«ԱՅԳԵՇԱՏՑԻՆԵՐԻՆ ՄՆՈՒՄ Է ԿԱԽՎԵԼ ՋՐԻ ԱՍՏՂԱԲԱՇԽԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ». ԱՅԳԵՇԱՏԻ ԳՅՈՒՂԱՊԵՏ
Արխիվ 12-16«ԱՅԳԵՇԱՏՑԻՆԵՐԻՆ ՄՆՈՒՄ Է ԿԱԽՎԵԼ ՋՐԻ ԱՍՏՂԱԲԱՇԽԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ». ԱՅԳԵՇԱՏԻ ԳՅՈՒՂԱՊԵՏ
«Իրավունքը» նախորդ տարի երկու հրապարակումներում անդրադարձել է Արմավիրի մարզի այգեշատցիների բողոքին:
Հիշեցնենք` Գյուղապետ Ռուբեն Հովսեփյանն «Իրավունքի» հետ զրույցում հայտնեց, որ «Հայ ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ը գրավոր ծանուցել է գյուղի բնակիչների մեծամասնությանը վճարել ամիսներով, նույնիսկ տարիներով կուտակված ջրի վարձը, հակառակ դեպքում բնակիչները դատարանի հետ գործ կունենան: Գումարները, ըստ գյուղապետի, մեծ չափերին են հասնում. 100.000-ից մինչեւ 500.000 դրամ:
Այսօր գյուղապետը մեզ տեղեկացրեց, որ դատարանից գյուղացիներից մեկին` Առաքելյան Մովսեսին ջրի պարտքը վճարելու ծանուցագիր է եկել: Պարտքը չվճարելու դեպքում գյուղացին գործ կունենա ԴԱՀԿ-ի հետ: Գյուղապետի խոսքով` մի քան գյուղացի, այդ թվում նաեւ Մովսեսը, ունեն իրենց պարտքը զրոյացնելու թուղթ, սակայն չգիտես ինչու, դատարանից Մովսեսին ինչ-որ պարտքի մասին թուղթ է եկել. «Ես այսօր գնացի դատարան` պարզելու, թե ինչ իրավիճակ է: Դատարանն ասում է` ջրմուղը բողոքում է: Գյուղացիներն էլ իրենց անունից գրություն են գրելու, որ չեն պատրաստվում վճարել ջրի վարձի աստղաբաշխական թվերը»:
Բնակիչների մի մասն էլ Ռ. Հովսեփյանի հավաստմամբ առայսօր ջրաչափ չունի, չնայած մոտ երեք ամիս առաջ «Իրավունքի» հետ զրույցում «Հայջրմուղկոյոուղի» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրեն Վահագն Մանանդյանը խոստացել էր այդ հարցը լուծել: Մի մասն էլ, մեր զրուցակցի խոսքով, ունի ջրաչափ, բարեխղճորեն վճարում է իր սպառած ջրի համար, բայց ինչ-որ պարտքերի մասին են խոսում: «Այսքանից հետո այգեշատցիներին ոչինչ չի մնում, քան կախվել»,- վրդովված ասաց Այգեշատի ղեկավարը:
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ը միայն այս ամիսների ընթացքում փոխել է միայն գյուղի ներքին ցանցը, իսկ մնացած խնդիրները դեռ չեն լուծվել:
Կապ հաստատեցինք «Հայջրմուղկոյոուղի» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրեն Վահագն Մանանդյանի հետ, ով խնդրեց մեզ թվարկել պարտք ունեցող բաժանորդների անունները: Երբ հիշեցրինք, որ խնդիրն ավելի խորքային է, պրն Մանանդյանն ասաց` պատրաստ են յուրաքանչյուր գյուղացու լսելու: «Եթե պարտքը սխալի հետեւանքով է գոյացել, կարելի է ճշտել: Կոնկրետ պետք է հասկանալ` ինչից է գոյացել տվյալ բաժանորդի պարտքը: Եթե ջրաչափ չունեն, ապա ջրի վարձը գանձվում է խողովակի կտրվածքով: Եթե մարդ կա, որ ջրաչափ չունի, թող գա, կտանք»,- նորից խոստումներ տվեց պաշտոնյան:
Վ. Մանանդյանը հավաստիացրեց, որ 2007 կամ 2008 թվականին է եղել Այգեշատում, փորձելով հասկանալ խնդիրը, սակայն խոսքը վերածվել է «կռիվ-ղալմաղալի»:
Այնուամենայնիվ, գյուղացիների խնդիրը չի լուծվում, ինչքան կարող է այս իրավիճակը շարունակվել: «Թող գյուղապետը նախօրոք ասի, ես էլ իմ համակարգչով գնամ գյուղ: Ես հո ամեն ամիս չեմ գնալու գյուղ: Գյուղապետը մեզ մի անգամ չի էլ դիմել: Ձեզ դիմել` «Իրավունքին»: «Իրավո՞ւնքն» է նրան ջուր տաիս»,- ասաց Մանանդյանը:
Հ.Գ. Ո՛չ, պրն Մանանդյան, «Իրավունքը» եւ ընդհանրապես ոչ մի լրատվամիջոց որեւէ մեկին նյութական ոչինչ չի կարող եւ պարտավոր չէ տալու: Մեր պարտքն է բարձրացնել խնդրի մասին, իսկ պատկան մարմինները ականջալուր լինեն դրան: Սակայն, ինչպես դուք մեզ հետ զրույցում ասացիք, անգամ մեր նախորդ երկու հրապարակումները լիարժեքորեն չեք կարդացել: Միայն ՀՀ կառավարության համապատասխան որոշումն եք տեսել, որը հակադրվում էր ձեր հայտարարություններից մեկի հետ ու շատ «ծանր» եք տանում, այն դեպքում, երբ գոնե կարող էիք պարզաբանում ներկայացնել, եթե մեր կողմից մեջբերված ՀՀ կառավաչության որոշումը սխալ էր կամ ոչ տեղին: Սակայն այս անգամ էլ` ձայն բարբառո հանապատի: Իսկ այս ամենի պատճառով տուժում ու հիասթափվում են գյուղացիները, որոնց ձեր տեսուչներից մի քանիսը, ինչպես պնդում է գյուղապետը, քերթում են այգեշատցիներին` չվճարված ջրի վարձի դիմաց խոզի բուդ ու այլ բնամթերք պահանջելով: Դուք էլ, ոչ ավել, ոչ պակաս, կոչ եք անում այգեշատցիներին դիմել իրավապահ մարմիններին: Իսկ հարցին, թե ինչու են Այգեշատում ջրի տեսուչները հաճախ փոխվում, պատասխանում եք. «Դա մեր գործն է, գյուղապետը ինչ գործ ունի դրա հետ»:
Սխալվում եք, պրն Մանանդյան, բոլորս իրավունք ունենք իմանալու` ինչ սկզբունքով են աշխատանքի ընդունվում տեսուչները, որոնք հետո երբեմն պատուհաս են դառնում քաղաքացիների գլխին:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

