ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ 6-ՐԴ ՓԱՌԱՏՈՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ 85-ԱՄՅԱԿԻՆ
Արխիվ 12-16ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ 6-ՐԴ ՓԱՌԱՏՈՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ 85-ԱՄՅԱԿԻՆ

Հունվարի 20-ին՝ Արամ Խաչատրյան տուն-թանգարանում կայացավ հայ կոմպոզիտորական արվեստի 6-րդ փառատոնը, որն այս տարի նվիրված է մեծանուն հայ կոմպոզիտոր, ՍՍՀՄ Ժողովրդական արտիստ Էդգար Հովհաննիսյանի ծննդյան 85-ամյակին:
Առաջին համերգի ընթացքում հնչեցին հեղինակի գործիքային-կամերային ստեղծագործություններից: Մենակատար Յանա Դարյանի կատարմամբ համերգը բացվեց հեղինակի՝ ալտի համար գրված եռամաս սոնատով: Ապա բեմ բարձրացավ «Արս Լունգա» դուետը: Ջուլիետա Վարդանյանի և ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Արամ Թալալյանի կատարմամբ հնչեց նախ Սոնատ-էպիտաֆիան՝ նվիրված Մինաս Ավետիսյանի հիշատակին, ապա Նոկտյուրնը, որն ի դեպ, գրվել էր 17 տարեկան հասակում:
Համերգի երկրորդ բաժնում հնչեց մի շարք հեղինակավոր մրցույթներում հաղթանակած Դաշնամուրային կվինտետը՝ Արամ Խաչատրյանի անվան լարային քառյակի և դաշնակահարուհի Ջուլիետա Վարդանյանի կատարմամբ:
Փառատոնի հաջորդ համերգը կկայանա հունվարի 30-ին՝ դարձյալ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Այդ օրը կհնչեն հեղինակի դաշնամուրային ստեղծագործություններից: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի կոմպոզիտորների միությունը:
Հավելենք, որ փառատոնն անց է կացվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

