ՈՎ ՈՒՄ ԻՆՉՊԵՍ Է ՔՑՈ՞ՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿՐՈՒՄ
Արխիվ 12-16ՈՎ ՈՒՄ ԻՆՉՊԵՍ Է ՔՑՈ՞ՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿՐՈՒՄ
Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Երեւանի քաղաքապետի, շնորհել էր "Լիդեր Մոբիլ" սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը շուրջ 5000 քմ մակերեսով տարածքում կառուցապատում իրականացնել: Տարածքն էլ մայրաքաղաքի հենց կենտրոնում էր. Ամիրյան ու Բուզանդի փողոցներում: "Կառուցապատողի" հպարտ կարգավիճակը ստանձնած ՍՊԸ-ն պարտավորվել էր` "Հասարակության եւ պետության կարիքների համար…":Դե, երեւանցի ո՞ր միամիտը տեղյակ չէ, որ հենց այդպիսի ձեւակերպումներից էր սկսվել Երեւանի կենտրոնի մի շարք բնակիչների տնաքանդությունը:
Ո՞վ է մեղավորը…
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԳՏԵԼ ԷՐ 2 ՄԵՂԱՎՈՐԻ
2007թ. մայիսի 25-ից մինչեւ դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատավածում "Լիդեր Մոբիլ"-ի տնօրեն Տիգրան Մուշեղյանը վերը հիշատակված "տնաքանդության" պայմանագիր էր կնքել 13 անձանց հետ: Այդ պայմանագրերով "երջանկացած" քաղաքացիներն ու նրանց ընտանիքները պետք է հանձնեին իրենց տներն ու հողատարածքները, որի դիմաց ստանային` ոմանք բնակարաններ նույն այդ տարածքում, ոմանք էլ` գումար: Հանձնման գործընթացը, հասկանալի է բարդություններ չէր առաջացրել, իսկ փոխհատուցման հարցով 5 տարի անց զբաղվել էր ՀՀ գլխավոր դատախազությունը: Ըստ վերջինիս` քաղաքացիների կողմից հանձնվածը դարձել էր ընկերության, այն է` Տ. Մուշեղյանի սեփականությունը, այն գրավ էր դրվել, որի դիմաց ընկերության հաշվեհամարին (կարդա` Տ. Մուշեղյանի գրպանում) հայտնվել էր 3.000.000 ԱՄՆ դոլարին համարժեք 904.572.450 ՀՀ դրամ: Այդ գումարը պետք է օգտագործեր բացառապես "շինարարական աշխատանքների իրականացման եւ ընթացիկ ֆինանսական գործունեության ապահովման նպատակով": Վարկային պայմանագիր կնքվել էր 2008-ի օգոստոսի վերջին, իսկ սեպտեմբերի 17-ին արդեն սկսել էր դրա "իրական" շարժը:
Մեղադրական եզրակացությամբ փաստվել էր. "Այդ նույն ժամանակահատվածում Տիգրան Մուշեղյանը, շարունակելով միանձնյա կառավարել եւ տնօրինել ընկերության ֆինանսական հոսքերը, բանկի կողմից ընկերությանը տրամադրված վարկային միջոցներից 75.500.000 ՀՀ դրամը 2008թ. սեպտեմբերի 17-ին Ռադիկ Եսայանի խնդրանքով, վերջինիս անձնական կարիքները հոգալու համար, տրամադրել է նրան, իսկ մնացած 83.442.546 ՀՀ դրամը, մինչեւ 2011թ. մայիսի 21-ը` կանխիկացնելով ընկերության բանկային հաշվից ու դրամարկղից, ծախսել է այլ նպատակներով, ինչի արդյունքում "Լիդեր Մոբիլ" ՍՊ ընկերությունն արդեն շուրջ 4 տարի դադարել է գործունեություն իրականացնել, իսկ իրացվող տարածքի վերը հիշատակված քաղաքացիները չեն ստացել պայմանագրերով նախատեսված իրենց փոխհատուցումները":
ԻՐԱԿԱՆ ՏՆՕՐԵՆԸ
Տիգրան Մուշեղյանն ու Ռադիկ Եսայանը վաղեմի ընկերներ էին: Հասկանալի է, որ պատահական մարդու հարյուր-հազարավոր դոլլարներ պարտքով չես տա: 2012-ին "պարզվել" էր, որ ընկեր Ռադիկը խաբել էր ընկեր Տիգրանին ու փողը չէր վերադարձրել: Պարզվել էր այն բանից հետո, երբ իրավապահ մարմինները հետաքրքվել էին, թե ինչպես էին գումարները ծախսվել Տիգրան Մուշեղյանի ՍՊԸ-ի կողմից: Ռադիկ Եսայանի ցուցմունքները բացահայտել էին մեկ այլ իրավիճակ: Դատարանում նա պնդել էր, որ չնայած այդ ժամանակահատվածում ընկերության փաստացի տնօրենն ու հիմնադիրն էր հանդիսացել Տիգրան Մուշեղյանը, սակայն ինքը` Ռադիկն էր "հիմնականում իրականացրել ընկերության փաստացի կառավարումը: "Կոնվերս բանկից" ստացած 3 մլն ԱՄՆ դոլար վարկը վերցվել էր իմ հեղինակության եւ անձի շնորհիվ, քանի որ ես եղել եմ ճանաչված