ԹՔԱԾ, ԹԵ ՎԶԵԲ-Ը ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԱՆԽԱՏԵՍԵԼ Է 0% "ԱՃ"
Երեկ ՀՀ կառավարության նիստից հետո էկոնոմիկայի նախարար ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆԻՑ լրագրողներս փորձեցինք պարզել, թե ինչպես է վերաբերվում, որ այս տարի Հայաստանի համար Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը կանխատեսել է 0% տնտեսական "աճ": Ի պատասխան` պարոն նախարարը կարճ նշեց. "Մենք մակրոտնտեսական կանխատեսումով, ըստ մեր գործառույթների, ընդհանուր առմամբ չենք զբաղվում": Ապա հարցը որոշեց փակել դրական քողի ներքո. "Այսօր առանձին-առանձին ամեն ընկերության հետ տարվում է աշխատանք, այսինքն` այն ընկերությունների, որոնք ունեն արտահանման պոտենցիալ: Երեւի նկատած կլինեք, որ ոլորտային քննարկումների ժամանակ նույնիսկ մասնակի խնդիրներով անդրադառնում ենք, որպեսզի ընկերությունների մոտ խնդիրներ չլինեն:
Բայց մեր խնդիրը լինելու է, ընդհանուր առմամբ, նախ առաջինը` աջակցության մեխանիզմների եւ երկրորդ` ստեղծված նոր կառույցի ուղղությամբ, քանի որ, ինչպես գիտեք, բացվել է Հայաստանի զարգացման հիմնադրամ": Ապա հավելեց. "Այն ֆունկցիաները, որոնք մեր տնտեսվարող սուբյեկտները չեն իրականացում, ասենք, իրենց արտադրանքը այլ շուկաներում ներկայացնելու մասով, մենք այդ մասով ուզում ենք, որ պետությունը այդ ֆունկցիան վերցնի իր վրա, որպեսզի կարողանանք հետագայում էլ աջակցել: Ընդ որում, եւս մի խթանող հանգամանք, որ մեծ արտահանումների դեպքում շահութահարկի արտոնություն կտրվի օրենքով: Համենայն դեպս, նախագիծն այսօր ներկայացվեց Ֆինանսների նախարարության կողմից եւ կգնա Ազգային ժողով: Իսկ բոլոր գործիքների կիրառմամբ պիտի աշխատենք, որ մեր ընկերությունները այս տարի ծավալների աճ ունենան":