ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ՈՉ ԹԵ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԱՐՄԱՏՆԵՐԻՆ, ԱՅԼ ՇԵՂՈՒՄ Է ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ
Արխիվ 12-16ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ՈՉ ԹԵ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԱՐՄԱՏՆԵՐԻՆ, ԱՅԼ ՇԵՂՈՒՄ Է ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ
Այս օրերին, երբ մի կողմից ամենքի սրտում գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի ողբերգության ցավն ու կսկիծն էր, իսկ մյուս կողմից ցասումն առ այն, որ թուրք-ադրբեջանական սադրիչ մեքենան գործի է անցել` սկսած հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունից մինչեւ ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահի կազմակերպած ինչ-որ հնարովի միջոցառման հրավեր, պարզվում է` ոմանք շարունակում են միայն տեսնել ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի բարեմասնությունները, ու թե այդ սարքովի տիկնիկն այս անգամ ինչ է մոգոնել: Հայրենի մամուլը սկսեց լայնորեն տարածել, որ Քիմը իր քույրերի, դստեր եւ հնարավոր է` ամուսնու հետ այս տարվա ապրիլի 24-ին լինի Հայաստանում, ինչը վերածվեց հույզերի, հայհոյանքների, ոգեւորության ու չտեսության մեծ ալիքի: Եվ ի՞նչ, ազգովի խառնվել ենք իրար, ինչ է, թե «պոռնոաստղն» իր հերթական PR-ն է ապահովում:
Բայց մի շտապե՛ք շատ հուզվել, որովհետեւ Քիմ Քարդաշյանի այցը պարզապես համընկել է 1915-ի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին, թեպետ նա աշխարհին ամեն տարի ապրիլի 24-ին կոչ է անում հիշել Հայոց ցեղասպանության մասին: Իհարկե, այս ամենի հետ մեկտեղ, չենք էլ կարող մոռանալ, որ մեր հայրենակիցը մի քանի տարի առաջ Թուրքիայում լույս տեսնող «Cosmopolitan» հանդեսի շապիկին էր հայտնվել, թեպետ իբրեւ տեղյակ չի եղել ու հերթական անվճար PR-ը տարածվեց միջազգային մամուլում: Ինչեւէ, թե ինչ են մտածում ու ինչ են անում Քարդաշյանն ու իր քույրերը, երկրորդական է, կարեւորն այն է, որ մարդիկ հասկանան` երբ եւ ինչու են հիշում Քարդաշյանին ու նրա բարեմասնությունները, որոնք այսօր առավել լայն քննարկման թեմա են դարձել, քան իսլամիստների ահաբեկչությունները, ամենուր սկիզբ առնող պատերազմներն ու հիվանդությունները:
Կույտը մշակեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

