«ՈՐՏԵՂ ԿԱ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԽՆԴԻՐ, ԱՅԴՏԵՂ ՀԱԶԱՐ ՈՒ ՄԻ ՎԱՐԿԱԾՆԵՐ ԵՆ ՍԿՍՈՒՄ ՊՏՏՎԵԼ»
Արխիվ 12-16«ՈՐՏԵՂ ԿԱ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԽՆԴԻՐ, ԱՅԴՏԵՂ ՀԱԶԱՐ ՈՒ ՄԻ ՎԱՐԿԱԾՆԵՐ ԵՆ ՍԿՍՈՒՄ ՊՏՏՎԵԼ»
Հունվարի 12-ին Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայից փախած Վալերի Պերմյակով անունով զինվորի ձեռքով վերացվեց Ավետիսյանների ողջ ընտանիքը: Տեղի ունեցածի վերաբերյալ շրջանառվում են բազում վարկածներ ու հնչում այլեւայլ տեսակետներ, թե ում ձեռքին կարող էր 20-ամյա ռուս զինվորը դառնալ գործիք: Որոշ վերլուծաբանների կարծիքով` սա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատիժն էր, քանի որ նրա մի քանի պահանջներ չի կատարել Հայաստանը, մյուսները կարծում են, որ սա իսկ եւ իսկ թուրք-ադրբեջանական ծրագիր է, երրորդներն էլ գտնում են` հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելը ձեռնտու էր միմիայն Արեւմուտքին ու ԱՄՆ-ին: Ի վերջո, որքանո՞վ է հավանական, որ Ավետիսյանների ընտանիքի ողբերգությունը միջազգային քաղաքական հիմքեր ունենա, եւ ո՞ր երկիրը կարող էր լինել պատվիրատուն, «Իրավունքը» պարզեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ տեսակետը.
-Որեւիցե վարկած, որեւիցե տեսակետ, որ Դուք նշեցիք, եւ շրջանառվում է, իրավունք ունի գոյություն ունենալու այնքանով, որքանով դրա տակ կա որեւիցե փաստ, հիմք կամ գոնե մտնում է էլեմենտար տրամաբանության մեջ: Առայժմ որեւիցե փաստ, որը կխոսի արտաքին գործոնի կամ արտաքին կապի հետ, որեւիցե մեկը չունի եւ չի տիրապետում: Այդ իսկ պատճառով խոսել արտաքին գործոնի մասին այս փուլում, կարծում եմ` դեռեւս անիմաստ է: Ուղղակիորեն կա փաստ, որ Վ. Պերմյակովը խոստովանում է, որ ինքը մտել է եւ կատարել է այդ հանցագործությունը: Քննչական մարմինների գործողութունները պետք է լինեն նաեւ ձեր նշած եւ նաեւ հասարակության մեջ հնչող բոլոր հնարավոր վարկածները հերքելու կամ հաստատելու ուղղությամբ: Եվ կարծում եմ, որ դա նախաքննական մարմինների գործն է, որովհետեւ դա պետք է ե՛ւ հայ, ե՛ւ, ինչու ոչ, նաեւ ռուս հասարակությանը: Ըստ էության, եթե ուշադիր նայենք, շատ ավելի վատ վիճակում հայտնվեց նաեւ Ռուսաստանի հասարակությունը, որովհետեւ ամբողջ աշխարհը նրանց մեղադրում է, որ իրենց 18-20 տարեկան զինվորը` պատանին, ընդունակ է այդպիսի ոճրագործություն կատարել, որը դեռեւս պատմության մեջ չլսված բան էր: Ուղղակի, լավ է, որ շատ մարդիկ ըմբռնումով են մոտենում: Ես ռուսական մամուլին էլ եմ հետեւում եւ տեսնում եմ, որ փորձում են տրամաբանորեն մոտենալ խնդրին, փորձում են հասկանալ եւ կիսել մեր ցավը: Ի վերջո, այն, ինչ տեղի ունեցավ, ո՛չ պետք էր ռուս ժողովրդին, ո՛չ` հայ, ո՛չ իրենց իշխանությանը, ո՛չ` մեր: Տեղի է ունեցել մի ահավոր երեւույթ, որը խոցելի է դարձրել ե՛ւ նրանց, ե՛ւ մեզ: Այնպես որ, որտեղ կա չբացահայտված խնդիր, այդտեղ հազար ու մի վարկածներ են սկսում պտտվել, որոնք միայն բացասական հետեւանքներ են ունենում: Եվ եթե այսօր կան մարդիկ, որոնք պահանջում են, որ Հայաստանի իրավապահ մարմինները կատարեն նախաքննությունը, ապա նպատակը մեկն է. հասարակությունն ասում է` ես հավատում եմ իմ իրավապահ մարմիններին այս հարցում եւ ուզում եմ, որ իրենք կատարեն նախաքննությունը, քանի որ դա ե՛ւ ազգային արժանապատվության հարց է, ե՛ւ արդարության ու իրազեկվածության խնդիր է: Իսկ եթե կան մարդիկ, որ գտնում են, թե սա կարող է վնասել հայ-ռուսական հարաբերություններին, ապա պետք է ասեմ, որ` ոչ: Եթե այս գործը մնա մութ, եւ հասարակության մեջ մնան կասկածներ, ապա այդ դեպքում հայ-ռուսական հարաբերությունները կվնասվի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

