ՍԵՎ ՀՈՒՆՎԱՐԻ ԴԱՍԵՐԸ
Արխիվ 12-16ՍԵՎ ՀՈՒՆՎԱՐԻ ԴԱՍԵՐԸ
Երեկ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի վերջին շառավիղի` փոքրիկ Սերյոժայի հոգեհանգիստն էր: Ժամանել էին նաեւ ՀՀ նախագահը եւ վարչապետը, իսկ ՀՀ եւ ՌԴ քննչական կոմիտեների նախագահները 102-րդ ռազմաբազայի տարածքում ձեռք են բերել պայմանավորվածություն` հանցագործության դատաիրավական ընթացակարգի վերաբերյալ, որը ձեւակերպվելու է համաձայնագրի տեսքով:
Ի դեպ, ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Բաստրիկինը արդեն տեղեկացրել է հանրությանը, որ դատավարությունը տեղի է ունենալու հրապարակավ, ՀՀ տարածքում:
ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ
Հարկ է նշել, որ ոչ միայն հայկական, այլեւ ռուսական ԶԼՄ-ները բավականին մանրամասն լուսաբանում են ողբերգությունը, եւ դրանով հունվարի 19-20-ը տարբերվում է հունվարի 12-ից եւ հաջորդած օրերից:
Իսկ ընդհանուր առմամբ, հունվար ամսվա հենց այդ հատվածը հագեցած է ողբերգական դրվագներով: Գյումրվա ողբերգության ֆոնի վրա մի տեսակ ստվերում մնացին ինչպես Բաքվի ջարդերի 25-ամյակը, այնպես էլ Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի հերոսական մահվան 25 տարին: Նաեւ քիչ լուսաբանվեց եւս մեկ հերոսական հոբելյան` ԱՍԱԼԱ-ի 40-ամյակը:
Սակայն վերադառնանք Գյումրվա դեպքերին: Առկա են ինչպես պատշաճ հրապարակումներ, այնպես էլ առավել քան նվազ քաղաքականացում, որը որոշ դրվագներով հասնում է ամենաանպատկառ շահարկումների եւ սադրանքների: Դա առավել ցայտուն երեւում է "Ֆեյսբուքում": Չնայած բոլոր տեսակի` սադրիչ նպատակներով ստեղծված կեղծ էջերը, որոնց հեղինակներն են մեծամասամբ ուկրաինացիներն ու ադրբեջանցիները, բացահայտվել են տեղեկատվական անվտանգության մասնագետների կողմից, դրանց մասին բազմիցս ասվել է, այնուամենայնիվ, կային եւ կան բազում` որեւէ սրբությունից զուրկ տարրեր, ովքեր շարունակում են տիրաժավորել տարատեսակ կեղծիքները: Իսկ դրանք բազմազան են` սկսած սադրիչ էջերից, ուր փառաբանվում է ճիվաղ Պերմյակովը, վերջացրած հայտնի ռուս գործիչների, Ռուսաստանի պետական պաշտոնյաների, նաեւ Ռուսաստանում ապրող հանրահայտ հայերի կեղծված խոսքի տիրաժավորումը:
Բայց միաժամանակ պետք է նշել եւ "նարնջագույն" գործիչների ոչ այնքան գեղեցիկ պահվածքը:
Օրինակ, Զարուհի Փոստանջյանը քանիցս կրկնում է, թե ժողովուրդն իրավունք ունի փակելու ռուսական ռազմաբազան: Իրենք` այդ գործիչները, սեփական անունից չեն հայտարարում, որ պետք է փակել, բայց փաստացի հրահրում են ժողովրդին: Իսկ թե ինչու թիրախ է ընտրված հենց ռազմաբազան, կարելի է եւ միայն ենթադրել. պարզ է, որ ռազմաբազայի վրա բազմության հարձակման դեպքում ժամապահները պարտավոր կլինեն կրակ բացել, իսկ դա արդեն կնշանակի շատ մեծածավալ ալեկոծումներ եւ քաոսի հաստատում ամբողջ երկրով մեկ: Սակայն այն բանից հետո, որ պարզ դարձավ, որ ճիվաղը դատվելու է Հայաստանի տարածքում, ինչպես նաեւ ռուսական լրատվական դաշտի պատշաճ արձագանքներից հետո փոխվել է նաեւ այդպիսի գործիչների տոնայնությունը: Նույնիսկ "Հիմնադիր խորհրդարան" վերանվանված "Նախախորհրդարանի" պես ծայրահեղ միավորումը իր հրապարակած կոչում հորդորեց սգո այդ օրերին ձեռնպահ մնալ տարատեսակ կտրուկ գործողություններից:
ԻՍԿ ԵՐԿՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՆՀԱՆԳԻՍՏ Է
Վերջին օրերին մազութային սուլթանատի կողմից սադրանքների եւ դիվերսիաների պակաս չկա: "Ավանդաբար" մեր թշնամին "նշեց" նաեւ Բաքվի ջարդերի 25-ամյակը` հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը իրականացնելով 8 դիվերսիոն գործողությունների փորձ Արցախի ուղղությամբ, կորուստներ տալով ետ քաշվեց, բայց մենք նույնպես ունեցանք կորուստ` մահացու վիրավորումից մահացավ 20-ամյա զինծառայող Սուրեն Փիլոսյանը:
Սահմանային իրավիճակի մասին այնքան էլ շատ չի խոսվում ու գրվում: Բանակը շատ լավ է կատարում իր գործառույթը, եւ մեր զինվորների կողմից ապահովված անվտանգությունը արդեն շատերի կողմից ընկալվում է շատ սովորական, դա նույնիսկ չեն էլ նկատում, ինչպես շնչելիս չեն նկատում օդը: Ու դա չնայած այն հանգամանքին, որ վերջին շրջանում թշնամին սկսել է կիրառել նաեւ ականանետներ ու այլ ծանր զինատեսակներ... Թե ինչ է նշանակում դիրքերում ծառայություն իրականացնել այդ զինատեսակների կիրառման պայմաններում` յուրաքանչյուրը կարող է տեղեկանալ իր շրջապատի այն մարդկանցից, ովքեր 1992-1995թթ. ծառայել են բանակում: Այն, որ անվտանգությունը ընկալվում է որպես բնական մի բան, որ վստահության մակարդակը բանակի հանդեպ բարձր է, շատ լավ է: Ու բանակը կշարունակի նույն ձեւով կատարել իր գործառույթը, միայն թե թիկունքից հարված չստանա` տարբեր խժդժությունների տեսքով: Օրինակ` այն, ինչ տեղի էր ունեցել Գյումրիում հունվարի 15-ին, եթե շարունակություն ունենար, կարող էր նաեւ ազդել մեր բանակի մարտունակության վրա եւ ոգեւորել թշնամուն` դիմելու էլ ավելի հանդուգն գործողությունների: Այնպես որ, ներքին կայունությունը անհրաժեշտ է ոչ միայն այն պատճառով, որ որեւէ հեղափոխություն որեւէ լավ բանի չի բերում, այլեւ օդ ու ջրի պես անհրաժեշտ է, որպեսզի ապահովված լինի նաեւ արտաքին անվտանգությունը մեր սահմաններում:
Եվ կայունության ապահովման ուղղությամբ հարկավոր են իշխանության առավել ակտիվ քայլեր: Այսպես, տեղեկատվական-հոգեբանական պատերազմի պայմաններում անթույլատրելի շքեղություն կլինի լրիվ ինքնահոսի թողնել տեղեկատվական դաշտը: Այս օրերին հայտնվել են կեղծիքի եւ ապատեղեկատվության այնպիսի հրեշավոր նմուշներ, որոնք ունեին այնպիսի հրահրիչ ներուժ, որ մարդու մազերն են բիզ-բիզ կանգնում: Ու նաեւ քիչ չեն ազգամիջյան թշնամանքի հատկանիշներ ունեցող քարոզչական նմուշներ, որոնց միջոցով փորձ է արվում Ռուսաստանից եւ ռուսներից կերտել հրեշավոր թշնամու կերպար, ու թերեւս ժամանակն է, որ դրա վրա ուշադրություն դարձվի քրեական օրենսգրքի տեսակետից:
Անգամ աշխարհաքաղաքական-քաղաքակրթական հակամարտությունների դրսեւորումների էական թուլացման, ներքին կայունության հուսալի ապահովման պարագայում այդ դաշտն ուշադրության արժանի է, քանզի էապես նպաստում է մթնոլորտի ապականմանը, չարության, ատելության, անվստահության եւ այլ նեգատիվ հույզերի կայացմանը, ստեղծում է այն, ինչը ՀՀ նախագահը ժամանակին կոչեց "գաղջ մթնոլորտ": Չմոռանանք, որ հենց այդ մթնոլորտը արտագաղթի ամենաէական գործոնն է, այդ մթնոլորտը նաեւ զգալիորեն խոչընդոտում է գործարար ակտիվությանը, քանզի տագնապած մարդիկ խուսափում են փողը որեւէ գործի մեջ ներդնելուց:
Ինչ վերաբերում է Գյումրիում տեղի ունեցածին, ապա հետագայում այդպիսի ճիվաղային միջադեպերից խուսափելու համար անելիքներ ունեն ինչպես մեր, այնպես էլ Ռուսաստանի իշխանությունները: Շատ էական է, թե ինչպիսի անձնակազմով է համալրվում ռազմաբազան, եւ անձնակազմի որակի վրա պատշաճ ուշադրություն դարձնելով` հնարավոր կլինի ոչ միայն խուսափել ողբերգություններից, այլեւ ինչը ոչ պակաս կարեւոր է, բարձրացնել այդ զինվորական ստորաբաժանման մարտունակությունը: Չէ՞ որ դա մեր անվտանգության համակարգի բաղկացուցիչ մասն է, եւ կարեւոր մաս:
Ավելորդ չի լինի նաեւ հաշվի առնել ինտերնետային դարաշրջանի առանձնահատկությունը եւ հենց դպրոցում սկսել ուսուցանել տեղեկատվական անվտանգության հիմքերը, որպեսզի մատաղ սերունդը սովորի կուլ չգնալ վիրտուալ տարածքի որոգայթներին: Ի դեպ, Ռուսաստանում արդեն անցյալ տարվանից փորձնական այդպիսի կուրսեր որոշակի դպրոցներում մտցվում են, եւ համապատասխան ձեռնարկներ են հրատարակվել նաեւ ծնողների համար:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

