Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրենք` Ռուսաստանում "անցանկալի կազմակերպությունների" ցանկ ստեղծելու մասին: Նախաձեռնողներն էին պատգամավորներ Ալեքսանդր Տարնավսկին "Արդար Ռուսաստանից" եւ Անտոն Իշչենկոն Ժիրինովսկու կուսակցությունից: Ըստ օրինագծի` կարող է արգելվել այն արտերկրյա եւ միջազգային կառույցների գործունեությունը, որոնք "սպառնալիք են պետության պաշտպանունակությանը կամ անվտանգությանը":
Կազմակերպությունը կարող է ճանաչվել անցանկալի, եթե վտանգավոր է "հանրային անվտանգության եւ բնակչության առողջության համար": Անցանկալի կազմակերպությունների ցուցակը կազմվելու է գլխավոր դատախազության կողմից` համաձայնեցնելով ԱԳՆ-ի հետ եւ հիմնվելով ներքին գործերի եւ ազգային անվտանգության մարմիններից ստացված նյութերի վրա: Այդպիսի կազմակերպությունների գործունեության հետ կապ ունեցողները ենթակա են վարչական պատասխանատվության եւ կտուգանվեն 10-ից մինչեւ 100 հազար ռուբլի: Եթե խախտվի անցանկալի կազմակերպության գործունեության արգելքը, ապա դրա մասնակիցները կենթարկվեն քրեական պատասխանատվության` տուգանվելով 300 հազարից մինչեւ 500 հազար ռուբլի, կամ ազատազրկվելով 2-8 տարի: Օրինագծի հեղինակները վստահ են, որ այն կնպաստի Ռուսաստանի ինքնիշխանությանը սպառնացող գործոնների նվազեցմանը: