«ԴԱ ԿԱՏԱՐԵԼԱՊԵՍ ԱՆԲԱՐՈ Է ՊԱՏՄԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ»

Արխիվ 12-16

«ԴԱ ԿԱՏԱՐԵԼԱՊԵՍ ԱՆԲԱՐՈ Է ՊԱՏՄԱԿԱՆՈՒԹՅԱՆ
ԵՎ ՄԱՐԴԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ»


Թուրքական ցինիզմը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իր գագաթնակետին է հասնում: Հիմա էլ արյունարբու պապերի իրավահաջորդ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը 102 երկրների ղեկավարներին ու վարչապետներին, այդ թվում` ՀՀ նախագահին, ապրիլի 24-ին Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակին նվիրված հնարովի միջոցառումների հրավեր է ուղարկել: Ավելին` որոշ երկրների ղեկավարներից արդեն կա նաեւ դրական պատասխան: Այս, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաեւ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության մասին էլ «Իրավունքը» զրուցեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԻ հետ:

 

«ՍԱ 21-ՐԴ ԴԱՐԻ ԱՇԽԱՐՀԻ

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԼԻՆԻ»

-Պարոն Դեմոյան, ըստ Ձեզ, աշխարհի երկրներից ավելի շատ ներկայացուցիչներ ապրիլի 24-ին կլինեն Հայաստանում` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը, թե՞ ինչ-ինչ շահեր հաշվի առնելով` այնուամենայնիվ, կգնան Թուրքիա:
- Երեւի թե, ավելի շուտ մարտ ամսվա ընթացքում մենք այդ պատկերը կունենանք, թե որ երկրների բարձրաստիճան անձինք իսկապես կցանկանան գնալ Թուրքիա, եւ ովքեր կգան Հայաստան: Այստեղ մի կարեւոր հանգամանք էլ կա, որ չպետք է մոռանանք. չի բացառվում, որ ինչ-ինչ պատճառներով միգուցե նրանք, ովքեր պիտի գան տարածաշրջան կարող է մասնակցեն երկու միջոցառմանն էլ: Բայց այս պահին, չենք կարող հաստատապես ասել` ով ինչպիսի ռազմավարություն է որդեգրել:

- Ամեն դեպքում, արդյո՞ք սրանով կորոշվի մի շարք երկրների իրական պատկերը:
- Այս հրավերները երկու կողմից, կարծես, ճշմարտության պահի է նման: Եվ եթե հիմնական տերմիններով խոսենք` դա լակմուսյան թուղթն է, որը ցույց է տալու այսօրվա աշխարհի` 21-րդ դարի սկզբի արժեհամակարգը եւ բարոյականությունը միջազգային քաղաքականության մեջ: Եթե պետությունները կնախընտրեն գնալ Թուրքիա միայն նրա համար, որ այն հզոր պետություն է, ռազմավարական դաշնակից է, հզոր տնտեսություն եւ տարածաշրջանային կշիռ ունի, ապա սա միգուցե արդարացված լինի քաղաքական հաշվարկների տեսանկյունից, բայց դա կատարելապես անբարո է պատմականության եւ մարդկայնության տեսակետից` քաղաքակրթված լինելու հանգամանքից ելնելով: Ի վերջո, ճիշտ 100 տարի առաջ նույն աշխարհի հզորները տեղի ունեցածին տվեցին հետեւյալ ձեւակերպումը, որ Հայոց ցեղասպանությունը քաղաքակրթության եւ մարդկության դեմ հանցագործություն է: Այնպես որ, այն երկրների ներկայացուցիչները, ովքեր կընդունեն Թուրքիայի հրավերը, կգնան այն երկրի իրավահաջորդ երկրին միանալու, ովքեր ժամանակին չզղջացին իրենց հանցագործությունների համար, որոնք հենց մեծ պետությունները բնութագրել էին` որպես քաղաքակրթության եւ մարդկության դեմ հանցագործություն: Մենք Ցեղասպանության 100-րդ տարելիցը նշում ենք, բայց այս տարի նաեւ այդ ձեւակերպման 100-ամյակն է, որը ընդունվել եւ շրջանառության մեջ է դրվել առաջին անգամ միջազգային իրավունքի մեջ: Այսինքն` ճիշտ կարմիր սահմանագիծ է անցնելու, նախընտրությունները ցուցիչ են դառնալու եւ ոչ հայերի համար: Դա հայկական կողմի պարտություն չպետք է դիտարկել, այլ սա մարդկության, բարոյականության եւ այսօրվա 21-րդ դարի աշխարհի պարտությունը կլինի:

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀՐԱՎԵՐՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՎԱՂ ԵՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ

-Թուրքիայի նախագահի հրավերին ի պատասխան` ՀՀ նախագահի նամակը մեծ արձագանք գտավ ե՛ւ մեր թշնամի հարեւանների կողմից, ե՛ւ հայ իրականության մեջ: Ըստ Ձեզ, պե՞տք էր պատասխանել Էրդողանին, թե՞ արհամարհելն էլ բավական էր:
- Չմոռանանք, որ ՀՀ նախագահը նաեւ հրավեր էր ուղարկել թուրքական կողմին` ապրիլի 24-ի միջոցառումներին մասնակցելու համար: Եվ այս պարագայում պատասխան չտալով կամ գոնե բանավոր հայտարարության ձեւով դրան չանդրադառնալով` գրավոր հրավեր ուղարկելը, դա ուղղակի ցինիզմ եւ մանկամտություն էր Թուրքիայի կողմից: Կամ, միգուցե, Թուրքիան դրանով ուզում է ցույց տալ, որ հզոր երկիր է եւ կարող է չպատասխանելով հրավե՞ր ուղարկել: Կարծում եմ` այստեղ պետք է մի քանի հասկացողություններ դիտարկել. մեկը բարոյականությունը, մյուսը` տրամաբանությունը, երրորդն էլ` արժանապատվության հանգամանքը: Թերեւս, այս երեքի պարագայում թուրքական կողմը խնդիրներ ունի:
- Որոշ վերլուծաբանների կողմից մեղադրանքներ հնչեցին, թե տեսեք` Թուրքիան 102 երկրների ղեկավարների պաշտոնական հրավերներ է ուղարկել, իսկ Հայաստանն արդյո՞ք հրավիրել է, որ հիմա էլ մտածի, թե ով կգնա Թուրքիա, ու ով կգա այստեղ: Իրականում ապրիլ 24-յան միջոցառումներին մասնակցելու հրավիրվածների հստակ ցուցակ ունե՞նք:
- Ձեզ ասեմ, որ մեր հրավերներն ավելի վաղ են ուղարկվել, քան թուրքական կողմի հրավերներն են եղել: Հիմա չփորձենք կշեռքի նժարին դնել, թե մեր երկիրը քանի երկրի առաջնորդի կարող է հրավիրել, քանիսին` Թուրքիան, հարցը դա չէ: Մենք հրավիրել ենք այն երկրներին, ում հավանական ենք դիտել, որ կմասնակցեն, այսինքն` մեր գործընկեր երկրներին, որոնք Հայաստանի հետ ունեն լավ հարաբերություններ: Ի վերջո, չմոռանանք, որ անցյալ տարի առաջին հրավերներից մեկը եղավ Ֆրանսիայի նախագահին, ինչը ընդունվեց, թեեւ չկար որեւէ պաշտոնական հրավերի խոսք: Այստեղ համեմատական եզրեր տանելուց առաջ մի քիչ պետք է ոչ թե զգույշ լինենք, այլ տրամաբանության հիման վրա մեր վերլուծությունը կատարենք:

«ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՒ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ»

-Ապրիլի 24-ից հարյուր օրից էլ քիչ ժամանակ է մնացել, այս պահին դեռ ի՞նչ կիսատ մնացած աշխատանքներ կան, որոնք նախատեսված էին իրականացնել:
- Այս պահին կարող եմ ասել, որ բոլոր ուղղություններով ինտենսիվ գնում է նախապատրաստական աշխատանքների ամփոփման փուլ: Այսինքն` վերջին ճշգրտումներն ու շտկումներն են արվում: Կարող եմ նաեւ ասել, որ մեկ շաբաթից արդեն թանգարանի ներսում նոր դիզայն ենք սկսում, որպեսզի կարողանանք ապրիլի 24-ից էլ դեռ մի քանի շաբաթ առաջ ավարտին հասցնել եւ փորձարկումներ անել, որովհետեւ դա բարձր տեխնոլոգիաներով հագեցած ցուցադրություն է լինելու: Իհարկե, արտահոսք շատ թույլ չենք տալիս, ինչպես է լինելու եւ այլն, դրա համար էլ առաջին ցուցադրությունը կլինի առանձին քաղաքացիների եւ բարձրաստիճան հյուրերի համար: Իսկ հունվարի 29-ին կլինի պետական հանձնաժողովի եւ ամբողջ աշխարհով մեկ ստեղծված ենթահանձնաժողովների համատեղ նիստը, որտեղ արդեն կխոսվի հստակ ծրագրերի մասին, թե ինչ է տեղի ունենալու, եւ ամենակարեւորը` հրապարակվելու է համահայկական հռչակագիր:

«ԻՄ ՏԵՍԱԿԵՏՆ ԱՆՊԱՅՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՄ
ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ»


-Եվ մի վերջին հարց. Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությանը հաջորդեց Թուրքիայի նախագահի հրավերը 102 երկրների ղեկավարներին: Հնարավո՞ր է, որ այստեղ որեւէ կապ լինի, քանի որ շատերը գտնում էին, որ տեղի ունեցածը հենց թուրքական «ձեռագիր» է:
- Չեմ ուզում շահարկումներով զբաղվել, միայն կարող եմ ասել, որ առայժմ ես` որպես հանրային մարդ, որպես գյումրեցի եւ, ուղղակի, որպես հայ մարդ, ուշիուշով հետեւում եմ դեպքերի զարգացումներին, կարծիքներին: Առայժմ ցանկացած մեկը իր կարծիքն է հայտնում, իր վարկածներն է առաջադրում, բայց ես գերադասում եմ այժմ իմ տեսակետները չհնչեցնել, որովհետեւ սպասում եմ, իսկապես, առաջին հաստատված լուրերին, որից հետո կկարողանամ իմ եզրակացությունները կամ կասկածները փարատել, ապա դրանք հաստատվելուց հետո տալ իմ գնահատականը: Կարծում եմ` դա բնական է, ուղղակի, հիմա նախընտրում եմ այս ինֆորմացիոն քաոտիկ հոսքերի մեջ, երբ ամեն մեկը կարծիք է հայտնում, չդառնալ եւս մեկը, որը կարծիք է արտահայտում: Իհարկե, ինձ համար խիստ ցավալի է տեղի ունեցածը` մարդկային տեսակետից եւ որպես ծնունդով այդ քաղաքից: Ես մեծ դժվարությամբ նախընտրում եմ թաքցնել հույզերս եւ որեւէ մեկնաբանությամբ հանդես չգալ, բայց իմ տեսակետն անպայման ներկայացնելու եմ այս գործում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում