ԶՈՒԳԱՀԵՌ ՀԱՅԱՍՏԱՆՆԵՐ
Արխիվ 12-16ԶՈՒԳԱՀԵՌ ՀԱՅԱՍՏԱՆՆԵՐ
Արցախյան պատերազմի մասնակից, հայտնի բլոգեր Պանդուխտը (իրական անուն-ազգանունը չեմ հրապարակում, քանի դեռ ինքը չի հրապարակել) դիպուկ նկատել է. "Գաղտնիք չէ, որ Հայաստանն ապրում է երկու տարբեր աշխարհներում: Մինչ մայրաքաղաքում եւ այլ տեղերում ընթանում է սովորական կյանքը իր հոգսերով ու խնդիրներով, սահմանին վաղուց պատերազմ է": Դա ասվել է սահմանային վերջին միջադեպերի առնչությամբ, երբ գործնականում ամեն օր գրանցվում են դիվերսիաներ:
Բայց "մայրաքաղաքում եւ այլ տեղերում" կյանքը նույնպես միասնական մի բան չէ, այլ բաժանված է տարբեր, իրար հետ քիչ հատվող աշխարհների: Զուգահեռ Հայաստանները իրականում ոչ թե երկուսն են, այլ ավելի շատ:
ՊԱՏԵՐԱԶՄՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Այն, որ երկրում` բացառապես անմիջապես սահմանում գտնվող բնակավայրերի, ամեն ինչ խաղաղ է ու հանգիստ, դեռեւս չի նշանակում, որ պատերազմն ավարտվել է: 1994-ին ընդամենը զինադադար է կնքվել, որը խախտվում է առավել քան հաճախ, եւ սահմանագծում մխացող պատերազմը երբեք էլ չի դադարել: Ժամանակ առ ժամանակ նաեւ համեմատաբար ուժեղ բռնկումներ են լինում, երբ հարեւան մազութային սուլթանատի բռնապետը ինչ-որ ներքին կամ արտաքին խնդիր լուծելու համար սադրանքներ է կազմակերպում:
Հատկապես վերջին շրջանում Ադրբեջանը օգտագործում է նաեւ որպես "քեռի Սեմի" գործիք` սահմաններին սարքելով "արտաքին Մայդան", երբ ինչ-ինչ պատճառով հերթական ներքին Մայդանը ձախողվում է: Եվ հիմա դա ավելի է թեժացել` հատկապես Գյումրիում տեղի ունեցածի ֆոնի վրա: Անկարգություններն ընդամենը մեկ օր տեւեցին, հետեւաբար խոշոր խաղացողները կրկին դիվերսիաներ կազմակերպելու սուր կարիք զգացին:
Խրամատներից ու զորանոցային կառույցներից բաղկացած այդ Հայաստանը, ուր բոլորը միանման համազգեստ են կրում, ապրում է լրիվ այլ կյանքով: Այնտեղ ամեն ինչին նայում են այլ կերպ, քանզի կյանքի ու մահվան սահմանագիծը չափազանց մոտիկ է: Այնտեղ շատ ու շատ "սուպերկարեւոր" բաների իրական ճղճիմությունը շատ ցայտուն է երեւում: Այնտեղ նաեւ ամեն ինչ շատ պարզ է` կան մերոնք եւ կա թշնամին, եւ կա մարտական խնդիրը լավագույնս լուծելու հարց: Մյուս` քաղաքացիական Հայաստանի հետ առնչությունը լինում է այնքանով, որ մարդիկ ընտանիքին տեսության են գալիս, եւ հիմնականում շփվում են հենց հարազատների հետ: Նրանց հետաքրքիր չեն ոչ քաղաքական գործիչների վերամբարձ ճառերը, ոչ էլ` թե ով ում հետ կռվեց ու բարիշեց, ով ինչ նոր "գլամուրային" զգեստով հայտնվեց, ով ինչ սկանդալի մասնակից դարձավ: Եվ քաղաքացիական Հայաստանից այս Հայաստանի ուզածն էլ առանձնապես մեծ բան չէ` որ տարբեր խժդժություններով թիկունքից չխփեն, ու, որ ընտանիքի խնդիրները համեմատաբար բարվոք լուծված լինեն:
Քաղաքացիական Հայաստանում այդ` պատերազմող Հայաստանի մասին հիմնականում հիշում են բանակում ծառայող որդի եւ եղբայր ունեցողները, գումարած նաեւ, իհարկե, սպաների եւ պայմանագրային զինծառայողների ընտանիքները: Ամեն մի միջադեպի մասին հաղորդագրությունը տագնապով են ընկալում, առավել եւս, եթե զոհերի մասին տեղեկատվություն է լինում: Իսկ այս տարվա սկզբից մարտական կորուստների մասին տեղեկատվությունը քիչ չէ, բայց սահմանները պաշտպանելիս զոհվողների մասին բավականին քիչ է խոսվում ու գրվում: Կրքերը այլ տեղ են եռում:
ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Այդ Հայաստանը ընդհանուր քաղաքացիական Հայաստանի լուսանցքային հատվածն է: Խորհրդարանում ներկայացված է մի բուռ պատգամավորներով, գործադիր իշխանության մարմիններում` արեւմտյան այս կամ այն ծրագրերին մասնակցած, դրանց շնորհիվ գումար լափած, այսպես կոչված, "6-րդ շարասյունով": Գործադիրում այդ Հայաստանի ներկայացուցիչները ծպտյալ են, առանձնապես հրապարակավ ի ցույց չեն դնում սեփական մոտեցումները, բայց թերեւս հենց դրանք են ամենավտանգավորները:
Իսկ իշխանական շենքերից դուրս արեւմտամետների Հայաստանը ներկայացված է գաճաճ կուսակցություններով, նախկին պաշտոնյաներով, գրանտածիծների հոծ բանակով, գումարած նաեւ տարատեսակ հակաբնական փոքրամասնությունները: Մեկ էլ` աղանդավորական կառույցները, բայց ընդամենը առաջնորդների մակարդակով, քանզի "շարքային հավատացյալները" սոսկ կույր գործիք են, հոտ` բառիս բուն իմաստով:
Այդ լուսանցքային Հայաստանի համար աստեղային ժամն եկավ, երբ Գյումրիում տեղի ունեցավ ճիվաղային ոճիրը: Վերջապես պատշաճ առիթ եղավ` գրգռելու եւ զգացմունքային ալիքի վրա փողոց հանելու բավականին հոծ եւ բավականաչափ վրդովված զանգվածների: Ճիշտ է, չհաջողվեց հասցնել մասշտաբային անկարգությունների, չհաջողվեց հասցնել 102-րդ ռազմաբազա ներխուժելուն, ինչը, որպես շարունակություն, կբերեր այնպիսի ալեկոծումների, որ մի քանի օր անց ոչ ոք չէր էլ հիշի, թե ինչից էր սկսվել, բայց, այնուամենայնիվ, այդ լուսանցքային խմբի ներկայացուցիչները վերջին մի քանի տարիների ընթացքում առաջին անգամ իրենց մարդ զգացին` որ իրենց ասածին եւ իրենց խառնակչություններին պատրաստակամորեն համեմատաբար մեծ թվով մարդիկ են արձագանքում: Այդ կերպարանքները հաճույքով սպասարկեցին մեր երկրի դեմ մղվող տեղեկատվական-հոգեբանական պատերազմը, քարոզչական դաշտում հաճույքով արեցին ամենանենգ ստորությունները, բայց այդպես էլ բարեբախատաբար չկարողացան հասնել ներքին անկայունության եւ երկրի աշխարհաքաղաքական կուրսի փոփոխության: Բայց մի բան կարողացան` ահագին պղտորել մթնոլորտը:
ՍՈՒԳԸ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ
Կան նաեւ սեփական առանձին Հայաստանները ունեցող տարատեսակ խմբակային շահեր հետապնդող քաղաքական գործիչները, չինովնիկները, օլիգարխները եւ այլն: Զուգահեռ Հայաստանները շատ են, մեկը մյուսով առանձնապես չի հետաքրքրվում, մեկը մյուսին դիտարկում է սոսկ որպես մարդկային ռեսուրսի աղբյուր: Ու այդ ֆոնի վրա տեսանք մի արտառոց երեւույթ` սուգը վերածվեց քաղաքական կատեգորիայի:
Համացանցը ողողվեց հարցադրումներով` ինչո՞ւ պաշտոնապես սուգ չի հայտարարվում: Նաեւ ԱԺ-ում երեկվա խորհրդարանական լսումներին, որ նվիրված էին Գյումրվա ողբերգությանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մեծ պաթոսով այդ հարցն ուղղեց գլխավոր դատախազին, ով ոչ մի կերպ չէր կարող առնչվել սուգ հայտարարել-չհայտարարելու հետ: Մինչդեռ տիկնոջ կուսակիցը` Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հենց ամենաճիշտ հասցեատերն էր: Քանի որ հենց նրա, մեկ էլ Գյումրիի ավագանու պարտականությունն էր տեղում այդ հարցը լուծելը: Սակայն ամենատագնապալի օրերին Գյումրին այդպես էլ չտեսավ, որ ընդհանրապես քաղաքապետ ունի:
