ՈՐՏԵ՞Ղ ԷՐ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԳՅՈՒՄՐԻԻ ԴԵՊՔԵՐԻ ՕՐԸ
Հունվարի 15-ին Ավետիսյանների ընտանիքի թաղման արարողությունից հետո Գյումրիում տեղի ունեցավ բողոքի ակցիա, որը հետո վերածվեց անկառավարելի իրավիճակի: Որտեղ էին ընդդիմության առաջնորդները, որոնք օր ու գիշեր կոկորդ են պատռում տարբեր ամբիոններից եւ մտահոգ դեմքի արտահայտությամբ խոսում ազգի անունից: Ինչո՞ւ նրանք չկանգնեցին գյումրեցիների կողքին` բացի ցավակցական հայտարարություններ հնչեցնելուց:
Ահա այս հարցն է, որը մտահոգում է հասարակության մի մասին: ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանից "Իրավունքը" հետաքրքրվեց` որտեղ էր ՕԵԿ ղեկավար, նախագահի աթոռին հավակնող Արթուր Բաղդասարյանը, ինչո՞ւ գյումրեցիների կողքին չէր: "Պրն Բաղդասարյանը քաղաքում չէ: Բայց Հովհաննես Մարգարյանն ու Իշխան Խաչատրյանը եղել են Ավետիսյան ընտանիքի հոգեհանգստին, իսկ հունվարի 15-ի դեպքերի օրը Հովհաննես Մարգարյանը եղել է Գյումրիում",- ասաց Շահգելդյանը, ով, ի դեպ, եւս այդ օրը չի եղել Գյումրիում: Խմբակցության քարտուղարը հավաստիացնում է` ՕԵԿ-ը միշտ ժողովրդի կողքին է եղել եւ ուշադիր է հատկապես Գյումրիի հանդեպ: Մհեր Շահգելդյանը նաեւ ցավակցեց Ավետիսյանների ընտանիքին` վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի մահվան համար: ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