գործարար, ու բանկն ինձ էր վստահել նման խոշոր գումարը: Ավելին, դեռեւս վարկի ստացման փաստաթղթային գործընթացի ժամանակ, ես բանկի այն ժամանակվա ղեկավարության հետ եկել էի "ջենթլմենական համաձայնության" այն մասին, որ "Լիդեր Մոբիլ" ՍՊԸ-ին տրամադրվելիք վարկային գումարներից կանխիկ կարգով որեւէ մեկին գումարներ չտրամադրեն, եւ որ ես պետք է տեղյակ լինեմ այդ շարժից, քանի որ արդեն իսկ եկել էի այն համոզման, որ Տիգրան Մուշեղյանը, չլինելով բիզնեսմեն, այսպես ասած, չէր տարբերում իր սեփական գումարներն ուրիշների գումարներից եւ սկսել էր դրանք ծախսել արդեն ոչ նպատակային…",- հավելել էր Ռադիկ Եսայանը` բնութագրելով իր վաղեմի ընկերոջը:
Դատախազությունը մասամբ հավատացել էր (կամ չէր հավատացել) մեղադրյալներից մեկին, մասամբ` մյուսին եւ Ռադիկ Եսայանին մեղադրել էր խարդախություն կատարելու, իսկ Տիգրան Մուշեղյանին` առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու համար:
ԹՈՒՆԵԼԻ ՎԵՐՋՈՒՄ... ԴԱՏԱՐԱՆՆ Է
Հանրային ու պետական շահերից գործող կառուցապատողի մեքենայություններից տուժածների համար տարբերություն չկար, թե իրենց խաբողներին ինչպիսի մեղադրանքներով կպարտադրեն վերականգնել իրենց խախտված իրավունքները: Նրանցից մի քանիսը հանդգնեցին հանդես գալ քաղաքացիական հայցերով եւ… մերժվեցին: Պատճառն այն էր, որ դատարանը "պարզեց", որ պատժի ենթակա անձինք, էլ չասած` վնասներ փոխհատուցողներ այս գործում չկան:
Ռադիկ Եսայանը դատարանի կողմից արդարացվել էր, քանի որ թշնամի-ընկերները, ավելի ստույգ` Տիգրան Մուշեղյանը դատարանում տրված իր ցուցմունքով չէր "սկցրել" Ռադիկ Եսայանին, իսկ մեղադրող կողմը "մոռացել" էր պահանջել դատարանից հրապարակել այդ անձանց նախաքննական ցուցմունքները: Ինքն իրենից դա չէր պահանջել նաեւ դատարանը: Անցավ-գնաց…
Մի տուժողից էլ ցուցմունք էր վերցվել դատավարական խախտումներով: Դատարանի այդ պատճառաբանությունը արժանի է, որպեսզի ներկայացվի բառացիորեն. "Տուժող Նահապետյանը չի տիրապետել քրեական դատավարության լեզվին` հայերենին, ինչն իր մեջ ներառում է ոչ միայն բանավոր, այլ նաեւ գրավոր խոսքը, որպիսի պայմաններում նրան առանց թարգմանիչի եւ ինչ-որ անհայտ (չի բացառվում ֆիզիկական թերություններ, կամ առողջական խնդիրներ ունեցող) անձի ներկայությամբ հարցաքննելը խախտել է այդ դատավարական գործողությանն առաջադրված օրենսդրական նվազագույն պահանջները, որի պայմաններում այդպիսի կարգով ձեռք բերված ապացույցը եւս չի կարող դրվել Եսայանին առաջադրված մեղադրանքի հիմքում":
Հիշեցնենք, որ մեղադրանքը ներկայացված էր ՀՀ գլխավոր դատախազության կողմից եւ, դատարանը չէր բացառել, որ այդ կառույցը կարող է օգտվել "ֆիզիկական թերություններ, կամ առողջական խնդիրներ ունեցող" անձանց ծառայություններից:
Ինչ վերաբերում է Տիգրան Մուշեղյանին, ապա նա համաձայնել էր, որպեսզի իրեն պատասխանատվությունից ազատեն, քանի որ անցել են վաղեմության ժամկետները: Այս դրվագով էլ չի կարելի չներկայացնել դատարանի ներքին համոզմունքն առ այն, որ` "այս մեղադրանքի սահմաններում այս պահին քրեական հետապնդում իրականացվելու բացակայության պայմաններում, դատարանը պետք է որոշում կայացնի Տիգրան Մուշեղյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված քրեական պատասխանատվությունից ազատելու մասին` հիմք ընդունելով այն, որ վերջինս եւ նրա պաշտպանը, դեռեւս Մուշեղյանին այդ հոդվածով մեղադրանք առաջադրված լինելու ժամանակ, միջնորդել էին եւ տվել իրենց համաձայնությունը` քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ":
Սա էլ 3.000.000 դոլարի ու 13 "տնաքանդվածների" պատմության ավարտը, եթե իհարկե վերաքննիչ դատարանում իրավիճակը չփոխվի…
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

