ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵ. ԱՐՈՆՅԱՆԸª ԱՌԱՆՑ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ
Արխիվ 12-16ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵ. ԱՐՈՆՅԱՆԸª ԱՌԱՆՑ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ
Վեյկ Ան Զեե քաղաքում շարունակվում է Tata Steel Chess շախմատային սուպերմրցաշարը, որտեղ իր կայուն անհաջող ելույթներն է շարունակում նաեւ Լեւոն Արոնյանը: Հայաստանի հավաքականի առաջատարը մրցաշարի հերթական 8-րդ տուրում հերթական ոչ-ոքին խաղաց, մրցակիցը` կանանց աշխարհի եռակի չեմպիոն չինուհի Հոու Յիֆանին էր: Կողմերը խաղաղ ելք կնքեցին 55-րդ քայլում: Այսպիսովª հայ գրոսմայստերը 3 միավորով 10-րդ տեղում է. մրցաշարի անցած 8 տուրերում Արոնյանը կրել է 2 պարտություն, իսկ մյուս 6 պարտիաներն ավարտել է ոչ-ոքի: Անդրադառնանք նաեւ վերջին մի քանի տուրերի արդյունքներին: 7-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատարը սպիտակներով միավորը կիսել էր ՖԻԴԵ-ի երկրորդ համար, իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ: Պարտիան ավարտվել է 47-րդ քայլում: Սուպերմրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերը սեւերով մրցել է հոլանդացի Լյուկ վան Վելիի հետ եւ 41-րդ քայլում համաձայնել է ոչ-ոքի արդյունքի: 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Ինչպես եւ կանխատեսվում էր, վերջին տարիների ամենաինտրիգային` Կարլսեն-Արոնյան մրցապայքարը ավարտվեց հօգուտ աշխարհի չեմպիոնի. 52-րդ քայլում Արոնյանը ստիպված էր ընդունել պարտությունը:
Այսպիսով, 8 տուրերից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է ՖԻԴԵ-ի առաջին համարը` Մագնուս Կարլսենը, ով իր ակտիվում ունի 6 միավոր:
Ինչ վերաբերում է Արոնյանին, ապա նրա անհաջողությունների շարքը սկսվել է դեռ անցած տարվանից, եւ դժվար է հասկանալ, թե որտեղ աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկը կորցրեց խաղային զգոնությունը: Ամեն դեպքումª միանշանակ է, որ շախմատի սիրահարները վաղուց է, ինչ "Արոնյանական" խաղ չեն տեսել:
Հունվարի 19-ը Tata Steel Chess-ում հանգստյան օր է: Հունվարի 20-ին անցկացվելիք 9-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա վրացի Բահադուր Ջոբավայի հետ:
Իսկ ահա Երեւանում շարունակվող Հայաստանի շախմատի կանանց եւ բաց առաջնությունում կանանց պայքարում առաջատարը Շուշաննա Սարգսյանն է, իսկ բաց մրցաշարի մրցաշարային աղյուսակը գլխավորում են Արման Միքայելյանը եւ Կարեն Գրիգորյանը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

