ՈՎՔԵՐ ԾՆՎԵԼ ԵՎ ՄԵԾԱՑԵԼ ԵՆ ԱՄՆ-ՈՒՄ, ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄ ՉՈՒՆԵՆ` ԻՆՉ Է ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ
Հունվարի 28-ին ԱՄՆ-ի Գլենդել հայաշատ քաղաքի Beyond the Stars Palace թատերասրահում տեղի կունենա "Ես քո զավակն եմ, Հայաստա՛ն" համերգ-ներկայացումը` նվիրված Հայոց բանակի 23-ամյակին: Այն մեկ անգամ եւս հայ եւ օտար հանդիսատեսին կներկայացնի Հայոց բանակի անցած փառավոր ուղին:
"Իրավունքի" հետ զրույցում միջոցառման գեղարվեստական ղեկավար ԴԱՎԻԹ ԱՍԱՏՐՅԱՆԸ փաստեց, որ շատ հայեր, ովքեր ծնվել եւ մեծացել են ԱՄՆ-ում, պատկերացում չունեն, թե ինչ է իրենից ներկայացնում Հայոց բանակը, սակայն մեկ բան հստակ է, որ դրանից չի պակասում նրանց հայրենասիրությունը. "Մոնթեի օրինակը տվել է այս հարցի պատասխանը, թե ինչպես կարելի է լինել հայրենիքից հեռու, սակայն մնալ հայրենիքի զավակը եւ զինվորը: Հունվարի 28-ին տոնելու ենք մեր հաղթանակած Հայոց բանակի 23-ամյակը, հավատամքի նման կրկնելով` "Ես քո զավակն եմ, Հայաստա՛ն"",- նշեց Դ. Ասատրյանը: Նրա խոսքով` կան հարցեր, որոնց վերաբերյալ ամբողջ հայությունը տարբեր մոտեցումներ է ցուցաբերում, բայց կա մի արժեք, որը թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում ընդունվում է սրբորեն, այն է` Հայոց բանակ: Համերգ-ներկայացումն ամբողջությամբ կներկայացնի Հայոց բանակի պատմությունը, նրա հերոսներին եւ այսօր հայրենի սահմանները պաշտպանող հայ զինվորներին. "Կարծում եմ` յուրաքանչյուր զինվորի պարտքն է` բանակում եւ պահեստազորում ամեն վայրկյան գիտակցել իր վրա դրված պարտավորության չափը: Մեր բանակի հզորացումը կարեւոր է ոչ միայն մեզ` հայերիս, այլեւ տարածաշրջանի անվտանգության համար, չէ՞ որ մեր տղաներն իրենց փայլուն կերպով դրսեւորում են նաեւ խաղաղապահ առաքելություններում",- ավելացրեց Դ. Ասատրյանը: