"ԴՈՒՔ ՈՒԶՈՒՄ ԵՔ, ՈՐ 131 ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԷԼ ԳՅՈՒՄՐԻՈ՞ՒՄ ԼԻՆԵԻՆ"
Արխիվ 12-16ՈՐ 131 ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԷԼ ԳՅՈՒՄՐԻՈ՞ՒՄ ԼԻՆԵԻՆ"
Նախագահի թեկնածու, "Ժառանգություն" կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը 2013-ի նախագահական ընտրություններին գյումրեցիներից ստացավ ամենաշատ թվով ձայներ: Սակայն հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած բողոքի հուժկու ալիքի ժամանակ գյումրեցիների կողքին էին երկու պատգամավոր` ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանն ու "Ժառանգության" պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Որտե՞ղ էր Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչո՞ւ գյումրեցիների կողքին չէր: Հարցի պատասխանը փորձեցինք ստանալ "Ժառանգության" փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ: "Այս մի քանի օրը անընդհատ գնում-գալիս եմ Գյումրի, բազմաթիվ քաղաքացիների եմ տեսել, սակայն նրանցից ոչ ոք նմանատիպ խոսք չի հայտնել: Ընդդիմադիր մեր գործընկերներն ինչո՞ւ են այդքան մտահոգ, չեմ կարողանում հասկանալ, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը Գյումրու հետ միջնորդի կարիք չունի: Ինքը ցանկացած պահի էլ գյումրեցիների հետ է",- պատասխանեց կուսակցության փոխնախագահը: Ինչո՞ւ "Ժառանգության" առաջնորդը Գյումրու սարսափելի սպանդի լուրը լսելուն պես անմիջապես Հայաստան չեկավ ու չկանգնեց գյումրեցիների կողքին, ընդամենը ցավակցական խոսք հղեց: "Րաֆֆի Հովհաննիսյանն արտերկրում կարեւոր հանդիպումներ ունի, դրա համար էլ Հայաստանում չէ: Բայց Հովհաննիսյանի հարգանքը մեկ անգամ չէ, որ դրսեւորվել է, եւ այդպես էլ շարունակվելու է",- ասաց պրն Մարտիրոսյանը:
-Այդքան կարեւոր հանդիպումնե՞ր ուներ Րաֆֆի Հովհաննիսյանը, որ չէր կարող գալ Հայաստան:
- Եթե այդ պահին այդ իրադարձությունների ժամանակ նա այստեղ չէր, հետագայում գալը չեմ կարծում` իրավիճակ էր փոխվելու: Ընդդիմադիր քաղաքական ուժերի այս խիստ մտահոգ հարցին, կարծում եմ, կպատասխանի նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը:
- Պրն Մարտիրոսյան, "եռյակը" ՕԵԿ-ի հետ 2014-ին միասնական դատապարտող հայտարարություն տարածեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի ու ազատամարտիկների նկատմամբ տեղի ունեցած բռնությունների մասին: Ինչո՞ւ այդ նույն քաղաքական ուժերն այդքան միասնական մոտեցում չդրսեւորեցին Գյումրիի դեպքերի օրը` հունվարի 15-ին, եւ չսատարեցին գյումրեցիներին:
- Քաղաքական ուժերն իրենց հայտարարությունները ներկայացրել են: Կարծում եմ` քաղաքական ուժերի խնդիրը մեկն է` ստեղծել այնպիսի իշխանություն, որը համապատասխանի իր լիազորություններին, իր պարտականություններին:
- Բայց ինչպե՞ս է, որ Արամ Մանուկյանի դեմ կատարված բռնության համար կարողանում են միավորվել քաղաքական ուժերը, իսկ այս դեպքում միասնականություն չկար:
- Միասնական են, ո՞վ ասաց` միասնական չեն:
- Միայն երկու պատգամավոր են եղել…
- Դուք ուզում եք, որ 131 պատգամավորներն էլ էնտե՞ղ լինեին:
- Այո, քանի որ անկառավարելի իրավիճակ էր ստեղծվել Գյումրիում:
- Երեւի թե: Դուք զարգացումների սցենարը պետք է նախօրոք մեզ տայիք, որ մենք պատկերացնեինք` ինչ կարող էր լինել: Բայց եթե մենք գնում ենք այդ տրամաբանությամբ, չեմ ընդունում դա: Եթե Ձեզ թվում է, որ հեշտ է նման իրավիճակը կառավարել, սխալվում եք: Ցանկացած պարագայում մենք խնդիր ունենք պատճառները վերացնելու, ոչ թե գնալու հետեւանքների հետեւից: Ես կարծում եմ, որ երկու պատգամավորի ներկայությունը բավական էր Գյումրիում ժողովրդին հանդարտեցնելու համար:
- Տեսակետ է հնչում, որ փորձ արվեց Գյումրիում հունվարի 15-ին մայդան սարքելու:
- Ոչ, նման խնդիր չկար: Իշխանությունը փորձում էր իր վրայից այդ ընթացքը այլ ուղղությամբ տանել:
- Համաձա՞յն եք, որ Գյումրիի դեպքերի օրը քաղաքական մեռելոց էր:
- Այո, ճիշտ են գրում, քանի դեռ կա այս իշխանությունը, քաղաքական դաշտում մեռելոց է…
- Մեռելոցը վերաբերում է նաեւ ընդդիմությանը:
- Ընդդիմությանն էլ է վերաբերում: Քանի դեռ կա այս իշխանությունը, մենք բոլորս մեռելոցի մեջ ենք:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

