ԹՈՒՐՔԱԳԵՏ. «ԹՈՒՐՔԱԿԱՆ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԸ ԱՐՄԱՏՆԵՐ ՈՒՆԻ»
Արխիվ 12-16ԹՈՒՐՔԱԳԵՏ. «ԹՈՒՐՔԱԿԱՆ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԸ ԱՐՄԱՏՆԵՐ ՈՒՆԻ»
Այս տարի Թուրքիայի կառավարության որոշմամբ 2015 թվականի ապրիլի 24-ին Թուրքիայում մեծ շուքով կնշվի Գալիպոլիի ճակատամարտում տարած հաղթանակի 100-ամյակը: Այս առիթով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 102 երկրի ղեկավարների հրավեր է ուղարկել`ապրիլին կայանալիք միջոցառմանը մասնակցելու համար: Յուրաքանչյուր տարի Թուրքիան այդ հաղթանակին նվիրված միջոցառումներ անցկացրել է մարտին, իսկ այս տարի փոխել է օրը եւ ամիսը:
Թուրքագետ ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի այս նախաձեռնությանը փաստեց. «Թուրքիայի քայլն էլ հենց այն էր, որ շեղի ուշադրությունը Ցեղասպանության 100-րդ տարելիցից, ինքը փորձի նախաձեռնողի դերում լինել: Խուսանավող այս քայլի համար իր հասցեին քննադատությունների տարափ ստանալով հանդերձ ՝ Անկարան արդեն իսկ որոշակի գործընթացների հիմք է դրել՝ մի կողմից շեղել Ցեղասպանության 100-րդ տարելիցից սեփական քայլերով, մյուս կողմից փորձելով սեփական նախաձեռնությամբ հանդես գալ: Այս քայլը հերթական ապացույցն է այն բանի, որ որոշակի կոսմետիկ, դրական թվացող վերանորոգումներով հանդերձ թուրքական ժխտողականությունը խորը արմատներ ունի»:
Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ կարծիքով այս քայլով Թուրքիան հերթական անգամ ժխտում է իր նախնիների 1915 թվականի ոճրագործությունները հայերի նկատմամբ. «Սա Թուրքիայի կողմից անտարբերության քայլ է: Հայաստանը պետք է բոլոր միջազգային ատյաններում հանդես գա հայտարարությամբ եւ խնդիրը դնի այսպես`այն պետությունը, որը ապրիլին կմասնակցի Թուրքիայում տեղի ունեցող այդ թատերական ներկայացմանը , ապա այդ պետությունը լուրջ դիվանագիտական խնդիր կունենա Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ: Թուրքիան ամեն ինչ անում է, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը շեղի Հայոց ցեղասպանության փաստի»,-ընդգծեց քաղաքագետը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

