Ռ. ԲԱԲԱՅԱՆԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԴԵՊՔԵՐԻՑ ԴԻՎԻԴԵՆՏՆԵ՞Ր Է ՇԱՀՈՒՄ
Արխիվ 12-16Ռ. ԲԱԲԱՅԱՆԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԴԵՊՔԵՐԻՑ
ԴԻՎԻԴԵՆՏՆԵ՞Ր Է ՇԱՀՈՒՄ
Գրեթե մեկ շաբաթ առաջ Գյումրիում ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի կատարած մի ամբողջ ընտանիքի հանդեպ ոճրագործությունը դեռ երկար կմնա բոլորիս հիշողության մեջ, ինչն աններելի է ու խստագույն պատժի արժանի: Բայց դա թողնենք հայ եւ ռուս իրավապահներին, բայց, չգիտես ինչու, ոմանք կատարվածն օգտագործեցին քաղաքական եւ սեփական PR-ն ապահովելու համար: Այդ օրերին Գյումրիի փողոցներ դուրս եկած ցուցարարներից շատերը մոռացել էին բուն հավաքի նպատակի մասին, արդյունքում մոտ 2 տասնյակի հասնող մարդիկ հայտնվեցին հիվանդանոցում: Սա քննարկման այլ թեմա է, բայց այս անգամ Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը կրկին սկսեց "քաղաքական վերլուծություններ" անել:
Ըստ նրա. "Այն, ինչ կատարվեց այս օրերին, ցույց տվեց, որ մենք ունենք հրաշալի ժողովուրդ, որն ուզում է տեր կանգնել իր երկրին": Այս խոսքերից հետո տպավորությունն այնպիսին է, որ ժողովուրդը սպասում էր մի ամբողջ ընտանիքի սպանդին, որպեսզի տեր կանգնի իր երկրի՞ն, բայց Բաբայանի կարծիքով. "Փոխվել է մեր ժողովուրդը, դարձել է ՀՀ քաղաքացի, սա երջանկություն է` ուզած իշխանության համար, երբ մարդը տեր է զգում իրեն` իր երկրի: Հպարտ եմ իմ ժողովրդով` գյումրեցիներով, այն բոլոր հայերով, որոնք բացարձակապես չընկան ծայրահեղության գիրկը, մենք այդ չափը չանցանք...": Հետաքրքիր է, էլ ծայրահեղության գիրկն ընկնելն ու չափն անցնելն ինչպե՞ս է լինում, երբ մարդիկ դուրս են գալիս փողոց մի գաղափարի համար ու կեսից մոռանում, թե իրականում ինչի համար էին հավաքվել ու քարերով իրար գլուխ կոտրում...Այս օրերին շատերը, նույնիսկ ռուս հայտնի պաշտոնյաներ ու անձնավորություններ իրենց ցավակցական խոսքում նշում էին, որ ոճրագործը ազգություն չունի, բայց Բաբայանը փորձեց իր երեւակայությանը զոռ տալ ու զուգահեռներ անցկացնել դարավոր բարեկամ ռուսի ու ցեղասպանություն իրականացրած թուրքի եւ հայ սպային կացնահարած ադրբեջանցու միջեւ. "Պատկերացնո՞ւմ եք` եթե ոճրագործն ազգությամբ թուրք կամ ադրբեջանցի լիներ, ինչեր կկատարվեին...":
Այս ամենից զատ, վերջում` Բաբայանը լինելով պետական կառույցի ղեկավար, ՀՀ գլխավոր դատախազի հայտարությունը` Գյումրու դեպքերի հետ կապված, մարդկային հիմարություն անվանեց: Այստեղ արդեն կարծում ենք կառավարության, հատկապես` ՀՀ մշակույթի նախարարության համակ ուշադրությունն է հարկավոր, որպեսզի հասկանանք` ի՞նչ է նշանակում եւ ի՞նչ է հետապնդում պետական կառույցի ղեկավարը` փնովելով պետական մեկ այլ կառույցի ղեկավարին:
Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