Իսկ երկրի մասշտաբներով, այդ հարցը վերածվեց շահարկումների եւ քարոզչության դաշտի: Նույնիսկ ի հայտ եկավ ֆեյսբուքյան բազմահազարանոց խումբ "Պահանջում ենք համապետական սուգ հայտարարել" վերնագրով: Զավեշտ է, չէ՞, բայց փորձիր այդ զավեշտը կազմակերպողներին եւ թեժացնողներին դա ասել, միանգամից քեզ կհռչակեն վերջնական սրիկա: Ի դեպ, այդպես վարվեց լոնդոնասեր Ստյոպիկ Սաֆարյանը, երբ տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը համարձակվեց մտածել այլ կերպ, քան պահանջողները: "Ժառանգության" այդ գործիչը միանգամից ձեւակերպեց դատավճիռը. "Հիշեք, որ դուք էլ ընտանիք ու երեխեք ունեք, այ, անհայրենիքներ...": Մինչդեռ Տ. Քոչարյանն ընդամենն արձանագրել էր, որ իշխանությունը իր կեցվածքով պարզապես զերծ պահեց կեղծավորության հեղեղներից, որոնք էլ ավելի կխորացնեին այն, ինչը Սերժ Սարգսյանը ժամանակին բնութագրել էր, որպես "գաղջ մթնոլորտ". "Գիտեք, իսկ ես դժգոհ չեմ որ պետական մակարդակով սուգ չհայտարարվեց: Այդ ձեւական, փքված դեմքերով, ճոռոմ-ճոռոմ ելույթներով, դատարկ աչքերով դեմքերը տենալուց Աստված պահեց մեզ բոլորիս: Մենք էինք ու մեր վիշտը: Ու երեկ Ազատության հրապարակում ցրտից դողացող եկեղեցական խմբի աղջիկների երգած շարականները հազար անգամ հոգեհարազատ էին ինձ, քան պետական սուգի հազար անգամ քշած կասետները: Ու այսքան ժամանակ, ինչ մոմերը վառվում էին, մի հատ քամի էլ չփչեց: Եվ ճիշտն էլ երեւի դա էր: Անկեղծ: Շիտակ: Մաքուր":
Եվ, իրոք, յուրաքանչյուրն իր իմացած ձեւով արտահայտեց իր վշտակցությունը: Շատ-շատերը դա արեցին մոմավառությամբ, մյուսները` սոցցանցերում սեփական նկարները սեւ քառակուսիներով փոխելով, երրորդները` գրավոր կամ բանավոր խոսքով: Յուրաքանչյուրը` յուրովի, յուրաքանչյուրը` առանց դիմակի: Բայց նաեւ երեւաց, թե առանց դիմակի, ոմանց դեմքերն ինչքան են զազրելի: Սուգը քաղաքական կատեգորիա դարձնողները: Դաժանաբար սպանված գյումրեցի ընտանիքի արյան վրա ահավոր մեղադրանքներ կառուցողները, քաղաքական կապիտալ դիզողները, հրահրումներ անողները: Նաեւ այդ հատկանիշով զուգահեռ Հայաստաններ գոյացան` պարկեշտ մարդկանց Հայաստանը եւ սրիկաների "հայաստանը":
ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
Բայց չկա չարիք` առանց բարիքի: Այն, ինչ տեղի ունեցավ, բացահայտեց` ով ով է, նաեւ պատռվեցին շատերի դիմակները: Կարեւոր էր նաեւ այն, որ տեսանք մեր հանրության ամենաթույլ կետը, որի վրա սեղմելով հնարավոր է նրան ներքաշել լրիվ հուզական դաշտ` թուրքական ձեռագրով ամբողջական ընտանիքի, այդ թվում երեխաների սպանությունը: Իսկ եթե գիտենք մեր թույլ կետը, ապա ուրեմն կարող ենք մտածել համարժեք հակամիջոցների մասին:
Եվ ամենակարեւորը` երբեք չմոռանանք այն զուգահեռ Հայաստանի մասին, որը մեր հանրապետության եզրագծով է: Այն կատարում է մեր ընդհանուր տան ամուր պատի դերը: Օրական գոնե մեկ անգամ բարի խոսքով հիշենք մեր բանակը եւ մեր զորականներին: Իսկ եթե չարախոսող կա, ապա սաստենք: Որովհետեւ չի կարելի: Կրակի կողքը բենզինի հետ խաղեր չեն անում:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

