«ԱՅԴ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ ՉԻ ՓԱԽՆԵԼՈՒ»
Արխիվ 12-16«ԱՅԴ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ ՉԻ ՓԱԽՆԵԼՈՒ»
Երեկ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր խորհրդարանական լսումներ` «2015 թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով: Ներկա էր ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, ով պատասխանեց պատգամավորների հարցերին: Արդյունքում լսումները վերածվեցին թեժ բանավեճի, եւ շատերը, պարզապես դուրս եկան: Լսումների կեսից դուրս եկավ նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության գյումրեցի պատգամավոր ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ում հետ էլ «Իրավունքը» զրուցեց նախ վերոնշյալ քննարկման, ապա Գյումրիում տեղի ունեցած դեպքերի եւ ԲՀԿ-ի չկայացած խորհրդաժողովի մասին:
«ՄԵՆՔ ԱՆՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ՉՈՒՆԵՆՔ»
-Պարոն Գրիգորյան, ինչո՞վ էր պայմանավորված, որ լսումներին մինչեւ վերջ չմնացիք:
- Ես իմ գնահատականը ներկայացրի քննարկումների ժամանակ եւ դուրս եկա: Այդ քննարկումը, բնականաբար, ինձ հետաքրքիր չէր, քանի որ եթե բուն գործի վերաբերյալ տեղեկատվություն չկա, եւ մեր գյումրեցիներին հուզող հարցերին պատասխաններ չպիտի հնչի, ես այդ շոուին` դատախազի մեկնաբանմամբ` միջոցառմանը, մասնակցելու ցանկություն չունեցա:
- Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո տեղի ունեցան բախումներ փողոցներում: Ե՛վ Դուք, ե՛ւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը, Ձեր հայտարարություններում ու հարցազրույցներում նշել եք, որ շատերը տրվեցին սադրանքների: Ի վերջո, կա՞ն ուժեր, անուններ, ովքեր կազմակերպեցին այդ քաոսը:
- Չգիտեմ: Ճիշտն ասած, մենք անուններ տալու սովորություն չունենք, չենք էլ ունեցել ու չենք էլ ունենալու: Այդ ուղղությամբ կան համապատասխան մարմիններ, թող այդ մարմինները զբաղվեն դրանցով: Կարեւորը, որ այսօր Գյումրիում ամեն ինչ նորմալ է եւ խաղաղ, ու գյումրեցին իր հոգսով ու սգով է ապրում:
«ՄԻ ԿԱՅԾ Է ՊԱԿԱՍՈՒՄ, ՈՐՊԵՍԶԻ
ԲՌՆԿՈՒՄ ԼԻՆԻ»
-Այնուամենայնիվ, հետադարձ հայացք նետելով Գյումրու դեպքերին, որի արդյունքում տասնյակ ոստիկաններ հայտնվեցին հիվանդանոցում` ի՞նչ եզրակացություններ կարող ենք այսօր անել:
- Իրավիճակն էր այդպիսին, գյումրեցին նյարդայնացած էր, գյումրեցու համբերության բաժակը լցվել էր: Գյումրեցիների մոտ այն վիճակն է, որ մի կայծ է պակասում, որպեսզի բռնկում լինի:
- Բայց չէ՞ որ ոստիկանների կողմից բռնված, ապա ազատ արձակված ցուցարարները հիմնականում Երեւանից էին:
- Չեմ կարող ասել, երեւի ավելի ճիշտ կլինի ուրիշ մարդկանց այդ հարցը տաք...
- Ըստ Ձեզ, այսօր կա՞ որոշակի տրամադրվածություն գյումրեցիների մոտ` ռուսական ռազմաբազայի դեմ:
- Հստակ չեմ կարող ասել այս պահի դրությամբ տրամադրություններն ինչպես են: Իհարկե, վրդովմունք կա, նյարդային վիճակ կա, բայց տիրապետելի է:
ԻՆՉՈՒ ՎԵՐՋԻՆ ՊԱՀԻՆ ՉԿԱՅԱՑԱՎ ԲՀԿ-ԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ
-Հունվարի 21-ին հետաձգվեց ԲՀԿ-ի նախաձեռնած խորհրդաժողովը` պատճառաբանվելով սգով, քանի որ մեկ օր առաջ մահացել էր Ավետիսյաններից ամենափոքրիկը` 6-ամսական Սերյոժան: Իրականում պատճառն, իսկապե՞ս, սա էր, թե ոչ իշխանական «եռյակի» հետ որեւէ համաձայնության չգալու արդյունքում որոշվեց հետաձգել` հաշվի առնելով այն, որ անգամ խորհրդաժողովի ֆուրշետն էր դրված հունվարի 21-ին, բայց այն այդպես էլ չկայացավ:
- Նման գնահատական տալը, իմ կարծիքով, կլինի անբարոյական, թե «եռյակի» հետ անհամաձայնության արդյունքում եղավ, քանի որ բոլորս գիտենք` երեկոյան երեխան մահացել էր, եւ առավոտյան պարոն Ծառուկյանը այդ քայլին գնաց: Եվ բնական էր, որ պետք է այդ քայլին գնար, ուրիշ բան չէինք էլ սպասի պարոն Ծառուկյանից: Այդ խորհրդաժողովը չի փախնելու, ժողովը կայանալու է, եւ այդ մասին կհայտարարվի նախապես: Ու չեմ էլ կասկածում, որ բարձր մակարդակով կանցկացվի այս ամեն ինչը, ուղղակի, դա դեպքերին ադեկվատ արձագանք էր, որ արվեց, ինչի համար շնորհակալ եմ պարոն Ծառուկյանից: Այդ օրը անձամբ եկել եմ Երեւան ու հետ եմ դարձել, որպեսզի, որպես գյումրեցի, որպես Գյումրիից ընտրված պատգամավոր` բոլորի ներկայությամբ տեղեկացնեմ, որ այսօրվա միջոցառումը չի կայանալու, եւ բոլորը սգում են փոքրիկի մահը, ինչի պատճառով դադարեցվում է միջոցառումը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

