«ԳԱՅԼՆ ՈՒԶՈՒՄ Է «ԱՍՏՂ» ԴԱՌՆԱԼ` ԱՌԱՆՑ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ, ՈՐ ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ Է «ԱՍՏՂ» Է»
Արխիվ 12-16«ԳԱՅԼՆ ՈՒԶՈՒՄ Է «ԱՍՏՂ» ԴԱՌՆԱԼ` ԱՌԱՆՑ
ՀԱՍԿԱՆԱԼՈՒ, ՈՐ ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ Է «ԱՍՏՂ» Է»
Կամերային երաժշտական թատրոնում` Սամսոն Ստեփանյանի բեմադրությամբ, անգլիական սիրված «Երեք խոզուկները» հեքիաթի մոտիվներով եւ կոմպոզիտոր Վահե Հայրապետյանի հեղինակած «Երեք խոզուկների նոր արկածները» հեքիաթ-մյուզիքլային ներկայացումը` դասական եւ ժամանակակից երաժշտական չափանիշներով, դինամիկ է, աշխույժ, հագեցած զվարճալի երգերով ու հետաքրքիր պարային համարներով: Գլխավոր հերոսը՝ Գայլը, նոր ոճի ու հետաքրքիր լուծումների ձեւով է ներկայացված մյուզիքլում: Ներկայացումը հեռու է ավանդական հեքիաթի տարրերից, այստեղ բացի խոզուկներից եւ գայլից, սկյուռիկ եւ արջ կա, որոնք գալիս են նպաստելու գործողությունների դինամիկ զարգացմանը: Կոմպոզիտորը տվել է ոչ թե հեքիաթի ընթացքը, այլ նախապատմությունը, փորձել է բացատրել՝ ինչից բխեց գայլի չարանալը:
«Միտում ունեինք, որ գայլն ընկալվի որպես բարի կերպար, դա ստացանք, նույնիսկ հանդիսատես-փոքրիկները պաշտպանելու փոխարեն` մեղադրում էին խոզուկներին` պաշտպանելով գայլին: Ներկայացման մեջ հարց ենք բարձրացնում, թե այդ ինչո՞ւ գայլը դարձավ չար»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց Վ. Հայրապետյանը եւ հավաստիացրեց, որ խոզուկներն անտառի սիրված ու ճանաչված «աստղերն» են` երգիչները, որոնց վրա աչք է դնում գայլը եւ ընդամենը ուզում է ինքն էլ աստղ դառնալ: Չի ուզում ոչ ոքի ուտել` ո՛չ Կարմիր գլխարկին, ո՛չ 3 խոզուկներին, ո՛չ էլ նույնիսկ Կարմիր գլխարկի տատիկին. «Գայլն իրականում գայլ է, բայց զուգահեռ եմ անցկացրել` գայլը այսօրվա ժամանակից մարդն է, որն իրեն կորցրել է այս արժեհամակարգի կտրուկ փոփոխության մեջ: Գայլն ուզում է «աստղ» դառնալ` առանց հասկանալու, որ հարյուր տարի է «աստղ» է, որովհետեւ առանց իրեն, ոչ մի հեքիաթ չի ստեղծվել: Ուղղակի, նորելուկ «աստղեր» են դուրս եկել, եւ ուզում է ընկնել ժամանակի մեջ, մոռանալով, որ ինքը պարզապես գայլ է ու պետք է գայլություն անի»:
Մյուզիքլի երաժշտությունը գրելիս` կոմպոզիտորը հաշվի է առել, որ այն լինի ե՛ւ ուսուցանող, ե՛ւ ժամանակակից: Ըստ նրա` ներկայացման ընթացքում հանդիսատեսի ոգեւորությունն այնքան է շատանում, որ նույնիսկ երեխաների փոխարեն ծնողները, տատիկներն ու պապիկները մասնակից են դառնում ու դահլիճից բղավում. «Ա՛յ մարդ, դե մի «աստղ» էլ էդ գայլին տվեք, էլի...»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

