ԲՀԿ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ, ԻՍԿ ՀԱԿ-ԻՆ ՈՒ "ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ" ԴԵՌ "ՖՈՒԿ" ԱՆԵԼ ՉԻ ՀԱՋՈՂՎՈՒՄ
Արխիվ 12-16ԲՀԿ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ, ԻՍԿ ՀԱԿ-ԻՆ ՈՒ "ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ" ԴԵՌ "ՖՈՒԿ" ԱՆԵԼ ՉԻ ՀԱՋՈՂՎՈՒՄ
Ինչպես հայտնի է, երեկ ԲՀԿ առաջնորդի մամլո քարտուղար Իվետա Տոնոյանը հաղորդագրություն է տարածել "Մուլտի Գրանդ" հյուրանոցում տեղի ունենալիք խորհրդաժողովի հետաձգման մասին: Պատճառը գյումրեցի փոքրիկի` Սերյոժա Ավետիսյանի մահն է:
Այն, որ այս օրերին տարատեսակ խորհրդաժողովներ, միջոցառումներ հետաձգվում են, տրամաբանական է, եւ մարդկայնորեն հասկանալի, բայց թե ինչու է ԲՀԿ-ն միայն վերջին պահին է որոշում հետաձգել խորհրդաժողովը, անունն էլ դնում` սգալ, անհասկանալի է ու զարմանալի: Չէ՞ որ վեց ամսական փոքրիկը մահացել է երկուշաբթի` մոտավորապես ժամը 17:00-ին, իսկ ԲՀԿ-ն, ըստ տարածած հաղորդագրության, միայն ուշ գիշեր է անցկացրել խորհրդակցություն եւ որոշել հետաձգել այն:
Խորհրդաժողովը հետաձգելու պատճառները, սակայն, կարծում ենք, նաեւ այլ են: Նախ` այս օրերին հասարակության մի մասը ակտիվ քննարկում էր մեր որոշ քաղաքական ուժերի անտարբեր կեցվածքը` Գյումրու դեպքերի հանդեպ, ավելին` քննադատություն էր հնչում` ոչ միայն իշխանության, այլեւ ընդդիմության ու "այլընտրանք" համարվող ԲՀԿ-ի հասցեին` հատկապես հունվարի 15-ին գյումրեցիներին մենակ թողնելու համար: Հետեւաբար, սա, ըստ էության, լավ առիթ է ԲՀԿ-ի համար` հասարակության առջեւ պարզերես դուրս գալու:
Երկրորդ` հայտնի է, որ ՀԱԿ-ն ու "Ժառանգության" առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չէին մասնակցելու խորհրդաժողովին, որը, շրջանառվող լուրերի համաձայն, եւս մտահոգելու տեղիք է տվել ԲՀԿ-ին:
Երրորդ` մեր տեղեկություններով, ԲՀԿ-ին դեռ չի հաջողվում իր շուրջ քաղաքական-հասարակական մեծ կոնսոլիդիացիա ապահովել, որի պատճառով եւս հետաձգվեց խորհրդաժողովը, իսկ Տիգրան Կարապետիչի եւ Գառնիկ Իսագուլյանի պես կադրերով հեռու չես գնա:
Այսպիսով` կարելի է ասել, որ ԲՀԿ-ին դեռեւս չի հաջողվում իր շուրջ այնպիսի մեծ համախմբում ապահովել եւ վերջնականապես խաղից "ֆուկ" անել ռեալ դերակատարություն չունեցող իր գործընկներ ՀԱԿ-ին ու "Ժառանգությանը": Բացի այդ, ԲՀԿ-ն թերեւս սպասում է, թե իրավիճակի ինչպիսի փոփոխություն կլինի Գյումրվա ողբերգությունից հետո...
Ի դեպ, խորհրդաժողովի հետ կապված` մյուս քննարկվող հարցը ընտրված վայրն էր: Ինչո՞ւ ԲՀԿ-ն որոշեց ճոխ ու շքեղ "Մուլտի Գրանդ" հյուրանոցում խորհրդաժողով անցկացնել, այն դեպքում, երբ գոյություն ունի ՀՀ կառավարական տուն-1 շենքի նիստերի մեծ դահլիճը, որտեղ, սովորաբար անց են կացվում բոլոր նմանատիպ միջոցառումները: Կամ եթե գյումրեցի փոքրիկի մահվան պատճառով էր հետաձգվում խորհրդաժողովը, արդյո՞ք կարիք կար ֆուրշետի սեղան դնել, այն էլ` անմիջապես հյուրանոցի մուտքի առջեւ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

