թ. Բաքվի հայության հունվարյան ջարդերն աննախադեպ էին այն պատճառով, որ առաջին անգամ ԽՍՀՄ պատմության մեջ միութենական հանրապետության մայրաքաղաքում մի ամբողջ շաբաթվա ընթացքում օրը ցերեկով բոլորի աչքերի առաջ անարգել զանգվածաբար մորթում մարդկանց: Եվ վերջում էլª հարյուր հազարավոր մարդիկ ստիպված էին լքել սեփական օջախները, տարիների ընթացքում կուտական ունեցվածքն ու մի կերպ փախչել: Քսանհինգ տարի անց փախստականների այսօրվա վիճակի, նրանց խնդիրների եւ անելիքների մասին փորձեցինք զրուցել "Ադրբեջանահայերի ասամբլեայի" նախագահ, ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ, ով մեզ հետ զրույցում անդրադառնալով քսանհինգ տարի առաջ Բաքվի ջարդերին` մասնավորապես ասաց.
-Բաքվում հայերի ցեղասպանությունն այլ դեպքերից տարբերվում է նրանով, որ բոլոր նախաձեռնողների եւ կազմակերպիչների անունները հայտնի են, բայց նրանք պատժված չեն: Այդ հանցագործության անպատժելիությունն ադրբեջանական հետագա ղեկավարության մեջ այն պատրանքն է ստեղծել, որ նրանց մնացած հանցանքները եւս կմնան անպատիժ` ինչից էլ նրանք լայնորեն օգտվում են եւ շարունակում են ցեղասպան եւ հանցավոր քաղաքականությունը նաեւ այսօր` արդեն ռազմաճակատում:
Բաքվի ջարդերի քսանհինգերորդ տարելիցի նախօրյակին "Ադրբեջանահայերի ասամբլեան" հանդիպումներ է ունեցել համայնքի անդամների հետ: Հայ համայնքը պահանջում է Ադրբեջանում հայերի սպանությունը ճանաչել որպես ցեղասպանություն, արդարացի փոխհատուցում տալ փախստականներին եւ պատասխանատվության ենթարկել այդ հանցագործության մեղավորներին: Քանի դա չի իրականացվել, Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը վերջ չի ունենա: 1990թ. հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում զուտ ազգային պատկանելության համար տեղի շուրջ 400 հազարանոց հայ համայնքը ենթարկվել է բռնությունների, կոտորածի ու բռնատեղահանվել քաղաքից: Բաքվի հայ բնակչության ջարդերը եւ բռնի տեղահանությունը լիովին համապատասխանում են "Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին" կոնվենցիայով սահմանված "ցեղասպանություն" իրավական հասկացությանը: Պետական մակարդակով ահաբեկչությունը շարունակվել է նաեւ Լեռնային Ղարաբաղում, որի գերակշիռ հայ բնակչության հանդեպ Ադրբեջանի իշխող վերնախավը 1991թ. ապրիլ-օգոստոս ամիսներին իրականացրել է "Կոլցո" ռազմական գործողությունը, որի հետեւանքով բռնատեղահանվել, հրդեհվել եւ կործանվել է 24 հայկական գյուղ, զոհվել են բազմաթիվ անմեղ մարդիկ: Արցախից հայ բնակչությունը բռնատեղահանելու, զանգվածային կոտորած կազմակերպելու Ադրբեջանի պետական նպատակադրված քաղաքականությունը մինչեւ վերջ իրականություն չի դարձել միայն արցախահայության զինված ինքնապաշտպանության շնորհիվ: Բաքվի փախստականները ողջունում են ԼՂՀ ԱԺ-ի ընդունած հռչակագիր-կոչը` կապված Ադրբեջանում հայերի ցեղասպանության ճանաչման հետ, եւ հույս ունենք, որ այն օրինակ կծառայի նաեւ ՀՀ-ի համար:
- Կասե՞ք, թե ինչպիսին է այսօր Հայաստանում բնակվող փախստականների վիճակը:
- Անշուշտ, փախստականներն այսօր բազմաթիվ եւ բազմապրոֆիլ խնդիրներ ունեն` սոցիալ-տնտեսական, իրավական, քաղաքական: Մենք անընդհատ կապի մեջ ենք ադրբեջանահայ համայնքի շարքային ներկայացուցիչների հետ եւ փորձում ենք իրենց հուզող բոլոր խնդիրները հասցնել պատկան մարմիններին: Մենք անընդհատ կապի մեջ ենք ՀՀ միգրացիոն ծառայության հետ, ՀՀ նախագահի ադմինիստրացիայում գործող տեղեկատվական կենտրոնի հետ, որը նաեւ զբաղվում է այդ հարցի քարոզչական բաղադրիչով: Փախստականների համար Հայաստանի ներսում ոչ մի թշնամի չկա. մեր միակ թշնամին` Ադրբեջանում գործող բռնատիրական ռեժիմն է, որը պետք է կանչվի պատասխանատվության: Եվ ինչքան էլ նրանք հույս ունենան, որ հնարավոր է այդ հանցանքը երբեւիցե մոռացության մատնվի, ես նրանց կարող եմ հավաստիացնել, որ այդ զազրելի հանցագործությունը երբեք մոռացության չի մատնվի: Եվ նրանք մի օր անպայման դրա համար պատասխան են տալու` ցեղասպանության հանցագործությունը չունի վաղեմության ժամկետ:
Կցանկանամ նշել նաեւ, որ փախտականների վիճակը մինչ օրս շարունակում է մնալ ծանր: Մասնավորապեսª լուծված չէ նրանց բնակարանային հարցը:
"ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է
ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼ"
-Ունե՞ք հստակ թվեր, թե որքան փախստականներ են այսօրվա դրությամբ ապրում Հայաստանում:
- Սկզբնական փուլում Ադրբեջանում ապրում էր ավելի քան կես միլիոն հայ, Հայաստան նախնական փուլում ներգաղթել է նրանցից մոտ 400 հազարը: Եվ չնայած ժամանակի ընթացքում նրանցից շատերը ընդունել են ՀՀ-ի քաղաքացիություն, բայց բացարձակ համամասնությունը չի փոխվել: Եվ նրանց թվաքանակը ՀՀ-ում` բնակչության ընդհանուր թվաքանակի համեմատությամբ կազմում է տասներկու տոկոսը: Այդ տվյալներով ՀՀ-ն ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ամբողջ աշխարհում` փախստականների թվաքանակով զբաղեցնում է առաջին տեղը: Այսօրվա դրությամբ փախստականների մեծ մասը բնակվում է Երեւանում, մեծ թիվ են կազմում նաեւ Մասիսի շրջանում եւ Գեղարքունիքի մարզում:
- Իսկ ի՞նչն է պատճառը, որ որեւէ իրավական պահանջով հանդես չեք գալիս. ընդհանրապես փոխհատուցման պահանջով հանդես եկե՞լ եք:
- Իհարկե, մենք չենք սպասել, որ քսանհինգ տարի անցնի, որպեսզի Ադրբեջանի հանդեպ պահանջատիրական պայմաններով հանդես գանք: Որոշ ժամանակ առաջ` ադրբեջանահայության մոտ հազար ընտանիք դիմել է ՄԻԵԴ` ընդդեմ Ադրբեջանի: Դիմել են այն պահանջով, որ եթե Ադրբեջանը չի կարող իրենց տարածքում ապահովել այդ մարդկանց ներկայությունը, ապա պարտավոր է փոխահատուցել դա: Նախնական հաշվարկով Ադրբեջանում հայերի թողած գույքի ընդհանուր արժեքն է` հարյուր միլիարդ ամերիկյան դոլար, որը Ադրբեջանը պարտավոր է փոխհատուցել: Չնայած, որ Ադրբեջանը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի կոծկի կատարված հանցագործությունը, բայց ես հավատացնում եմ Ձեզ, որ մենք երբեք այս անարդարության հետ չենք հաշտվի եւ կպայքարենք մինչեւ վերջ: Ադրբեջանը անպայման կվճարի իր կատարած հանցագործությունների համար` այն էլ տոկոսներով: Առիթից օգտվելով` ցանկանում եմ ադրբեջանահայ համայնքի անունից շնորհակալություն հայտնել "Իրավունք" թերթին` ադրբեջանահության խնդիրներին մշտապես հետեւողական լինելու եւ այս դժվարին պայքարում տարիներ շարունակ մեր կողքին լինելու համար:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

