ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ
Արխիվ 12-16ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ
Համազգային սուգ է, մեր սրտի բոլոր վերքերն արնահոսում են: Պահն անմարդկային է. կարծես թե մղձավանջ էր, քանզի տարին սկսվեց ահասարսուռ դեպքերով… Գյումրի, հազար ու մի վիշտ տեսած մեր հայրենի քաղաք: Մեծ է քո վիշտն այսօր, մեծ ու անտանելի: Այս անգամ թշնամին չէր, այս անգամ դարավոր բարեկամն էր…Ասում են` թշնամին ազգություն չի ճանաչում, բայց, այնուամենայնիվ…Մեկ շաբաթում կոտրվեցինք ու միացանք, ողբացինք ու զսպվեցինք… ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի շուրջ 250 բնակիչ հունվարի 20-ին մասնակցեց ս. Փրկիչ եկեղեցու բակում կազմակերպված մոմավառությանը` ի հիշատակ Գյումրիում դաժան սպանդի հետեւանքով զոհված Ավետիսյանների ընտանիքի: Եկեղեցում տեր Իսահակ քահանան մատուցեց հոգեհանգստի սուրբ պատարագ` բոլորին հորդորելով լինել համախմբված, ուժեղ ու հավատով լի: Ժողովրդի համախմբվածության մի տարբերակ էր սա, որը ստիպեց մեզ յուրաքանչյուրիս եւս մեկ անգամ վերապրել միասին վատն ու դաժանը: Ուժ ու համբերություն քեզ, հայ ժողովուրդ:
ՇԱՀԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

